Տերյանի տուն-թանգարան, ստեղծվել է 1957 թվականներին, հայրական տանը (գյուղ Գանձա, Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզում), որտեղ Վահան Տերյանն անցկացրել է մանկությունը և ամառային արձակուրդները՝ Թիֆլիսում, Մոսկվայում և Պետերբուրգում ուսանելիս (1897-1917)։ Այստեղ հյուրընկալվել են Հովհաննես Թումանյանը (1901), Ավետիք Իսահակյանը (1905)։ Ներքին կահավորանքով հանդերձ վերականգնված տանը կից 1973 թվականին կառուցվել է ցուցասրահ, որտեղ ներկայացված փաստաթղթերը, ձեռագրերն ու լուսանկարները պատկերում են Վահան Տերյանի կյանքն ու ստեղծագործական ուղին։ Այստեղ կարելի է տեսնել նաև բանաստեղծի երկերի հայերեն, ռուսերեն, և այլ լեզուներով հրատարակություններ, տերյանագիտական ուսումնասիրություններ, նրա տեքստերով գրված երաժշտության նոտաներ են։ Վահան Տերյանի տուն թանգարանի բակում կանգնեցված է Տերյանի կիսանդրին։ Թանգարանի համալիրի մեջ է մտնում Սուրբ Կարապետ եկեղեցին, որ 1852 թվականին կառուցել է Տերյանի պապը՝ տեր Գրիգորը։ Ամեն տարի Գանձայում անցկացվում են պոեզիայի տերյանական օրեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 682)։