Ֆաշոդայի ճգնաժամ
Ֆաշոդայի ճգնաժամ 1898 թվականին տեղի ունեցած միջադեպ Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի միշև, Արևելյան Աֆրիկայում գերիշխանություն հաստատելու համար մղված համար պայքարում։
Առիթ է ծառայել ֆրանսիացի կապիտան Մարշանի ջոկատի կողմից Նեղոսի վերին հոսանքում գտնվող Ֆաշոդա (այժմ՝ Կոդոկ) ավանի զավթումը։ Մեծ Բրիտանիան պահանջեց ֆրանսիականա ջոկատը հանել Ֆաշոդայից։ Մերժում ստանալով՝ Անգլիան ձեռնամուխ եղավ Ֆրանսիայի դեմ ռազմական պատրաստությունների։ Պատրաստ չլինելով ծովային պատերազմի և երկյուղելով Եվրոպայում Ֆրանսիայի դիրքերի թուլացումից[փա՞ստ]՝ ֆրանսիական կառավարությունը հարկադրված էր զիջել։
1898 թվականի նոյեմբերի 3-ին ֆրանսիական կառավարությունը որոշեց Ֆաշոդայից դուրս բերել Մարշանի ջոկատը։ 1899 թվականի մարտի 21-ի անգլո-ֆրանսիական համաձայնությամբ Ֆրանսիան ճանաչեց Անգլիայի իրավունքները Նեղոսի հովտում, իսկ Անգլիան՝ Ֆրանսիայի իրավունքները Սուդանի արևմտյան մարզերում։ Համաձայնությունն ավարտեց Կենտրոնական Աֆրիկայի բաժանումը գաղութային տերությունների միջև։
Ֆաշոդայի ճգնաժամը Աֆրիկայի բաժանման համար անգլո-ֆրանսիական գաղութային պայքարի բարձրակետն էր։ Գերմանիայի աճող սպառնալիքի պայմաններում երկրորդ պլան մղվեցին անգլո-ֆրանսիական հակասությունները և հող նախապատրաստվեց Անտանտի ստեղծման համար։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաշոդայի ճգնաժամ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 617)։ |