Տնտեսության եռաճյուղ մոդել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տնտեսության եռաճյուղ մոդել (ճյուղերի տեսություն, Ֆիշեր-Կլարկի կառուցվածքային փոփոխությունների տեսություն, Կլարկ-Ֆիշերի մոդել), տեսություն, որի համաձայն տնտեսությունը բաղկացած է գործունեության երեք ոլորտներից՝ հումքի ձեռքբերում (առաջնային), արտադրական (երկրորդային) և ծառայությունների ոլորտ (երրորդային)։ Մոդելը մշակվել է Ալան Ֆիշերի, Քոլին Քլարկի և Ժան Ֆուրաստիեի աշխատանքներում 1935-1949 թվականներին[1]։

Տնտեսության կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսությունը ձևավորվել է Ալան Ֆիշերի[2][3], Քոլին Քլարկի[4] և Ժան Ֆուրաստիեի[5] աշխատություններում։ Ֆիշերն իր 1935 թվականի աշխատությունում առանձնացրել է տնտեսության երեք ճյուղ[1]՝

  1. տնտեսության առաջնային ճյուղ՝ հումքի ձեռքբերում, գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն, ձկնարդյունաբերություն և անտառային արդյունաբերություն
  2. տնտեսության երկրորդային ճյուղ՝ արդյունաբերական արտադրություն և շինարարություն
  3. տնտեսության երրորդային ճյուղ՝ ծառայությունների ոլորտ, կրթություն և զբոսաշրջություն։

Քլարկը 1940 թվականի իր «Տնտեսական զարգացման պայմանները» աշխատությունում արտադրության և զբաղվածության ճյուղային կառուցվածքի փոփոխությունները կապում էր սպառողական պահանջարկի կառուցվածքի փոփոխության վիճակագրության հետ։ Որքանով աճում է շնչային եկամուտը գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ, պահանջարկը նվազում է, իսկ արդյունաբերական արտադրանքի նկատմամբ՝ սկզբում աճում է, այնուհետև շուկայի հագեցվածության մակարդակին հասնելով կրճատվում է, իսկ ծառայությունների նկատմամբ անընդհատ աճում է։ Պատմականորեն, սպառողական պահանջարկի կառուցվածքում փոփոխությունների համապատասխան, գերազանցապես զարգանում է սկզբից տնտեսության առաջնային ոլորտը, հետո երկրորդայինը և վերջում՝ երրորդայինը[4]։

Հասարակության զարգացման փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլարկը գտնում էր, որ յուրաքանչյուր երկիր անցնում է զարգացման երեք փուլ՝ ագրարային (արտադրողականությունը դանդաղ է աճում երկրում), արդյունաբերական (արտադրողականության աճը հասնում է առավելագույնին) և գերազանցապես ծառայությունների ոլորտի աճի փուլ (արտադրողականության աճի տեմպը նորից դանդաղում է)։ Զբաղվածության ճյուղային կառուցվածքում գյուղատնտեսության բաժինը անընդհատ նվազում է, արդյունաբերության բաժինը սկզբում աճում է, սակայն երկարաժամկետ կտրվածքով նվազում է, իսկ ծառայությունների ոլորտի բաժինը անընդհատ մեծանում է[6]։

Ժ․ Ֆուրաստիեն իր «20-րդ դարի մեծ հույսը» աշխատանքում գրում է կյանքի որակի բաձրացման, սոցիալական անվտանգության, կրթության և մշակույթի ծաղկման, որակավորման բարձր մակարդակի, աշխատանքի հումանիզացման և գործազրկության վերացման վերաբերյալ։ Այն երկրները, որոնց մեկ շնչի հաշվով եկամուտը ցածր է, գտնվում են զարգացման սկզբնական փուլում, իսկ ազգային եկամտի հիմնական մասը ձևավորվում է առաջնային ճյուղում արտադրության հաշվին։ Երկրները, որոնք գտնվում են զարգացման ավելի առաջադեմ փուլում և որոնք ունեն ազգային եկամտի միջին մակարդակ, իրենց եկամուտները հիմնականում ձևավորում են երկրորդային ճյուղում։ Բարձր զարգացած երկրներում, որտեղ եկամտի մակարդակը բարձր է, գերակայում է երրորդային ճյուղը։ Ֆուրաստիեի համաձայն, աշխատուժի բաշխումը երեք ճյուղերի մեջ անցնում է տարբեր փուլերով հետևյալ կերպ[5]

