Jump to content

Սրբուհի Մնացականովայի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրբուհի Մնացականովայի տուն
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով և Պուշկինի փողոց (Դոնի Ռոստով)
Ճարտարապետական ոճճարտարապետական մոդեռն
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Ս. Ն. Մնացականովայի եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом С. Н. Мнацакановой), XX դարի սկզբի շենք Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, որը գտնվում է Պուշկինի փողոցում (տուն 65)։ Առանձնատունը կառուցվել է 1911-1915 թվականների միջև։ Անշարժ գույքի գնահատման վերաբերյալ տեղեկագրերի համաձայն` 1911-1915 թվականներին շենքը պատկանել է Սրբուհի Նիկողոսի Մնացականովային։ Ըստ «Ամբողջ Ռոստովը և Նոր Նախիջևանը 1914 թվականին» տեղեկագրքի` շենքում տեղակայված էր Նեսարի տեխնիկական գրասենյակը։ Ներկայում տունը բաղկացած է առաջին հարկում գտնվող առևտրային տարածքներից և երկրորդ ու երրորդ հարկերում գտնվող բնակելի տարածքներից, որոնց զգալի մասը պատկանում է ռոստովցի գործարար Ալեքսանդր Կուրինովին։ Շենքն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ («Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և շահագործման տարածքային տեսչություն» պետական մարմնի «Մշակութային ժառանգության բացահայտված օբյեկտների ցանկը հաստատելու մասին» 2004 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 191 կարգադրություն)[1]։

Պուշկինի փողոցի տունը Բուդյոննու պողոտայի և Սոբորնի նրբանցքի միջև կառուցվել է 1911-1915 թվականների միջև ճարտարապետներ Ե. Գուլինի և Ս. Պոպիլինի նախագծով մոդեռն ոճով[2]։ Ս. Պոպիլինը քաղաքացիական ճարտարագետ էր, Շրջանային դատարանի շենքի շինարարության հանձնաժողովի անդամ, 1903-1913 թվականներին` Քաղաքային դումայի իրավասու, քաղաքի հեռախոսային և տեխնիկական հանձնաժողովների անդամ[3]։ Ս. Ն. