Աշոտ Մանուկյան (մանկավարժ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Մանուկյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Մանուկյան
Ծնվել է1916
ԾննդավայրԼծեն, Հայաստան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան և «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ)

Աշոտ Բադալի Մանուկյան (1916, Լծեն, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Մանուկյանը ծնվել է 1916 թվականին Սիսիանի շրջանի Լծեն գյուղում։ 1936 թվականին ավարտել է Գորիսի մանկավարժական ուսումնարանը, ընդունվել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը, միաժամանակ աշխատել որպես Լծենի յոթնամյա դպրոցի տնօրեն[1]։

1939 թվականին զորակոչվել է զինվորական ծառայության։ Սկզբում ծառայել է Արևմտյան Ուկրաինայում, 175-րդ գնդում, որի հրամանատարն էր փառաբանված գեներալ Նվեր Սաֆարյանը։ Այնուհետև սովորել է գնդի դպրոցում, ստացել սերժանտի կոչում՝ տեղափոխվել է 154-րդ գունդը[1]։

Գերմանական ֆաշիստների դեմ կռվել է 1941 թվականի հունիսի 22-ից, Լուցկ քաղաքի շրջանում։ 1941 թվականի հուլիսի 17-ին Ժիտոմիրի պաշտպանության համար մղված մարտերի ժամանակ Աշոտը կատարել է հրամանատարության առաջադրանքը, կենդանի «լեզու»՝ ֆաշիստ սպա է գերեվարել, որի համար արժանացել է Կարմիր աստղի շքանշանի։ 1941 թվականի սեպտեմբերին նրանց զորամասը կռվել է Կիևից ոչ հեռու Բորիսպոլ քաղաքի մերձակայքում։ Ջոկատը նահանջելով ընկել է շրջապատման մեջ։ Խրամատում ծանոթացել է ռուս գրող Արկադի Գայդարի հետ։ Ջոկատ են կազմել և ազատագրել են Բերեզան քաղաքը, այնուհետև սեպտեմբերի 26-ին շարժվել են Պերեյասլավ-Յագոտինի ուղղությամբ, որտեղ հանդիպելով հիտլերականների հարձակմանը, ետ են նահանջել։ Աշոտը վիրավորվել է, Գայդարը կապել է նրա վերքը և որպես հիշատակ նրան նվիրել է ածելի, որը երեսուն տարի որպես սուրբ մասունք պահելուց հետո 1972 թվականին նվիրել է Գայդարի անվան գրադարան-թանգարանին։ Մանուկյանը ապաքինվելուց հետո վերադարձել է ռազմաճակատ, ծառայել 795-րդ Բոգդան Խմելնիցկու անվան գնդում, մասնակցել Կոտովսկ և այլ քաղաքների ու բնակավայրերի ազատագրմանը, իր զորամասի կազմում մարտերով հասել Բուխարեստ, Բուդապեշտ, Պրահա։ Արժանացել է «Խիզախության համար» երեք մեդալների և այլ պարգևների։

Մասնակցել է հաղթանակի տոնահանդեսին Մոսկվայի Կարմիր հրապարակում։ Մանուկյանը անցել է կենսաթոշակի։ Ապրելով Ղափանում նամակագրական սերտ կապեր է պահպանել հանրապետության, երկրի շատ պիոներ-դպրոցականների հետ, նրանց պատմել պատերազմական տարիների իր մարտական ընկերների և Արկադի Գայդարի սխրագործությունների մասին[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]