Անտոն Անտոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոն Անտոնյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 12, 1884(1884-11-12)
ԾննդավայրԵրևան, Ռուսական կայսրություն
Մահացել է1938
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
ԿրթությունՆերսիսյան դպրոց և Սանկտ Պետերբուրգի Բեխտերևի անվան հոգենյարդաբանական գիտահետազոտական ինստիտուտ
Մասնագիտությունկենսաբան

Անտոն Մկրտչի Անտոնյան (նոյեմբերի 12, 1884(1884-11-12), Երևան, Ռուսական կայսրություն - 1938), Հայաստանի Կենտրոնական մանկավարժական թանգարանի (1921) հիմնադիր-տնօրեն, դասախոս, Քաղաքային խորհրդի պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոն Անտոնյանը ծնվել է 1884 թվականի նոյեմբերի 12-ին (նոր տոմարով 24-ին) Երևանում։ Կրթություն է ստացել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում և մի քանի տարի դասավանդել գյուղի դպրոցում։ Հետո ընդունվել է Սանկտ Պետերբուրգի Հոգենյարդաբանական ինստիտուտի Կենսաբանության ֆակուլտետ։ Համալսարանն ավարտելուց հետո Անտոն Անտոնյանը նշանակվում է Ռուսական կայսրության կազմի մեջ մտնող Կարսի փոխհյուպատոս։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին և ստացել սպայի կոչում։ Պատերազմից վերադառնալով Անտոն Անտոնյանը ծրագրում է դպրոցական կրթությունը ամրապնդելու համար ստեղծել մանկավարժական թանգարան, ուր կենտրոնացած կլինեին քաղաքում պահպանված լաբորատոր իրեր, որոնք կապված կլինեին ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության և շատ այլ առարկաների հետ։

1920-ական թթ.-ի վերջում Ռուսաստանում, իսկ որոշ ժամանակ անց նաև խորհրդային միության այլ հանրապետություններում, թանգարանն ընկալվում էր որպես գիտական և գիտալուսավորական հաստատությունների համակարգում ընդգրկված քաղաքային մշակույթի կարևորագույն տարրերից մեկը։ Խորհրդային իշխանությունների կողմից 1921թ. դեկտեմբերի 18-ին «Հայաստանի Կենտրոնական մանկավարժական թանգարանի» հիմնումը, նույն իշխանությունների կողմից փակված Էջմիածնի Մանկավարժական թանգարանի ավանդույթների շարունակությունն էր` նոր գաղափարական հիմքերով։ Նոր մանկավարժական թանգարան հիմնելու գործին ձեռնամուխ եղավ Անտոն Անտոնյանը։

Կառավարությունը ընդունում է Անտոն Անտոնյանի առաջարկը և 1921թ.-ի դետեմբերի 18-ին պաշտոնապես բացվում է թանգարանը։ Այդ նախագծի համաձայն Հայաստանի մանկավարժական թանգարանի առջև հրատապ խնդիր էր դրվում դպրոցի աշխատողներին հնարավորություն տալ հավաքված և ստեղծված ցուցանմուշներով հարստացնել իրենց գիտելիքները հատկապես բնական գիտությունների ասպարեզում։ Ծրագրի երկրորդ կետի համաձայն, մանկավարժական թանգարանը քաղաքների և գյուղերի դպրոցներին պետք է օժանդակեր իր ստեղծած ցուցանմուշներով։ Այն պետք է դառնար կենտրոնական ցուցադրական մի կազմակերպություն, որից պետք է օրինակ վերցնեին և նմանատիպ թանգարաններ հիմնեին նաև հանրապետության այլ քաղաքներում ու բնակավայրերում։ Սովորողներին պետք է հնարավորություն տրվեր մշտապես այցելել թանգարան, լսել էքսկուրսավարի բացատրությունները։ Անտոն Անտոնյանը առաջարկում Էր թանգարանային նյութի հավաքման և ցուցադրման ժամանակ չսահմանափակվել Հայաստանի տարածքով։ Նա կարծում էր, որ սովորողներին ավելի հիմնավոր գիտելիքներ տալու և ճանաչողության սահմաններն ընդլայնելու նպատակով անհրաժեշտ Է ցուցանմուշների փոխանակություններ կատարել ոչ միայն մեր երկրի, այլև արտասահմանյան երկրների նմանատիպ թանգարանների հետ։ Հայաստանի մանկավարժական թանգարանի համար նախատեսվում էր ունենալ կենդանաբանական, բուսաբանական, մարդաբանական, երկրաբանական, աշխարհագրական, արդյունաբերական, գյուղատնտեսական, մաթեմատիկական, ֆիզիկայի և քիմիայի բաժիններ։ Ճիշտ է, մանկավարժական թանգարանը բացվեց, սակայն բացակայում էր հիմնականը, չկային ցուցադրման համար պիտանի առարկաներ։ Նախկին դպրոցներում և ուսումնական այլ հաստատություններում եղած աղքատիկ ցուցանմուշները ցաք ու ցրիվ էին եղել։ Անհրաժեշտ էր դրանք ի մի բերել, դրանց հիման վրա ցուցադրություն կազմակերպել։ Բանն այն է, որ Առաջին համաշխարհային պատերազմի և դրան հաջորդող տարիներին Հայաստանի դպրոցական ողջ համակարգը փլուզվել էր, ուսումնական կյանքը երկրում գրեթե դադարել էր։ Եղած առանձին դպրոցական շենքերը վերածվել էին զորանոցների և հոսպիտալների։ Դպրոցներում եղած լաբորատոր իրերը անխնամ թափվել, կուտակվել էին նկուղներում[1]։