  • առաջին փուլ՝ ավանդական քաղաքակրթություն (մինչարդյունաբերական հասարակություն), որտեղ զբաղվածությունը բաշխվում է 70 տոկոսի չափով առաջնային ճյուղում, 20 տոկոսի չափով՝ երկրորդային ճյուղում և 10 տոկոսի չափով երրորդային ճյուղում։ Այս փուլն իրենից ներկայացնում է հասարակությունը՝ առանց զարգացած գիտության և տեխնիկայի աննշան օգտագործմամբ։ Այս փուլն առավել բնորոշ է վաղ միջնադարի եվրոպական երկրներին կամ այս օրերին ժամանակակից զարգացող երկրներին։
  • երկրորդ փուլ՝ արդյունաբերական հասարակություն, որտեղ զբաղվածությունն առաջնային ճյուղում կազմում է 40%, երկրորդայինում՝ 40% և երրորդայինում՝20%։ Որքան որ տարածվում են սարքավորումներն առաջնային ճյուղում, այնքան ավելի շատ է նվազում անհրաժեշտ աշխատակիցների քանակը։ Արդյունքում երկրորդային ճյուղում արդյունաբերական տեխնիկայի նկատմամբ պահանջարկն ավելանում է։ Երկրորդ փուլը սկսվում է արդյունաբերացումից՝ (արտադրության վերամշակման մեխանիկացումից) կոնվեյերի օգտագործմամբ։ Երորդային ճյուղը սկսում է զարգանալ ֆինանսական և պետական ոլորտներում։ Զարգացման մակարդակը համապատասխանում է զարգացած երկրներին։
  • երրորդ փուլ՝ հետարդյունաբերական հասարակություն, որտեղ զբաղվածությունն առաջնային ճյուղում կազմում է 10%, երկրորդայինում՝ 20%, երրորդայինում՝ 70%։ Առաջնային և երկրորդային ճյուղերում գերակայում է ավտոմատացումը, և այդպիսով աշխատուժին նկատմամբ պահանջարկն այդ ճյուղերում ընկնում է։ Աշխատուժը տեղափոխվում է արագ աճող երրորդային ճյուղ։ Իրավիճակն արդեն համապատասխանում է ժամանակակից բարձր զարգացած երկրներին։

Հաջորդ փուլում երրորդային ճյուղը հասնում է հսկայական չափերի և առանձնացվում են[7]՝

  • տնտեսության չորրորդային ճյուղը՝ զբաղվածության աճով ֆինանսական, իրավաբանական, տեղեկատվական և որոշ առանձնահատուկ ընկերություններում, որոնք կապված են ձեռնարկատիրության համար ծառայություններով,
  • տնտեսության հինգերորդային ճյուղը՝ բնակչության համար ծառայությունների ոլորտ, որը պահանջում է անձնակազմի որակավորման բարձր մակարդակ (կրթություն, բժշկություն, ադմինիստրատիվ ծառայություններ և այլն)։


Հայաստանի Տնտեսության մեկնաբանությունն ըստ տնտեսության եռաճյուղ մոդելի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի տնտեսության կառուցվածքը ըստ Քոլին Քլարկի առաջարկած մոդելի 2012թ․ դրությամբ ուներ հետևյալ տեսքը՝ գյուղատնտեսություն 25% , արդյունաբերություն 30% և ծառայություններ 45%, և հետևաբար կարելի է այն դասել որպես իր զարգացման երկրորդ փուլում գտնվող տնտեսություն։ Նկատենք, որ համեմատած զարգացած երկրների մեծ է գյուղատնտեսության և արդյունաբերության կշիռը տնտեսության կառուցվածքում։ Այժմ ծառայություններում նկատելի է արագ աճի միտումը, ինչը մեծապես պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սրընթաց աճով։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Занадворов B.C., Занадворова А.В. Экономика города. — М.: Академкнига, 2003. — С. 53-56. — 272 с. — ISBN 5-94628-099-6
  2. Fisher A.G.B. Production, primary, secondary and tertiary. — Economic Record 15.1. — 1939. — С. 24—38.
  3. Fisher A. The Clash of Progress and Security. — London : Macmillan, 1935.
  4. 4,0 4,1 Clark C. The Conditions of Economic Progress. — London : Macmillan, 1940.
  5. 5,0 5,1 Fourastié J. Le Grand Espoir du XXe siècle : Progrès technique, progrès économique, progrès social. — Paris : Presses Universitaires de France, 1949.
  6. Трёх секторов теория // Экономическая энциклопедия. Политическая экономия. — М. : Советская энциклопедия, 1980. — Т. 4. — С. 176—178.
  7. EcoUniver.com Экономический портал. Типология Фишера—Кларка экономической деятельности города.