Ֆլորեշտի (Florești), քաղաք, նույնանուն շրջանի վարչական կենտրոն Մոլդովայում, Դնեստր գետի աջ վտակ Ռեուտի ափին, երկրի մայրաքաղաք Քիշնևից մոտավորապես 130 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ Բելցի-Սլոբոդկա (Օդեսայի մարզ) երկաթգծի վրա ունի երկաթուղային կայարան։ 2014 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 11 998[3] (ըստ այլ աղբյուրների՝ մոտավորապես 15 500[4]):
Ենթադրվում է, որ քաղաքի անվանումը ծագում է մոլդավական Ֆլոարեա ազգանունից, որը նշանակում է ծաղիկ։ Պատմական փաստաթղթերում բնակավայրն այդ անվանումով առաջին անգամ հիշատակվել է 16-րդ դարի վերջերին՝ 1588 թվականին։ 1946 թ. Ֆլորեշտին ստացել է քաղաքի կարգավիճակ։ Խորհրդային տարիներին այստեղ զարկ է տրվել արդյունաբերության զարգացմանը (գործել են ապակեղենի, ծխախոտի, գինեգործական, կարագի արտադրության և այլ ձեռնարկություններ)[5][6]։
Ֆլորեշտիի մերձակայքում 1955—1958 և 1960—1961 թվականներին իրականացվել են հնագիտական պեղումներ, որոնց արդյունքում հայտնաբերվել են ուշ նորքարեդարյա ժամանակների՝ մեր թվականությունից առաջ 4-րդ հազարամյակի սկզբների բնակավայրի մնացորդներ։