Ատամ Գողթնեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ատամ Գողթնեցի
Գողթանի տեր
4-րդ դար
 
Ծննդյան օր 4-րդ դար
Ծննդավայր Գողթն, Վասպուրական, Մեծ Հայք
Դինաստիա Գողթնեցիներ
Քաղաքացիություն  Մեծ Հայք

Ատամ Գողթնեցի (նաև՝ Ատոմ Գողթնեցի[1][2], 4-րդ դար, Գողթն, Վասպուրական, Մեծ Հայք), հայ նախարար Մեծ Հայքում, Գողթն գավառի տանուտեր, Գողթնեցիների նախարարական տոհմից[1][2]։ 341 թվականին մի խումբ նախարարների հետ ուղեկցել է Հուսիկ Ա Պարթևին Կեսարիա՝ կաթողիկոս ձեռնադրվելու համար[3]։

Տիրան Բ-ի գումարած ժողովը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Հայքի արքա Խոսրով Կոտակի մահից հետո նրան հաջորդում է որդին՝ Տիրան Բ-ն (338-350)։ Իսկ Հայ Առաքելական եկեղեցու կաթողիկոսական գահին Վրթանես Ա-ին հաջորդում է որդին՝ երիտասարդ Հուսիկ Ա Պարթևը։ Տիրան թագավորը սովորության համաձայն, Հուսիկ Պարթևի հետ գումարում է ժողով, մեծ նախարարների մասնակցությամբ։ Գումարված ժողովին մասնակցում են՝ մեծ հազարապետ Վաղարշ Անձտեցին, որը Մեծ Հայքի հազարապետության տոհմից էր (այդ ժամանակներում հազարապետները նշանակվում էին Անձտեացիների տոհմից) ու Անձիտի իշխանն էր, Մեծ Ծոփքի Զարեհ Ծոփացի իշխանը, Շահունյաց Ծոփքի Վարազ Շահունի իշխանը, Հաշտենից գավառի իշխան Գնիթ Կամինականը, Վանանդ գավառի իշխան Որոթ Վանանդեցին, Անձևացյաց տոհմի իշխան Շահեն Անձևացին, Գողթնի իշխան Ատամը, Կողբափորի իշխան Մանավազը, Ձորափորի իշխան Գորութը, Խորխոռունյաց տոհմից մախազության տան իշխան Մանասպը, Սահառունյաց տոհմի իշխան Տիրոցը և Գնունյաց իշխան Աբան[4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Սիսական. Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1893, էջ 310բ.
  2. 2,0 2,1 «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Արգամ Այվազյան, Երևան, 1995, էջ 231.
  3. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 252, 254․
  4. «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 461-462
  5. «Պատմություն Հայոց», Փավստոս Բուզանդը Տիրան թագավորի գահակալության մասին, դպր. Գ, գլ. ԺԲ