Ավտոմատացված աշխատատեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավտոմատացված աշխատատեղ, գյուղատնտեսական արտադրության մասնագետի, անհատական (կամ կոլեկտիվ) աշխատատեղ, ծրագրային տեխնոլոգական համալիր, որը նախատեսված է գյուղատնտեսական գործունեության որոշակի տեսակն ավտոմատացնելու համար։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոմատացված աշխատատեղը միավորում է այն ծրագրային-ապարատային միջոցները, որոնք ապահովում են մարդու և համակարգչի համագործակցությունը և հնարավորություն են տալիս ներանցել տեղեկություններ (համակարգչի ստեղնաշարի մկնիկի, տեսածրիչի և այլն-ի միջոցով) և արտանցել դրանք տեսասարքի (մոնիտորի), տպիչի էկրանի վրա։ Ավտոմատացված աշխատատեղ հնարավորություն է տալիս ամբողջապես կամ մասնակիորեն ավտոմատացնել մասնագետի այն գործառույթները, որոնք կապված են առաջնային հաշվառման փաստաթղթերի նախապատրաստման, տնտեսական տեղեկությունների հավաքման ու մշակման, ընդունված լուծումների ձևակերպման, վիճակագրական, հաշվապահական պլանների և այլ տեղեկությունների ձևակերպման ու վերադասմարմիններին փոխանցման հետ։ Ավտոմատացված աշխատատեղեր ստեղծվում են գյուղատնտեսության արտադրության կառավարման բոլոր մակարդակներում։ Այն հնարավորություն է տալիս մասնագետին նվազագույն քանակի միջանկյալ փաստաթղթերով ու առավելագույն հավաստիությամբ կատարել իր հիմնական գործառույթները։ Օրինակ՝ գյուղատնտեսի ավտոմատացված աշխատատեղը ապահովում է ցանքաշրջանառության լավագույն տարբերակի արագ ընտրությունը՝ եղած տարածքների, դրանց չափերի ու եզրաձևերի, հողի, գյուղատնտեսության հատկությունների, տարատեսակ արտադրանքի արտադրության պլանների խնդիրների, պարարտանյութերի, պեստիցիդների առկայության, սպասվող եղանակի պայմանների, բերքատվության նվաճված մակարդակի և այլ ազդակների համադրման միջոցով։ Համակարգչի հիշողության մեջ պահվում են բոլոր տեղեկատվական, նորմատիվների և այլ տվյալներ, որոնք կապված են գյուղատնտեսության արտադրանքի հետ։ Օրինակ՝ ավտոմատացված աշխատատեղ հանձնարարականներ է տալիս հանքային պարարտանյութերի և պեստիցիդների բաշխման, ներմուծման ժամկետների վերաբերյալ, որոշում է աշխատանքների կատարման ժամկետներն ու հաջորդականությունը, վարում է կատարված աշխատանքների հաշվառում և այն։ Հաշվապահի ավտոմատացված աշխատատեղ ըստ մշակված առաջնային փաստաթղթերի տվյալների և հաշվապահների այլ տեղեկությունների, հաշվետվության շրջանում ձևավորում է ձեռնարկության ամփոփիչ հաշվեկշիռը և այլն։ Ավտոմատացված աշխատատեղի հիմնական առավելություններն են՝ մասնագետների աշխատանքի արտադրողականության աճը 1,5–3 անգամ՝ հաշվող վերահսկիչ և ձևակերպման գործողությունների ավտոմատացման հաշվին, նրանց աշխատանքի որակի բարելավումը՝ ընդունված լուծումների բազմատարբերակային մշակման շնորհիվ, տեղեկությունների հավաստիության աճը, անցումն առանց թղթի կառավարման տեխնոլոգիայի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։