Վոլգոգրադի ջրամբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վոլգոգրադի ջրամբար (ռուս.՝ Волгоградское водохранилище), ջրամբար Ռուսաստանում, տեղակայված է Վոլգոգրադի ու Սարատովի մարզերի տարածքում։ Ստեղծվել է Վոլգայի Խորհրդային Միության Կոմկուսի 22-րդ համագումարի անվան հէկի (ներկայում՝ Վոլգայի հէկ) կողմից, որ 60[1] մետր բարձրություն ունեցող ամբարտակ է կառուցել Վոլգա գետի վրա։ Ջրամբարը լցվել է 1958-1961 թվականների ընթացքում։

Ջրամբարի մակերեսը կազմում է 3117[1] կմ², ծավալը՝ 31,5 կմ³: Երկարությունը կազմում է 540 կմ, ամենամեծ լայնությունը 17 կմ է, միջին լայնությունը՝ 5,8 կմ, իսկ միջին խորությունը՝ 10,1 մ։ Ջրամբարի առավելագույն խորությունը 41 մետր է[1], ափի գծի երկարությունը կազմում է 1 678 կմ[1]։ Վոլգոգրադի ջրամբարը Վոլգայի վրա ստեղծված ամենամեծ ջրամբարներից մեկն է. իր զբաղեցրած տարածքով այն զիջում է միայն Կույբիշևի ու Ռիբինսկի ջրամբարներին։

Վոլգոգրադի ջրամբարն իրականացնում է հոսքի սեզոնային կարգավորում (տատանումների մակարդակը կազմում է մինչև 3 մ)։ Օգտագործվում է էներգիայի ստացման, ջրային տրանսպոտի, ոռոգման ու ջրամատակարարման նպատակներով։ Ջրամբարում զարգացած է նաև ձկնորսությունը (բրամ, շիղաձուկ, ծածան)։ Վոլգոգրադի ջրամբարի ափին են տեղակայված Սարատով, Էնգելս, Կամիշին, Դուբովկա, Վոլսկ, Մարքս քաղաքները։

Վոլգոգրադի ջրամբարը զբոսաշրջության կարևոր կենտրոն է ու հանգստի վայր։ Վոլգայի հէկի ամբարտակի վրա գործում է Ռուսաստանի ամենամեծ ձկնամբարձիչներից մեկը։ Ջրամբարի հիմնական նավահանգիստներն են Սարատովը, Կամիշինը, Նիկոլաևսկը, Բիկովոն, Պրիմորսկը, Դուբովկան։

1980-ական թվականներին սկսվել է Վոլգա-Դոն 2 ջրանցքի շինարարությունը, որը Վոլգոգրադի ջրամբարն ուղղակիորեն պիտի միացներ Դոն գետին (ի տարբերություն արդեն գոյություն ունեցող Վոլգա-Դոն ջրանցքի, որ սկիզբ է առնում Վոլգոգրադից ավելի հարավ՝ Վոլգայի հէկից ներքև)։ Նախագծի իրականացումը դադարեցվել է 1990 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Волжская ГЭС имени XXII съезда КПСС, т. 1, М. — Л., 1965.

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլգոգրադի ջրամբար» հոդվածին։