Իր աշխատանքային գործունեության առաջին ամիսներին թանգարանը համալսարանի գիտնականների օգնությամբ հավաքեց և գիտական նկարագրության ենթարկեց հանքաբանական ու բուսաբանական ժողովածուներ, նախապատրաստեց դրանց ցուցադրությունը։ Թանգարանում բացված կաբինետը, լաբորատորիաները յուրօրինակ կենտրոններ էին ուսուցիչների համար, ուր նրանք պատրաստում էին դասը։ Կարճ ժամանակամիջոցում մանկավարժական թանգարանը դարձավ Երևանի և հարևան շրջանների մանկավարժների հավաքի, մանկավարժական հարցերի քննարկման վայր։

Անտոն Անտոնյանի ձեռագրերից

Իր մեկամյա գործունեության ընթացքում՝ 1921-1922 ուսումնական տարում թանգարան այցելեց 8.612 մարդ։

1938 թվականին գագաթնակետին էին հասել Ստալինյան բռնաճնշումները։ Սա մի շրջան էր, երբ Հայկական ԽՍՀ-ում տեղի ունեցած քաղաքական զանգվածային բռնաճնշումները ընդգրկել էին Հայաստանի ողջ բնակչությունը, այդ թվում հանրապետության ղեկավարներին, հոգևորությանը, մտավորականությանը և ունևոր գյուղացիներին։ Բռնաճնշումները ընդգրկում էին հակահեղափոխական գործունեության, լրտեսության, հակախորհրդային քարոզչության կասկածանքով։ Այս ժամանակ թագարանը սկսվում է դիտվել որպես ”քաղաքական լուսավորության հաղորդակից”, ”քաղաքական և լուսավորական աշխատանքի հզոր զենք” և նախկինում մշակված կրթական ծրագրերն արդեն ծառայում էին նոր նպատակներին։ Թանգարանի կրթական գործունեությունն արդեն ենթարկվում է այսպես կոչված քաղաքականացված հահացույցին։ Այցելուների հետ կատարվող աշխատանքն էլ սկսվեց կոչվել քաղլուսավորական մասսսայական աշխատանք։ Խորհրդային միությունում լուսավորական ծրագրեր իրականացնող սոցիալ-մշակութային հիմնարկությունից թանգարանը վերածվում է քաղաքացիներին պրոլետարական պետության քաղաքականության հոգով դաստիարակելու պետական քաղաքական կենտրոնի։ Համապատասխանաբար խիստ աճում է պատմահեղափոխական թեմատիկային նվիրված մասը, կրթական գործունեությունը ամբողջովին նվիրվում է գաղափարական և հակակրոնոկան պրոպագանդային։

Հիմնական աշխատանքների մեջ էր մտնելու տարբեր դասընթացների կազմակերպումը ուսուցիչների վերապատրաստման համար։ Միաժամանակ կազմակերպվելու էին տարբեր թեմատիկ դասախոսություններ, ցուցադրական դասեր և այլ միջոցառումներ։ Պետք է գործեր մասնագիտական գրադարանը՝ ընթերցասրահով ինչպես նաև կազմակերպվեր մասնագիտական գրականության, մասնավորապես մեթոդական գրականության թարգմանությունը[2]։

Ստալինյան բռնաճնշումների զոհը դարձավ նաև Անտոն Անտոնյանը 1938 թվականի հոկտեմբերին։ Միայն տարիներ անց՝ 1996 թվականին, Անտոն Անտոնյանի թոռը իր ձեռքում պահեց պապի արդարացման վկայագիրը, ըստ որի նրան գնդակահարել են՝ անհիմն և անօրինակ մեղադրանք առաջադրելով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրիգորյան, Ալվարդ (2021թ.). «Մանկավարժական թանգարանների դերը կրթության և դաստիրակության գործում 20-րդ դարի սկզբին». Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի // պրակ 8 // ՀՀ անկախության 30 ամյակին նվիրված հանրապետական գիտաժողովի նյութեր.
  2. Սիմոնյան, Ա. Շ. (1990.11.21). «Խորհրդային Հայաստանի առաջին մանկավարժական թանգարանը, էջ 40». «Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը.