Վերին Կարմիրաղբյուրի պատմության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերին Կարմիրաղբյուրի պատմության թանգարան
Տեսակհնագիտական
ԵրկիրՀայաստան
ՏեղագրությունՎերին Կարմիրաղբյուր
ՎայրՏավուշի մարզ
ՀասցեՏավուշի մարզ, գյուղ Վերին Կարմիրաղբյուր
Հիմնադրվել է1964
ՀիմնադիրՍերյոժա Մխիթարյան
ՏնօրենԱվագ Մխիթարյան
Քարտեզ
Քարտեզ

Վերին Կարմիրաղբյուրի պատմության թանգարան, պատմամշակութային ուղղվածության թանգարան Հայաստանի Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում։ Հիմնադրվել է 1964 թվականին պատմության ուսուցիչ, վաստակաշատ մանկավարժ Սերյոժա Ավագի Մխիթարյանի կողմից՝ գյուղում և հարակից տարածքներում հայտնաբերված պատմամշակութային արժեք ունեցող իրերի պահպանության և գյուղի պատմությունը հաջորդ սերունդներին ներկայացնելու նպատակով։

Թանգարանի հիմնադիր Սերյոժա Ավագի Մխիթարյանը

ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրության կոլեգիայի 1980 թվականի հունվարի 31-ի որոշմամբ 10 այլ թանգարանների շարքում Շամշադինի շրջանի Վերին Կարմիրաղբուր գյուղի թանգարանին շնորհվել է «ազգային թանգարանի» կոչում։ Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, թանգարանի և նրա հարուստ հավաքածուի մասին պարբերաբար գրել է շրջանային[1] և հանրապետական մամուլը[2][3], պատրաստվել են հեռուստա և ռադիոթողարկումներ։ Թանգարանի 3875 նմուշները հավաքվել են հնագիտական խմբակի[4] (հետագայում՝ «Տավուշ» տուրիստական, ապա՝ հայրենագիտական խմբակ) անդամների և համագյուղացիների նվիրատվությունների շնորհիվ․ հավաքածուն շարունակում է համալրվել առ այսօր։ Հետխորհրդային ժամանակաշրջանում՝ Հայաստանի անկախությունից ի վեր, թանգարանը գտնվում է հիմնադրի որդու՝ Ավագ Մխիթարյանի հոգածության տակ։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերին Կարմիրաղբյուրի թանգարանին «ազգային թանգարան» կոչումը շնորհող փաստաթուղթը

Գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Սերյոժա Մխիթարյանը գյուղի վարսավիրանոցում տեսնում է գեղեցիկ նախշերով երկու կավե կճուճ և վարսավիր Նարիման Վանեսյանին խնդրում դրանք իրեն տալ (վերջինս դրանք գտել էր գյուղի ճանապարհների վերանորոգման ժամանակ)։ Հարցին, թե ինչ պետք է անի մանկավարժն այդ կճուճները, Մխիթարյանը պատասխանում է, որ նպատակ ունի թանգարան ստեղծելու[5]։ Նրա անմիջական նախաձեռնությամբ սկսվում է հին իրերի հավաքագրումը։ Ուսուցիչը հիմնում է հնագիտական խմբակը (հետագայում՝ «Տավուշ» տուրիստական խմբակ), որի կազմակերպած արշավների ընթացքում խմբակի անդամների կողմից կատարված պեղումների արդյունքում գետնի տակ հայտնաբերվում է գինու պահեստ՝ իրար մոտ դասավորված 38 կարասներով, որոնցից մեկը՝ 300-350 լ․ տարողությամբ։ Աշակերտները նույն վայրում հայտնաբերում են 2 քարե մատանի և այլ մանր իրեր[6]։ Թանգարանն սկզբում գործել է գյուղի դպրոցում և հարստացել հնագիտական խմբակի անդամների ջանքերով[7], որից հետո՝ նրանց խանդավառությունից աննկատելիորեն վարակված համագյուղացիների նվիրատվություններով։ Տարեց կանայք թանգարանին են հանձնել արծաթե գոտիներ, պղնձե կժեր, փայտե շերեփներ ու գդալներ, գաթանախշիներ, ասեղնագործ սփռոցներ, գործած գուլպաներ, նախշազարդ քողեր, ծոպերով ծածկոցներ։ Տղամարդիկ նույնպես անմասն չեն մնացել․ երաժշտական գործիքներ, երկաթյա զենքեր, աշխատանքային գործիքներ (գութան, արոր, սղոց, ձի պայտելու հարմարանքներ)․ այս ամենն իրենց տեղն են զբաղեցրել թանգարանի հավաքածուի մեջ, որի ցուցանմուշների թիվը կարճ ժամանակ անց գերազանցում էր երկու հազարը[8]։ Խորհրդային տարիներին թանգարանն ունեցել է ազգագրական, քարեդարյա, բրոնզեդարյա գործիքների, զենքերի, գյուղատնտեսական և կենցաղային իրերի, խեցեգործության ու դրամների բաժիններ[9]։ Առանձին բաժնով ներկայացված են եղել Մեծ Հայրենականից չվերադարձած համագյուղացիներին վերաբերող նյութերը, նրանց անձնական իրերն ու ռազմաճակատից հարազատներին գրած եռանկյունաձև նամակները։ Այսօր թանգարանի ցուցանմուշների թիվը հասնում է մոտ չորս հազարի, այդ թվում՝ գյուղի հին եկեղեցու հիմնադրման տարեթվով եկեղեցուց մնացած քարը, կտակարաններն ու կնիքները, նաև բուրվառը։

Ցուցանմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի ցուցանմուշների ընդհանուր թիվը կազմում է 3875 նմուշ։ Այս հարուստ հավաքածուն իր մեջ ներառում է հայ ժողովրդի ավանդական կենցաղը ներկայացնող առարկաներ (կավե ու պղնձե ամանեղեն, գինու կարասներ, ալյուրի քթոց, կթիչ, ճրագ, ճախարակ և այլն), հայ գյուղացու աշխատանքային գործիքներ, գեղջկական հագուկապի առանձին տարրեր (տրեխներ, ասեղնագործ օձիքով վերնաշապիկ և այլն), քարե ու բրոնզե դարերի նմուշներ (քարե կացին, մորթի մշակելու քարե հարմարանք), զենքերի տեսակներ (անգամ կանացի ատրճանակ), մեղաղադրամների ու թղթադրամների տեսակներ, հնագիտական չափազանց մեծ արժեք ներկայացնող այլ իրեր։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Այգաբաց» շրջանային թերթ, 1974 թվական, դեկտեմբերի 21, N 147
  2. «Սովետական Հայաստան» օրաթերթ, 1978 թվական, օգոստոսի 3
  3. «Սովետական դպրոց», 1977 թվական, հուլիսի 14, N 28
  4. «Պիոներ կանչ», 1972 թվական, հուլիսի 12, N 56
  5. «Ավանգարդ», 1982 թ․, օգոստոսի 13, N 99
  6. «Ավանգարդ», 1967 թ․, սեպտեմբերի 12, N 169
  7. «Կոմունիստ», 1973 թ․, փետրվարի 22, N 45
  8. «Սովետական Հայաստան», 1981 թ․, N 12
  9. «Սովետական դպրոց», 1972 թ․, հոկտ․ 26, N 43