Jump to content

Փողոցային թերթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Street Sheet փողոցային թերթի վաճառող Սան Ֆրանցիսկոյում

Փողոցային թերթ (անգլ.՝ street newspapers կամ անգլ.՝ street papers, երբեմն՝ «փողոցային թերթիկ»), թերթ, ամսագիր կամ այլ պարբերաթերթ, որը վաճառում են անտուն կամ աղքատ մարդիկ և որը տպագրվում է հիմնականում վերջիններիս օգնելու նպատակով, ինչպես նաև հասարակության վերաբերմունքն անտունների, աղքատների և այլ կարիքավորների հանդեպ փոխելու համար[1]։

Սովորաբար փողոցային թերթերի հոդվածների մի մասը գրվում է անտուն կամ աղքատ մարդկանց կողմից[1]։

Բոլոր փողոցային թերթերի աշխատանքային ոճը նույնն է․ ցրիչը, որն անտուն կամ աղքատ մարդ է, գնում է թերթերը կես գնով, այնուհետև դրանք վաճառում է ըստ հայտարարված գնի՝ առանց այն փոխելու իրավունքի և հետևելով հրատարկչատան կանոններին[2]։

Փողոցային առաջին թերթերը հայտնվեցին 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին։ Օրինակ՝ 1915-ից 1920-1930 թվականներին Ցինցինատիում (Օհայո, ԱՄՆ) անտուն տարագիրների համար տպագրվում էր Hobo News թերթը։

Այդուհանդերձ, ժամանակակից ձևաչափով և տիպիկ բիզնես մոդելով փողոցային թերթերը լայնորեն տարածում գտան միայն 1990-ական թվականների վերջերից՝ Նյու Յորքում 1989 թվականին Street News-ի ստեղծման պահից[1][2][3]։

1991 թվականին Լոնդոնում լույս տեսավ ամենահաջողակ փողոցային թերթը՝ «The Big Issue»-ն, որը ստեղծեցին Ջոն Բիրդը և Անիտա Ռոդիկը։

1994 թվականին Գլազգոյում ձևավորվեց Փողոցային թերթերի միջազգային ցանց, որը միավորում էր 120 փողոցային թերթ 40 երկրից[4]։ 2008 թվականին Միջազգային ցանցը սահմանեց իր սեփական մրցանակը[5]։

2000-ական թվականների կեսերից փողոցային թերթերը, ինչպես և բոլոր տպագիր հրատարակությունները, բախվեցին ընթերցողների՝ առցանց կարդալու հետ։ Օրինակ՝ 2007 թվականից Big Issue-ի տպաքանակը 167000-ից ընկավ 125000-ի 2012 թվականին[6]։ Սակայն 2013 թվականին DW-ն նշեց, որ ի տարբերություն ավանդական տպագիր թերթերի՝ գերմանական փողոցային թերթերը գնալով ավելի են տարածվում և որպես օրինակ նշվեց գերմանական փողոցային ամենային թերթը՝ «Biss»-ը, որի տպաքանակն աճեց մինչև 6 մլն օրինակի[7]։

Փողոցային թերթերի մեծ մասն առևտրային գործունեության վրա չի հիմնվում, այլ գոյատևում է դրամաշնորհների շնորհիվ, սակայն նրանցից որոշները գործում են սոցիալական ձեռնարկատիրության սկզբունքներով՝ լիովին կամ մասամբ հանդիսանալով ինքնաբավ և ֆինանսապես կայուն ընկերություններ[1][3]։ Մասնավորապես կարելի է որպես օրինակ նշել 1991 թվականին Մեծ Բրիտանիայում ստեղծված «The Big Issue» թերթը[1], ինչպես նաև 1994 թվականից լույս տեսնող ռուսական «Путь домой» փողոցային թերթը։

Բացի կարիքավորներին ֆինանսապես ապահովելը, փողոցային թերթերը կատարում են մի շարք գործառույթներ[1][3]։ Օրինակ՝ ներսից աշխատում են անտունների/աղքատների ընկերությունների, ինչպես նաև հասարակության հետ՝ տեղ հասցնելով սոցիալական խնդիրները և առաջարկելով դրանց լուծումները[3]։ Բացի այդ փողոցային թերթերի մեջ տարածված են անտունների արտ թերապիայի նախագծեր, նրանց աշխատանքների ցուցահանդեսների և այլ մշակութային իրադարձությունների կազմակերպում[3]։

Փողոցային թերթերի բիզնես մոդելը երբեմն քննադատության է ենթարկվում, մասնավորապես այն բանի համար, որ նա անտուն մարդու կերպարը վեր է ածում ապրանքի, որը վաճառվում է որպես հուշանվեր[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Danna Harman (2003 թ․ նոյեմբերի 17). «Read all about it: street papers flourish across the US» (անգլերեն). The Christian Science Monitor. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.
  2. 2,0 2,1 Boukhari, Sophie (1999). «The Press Takes to the Street» (անգլերեն). UNESCO Courier. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Александра ОСИНА (2009 թ․ ապրիլի 29). «Работа с бездомными, западный опыт» (ռուսերեն). Милосердие.ru. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.(չաշխատող հղում)
  4. Silja J.A. Talvi (2008 թ․ հունիսի 28). «Reporting From The Ground Up» (անգլերեն). In these times. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.
  5. Sanjay Suri (2008 թ․ հունիսի 27). «MEDIA: Against Giant Odds, A Touch of Triumph» (անգլերեն). Inter press service. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.
  6. «The Big Issue magazine: Help the homeless!» (անգլերեն). The Economist. 2012 թ․ հունվարի 7. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.
  7. Наталия Королева (2013 թ․ հուլիսի 29). «Уличные газеты в Германии укрепляют позиции» (ռուսերեն). DV. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]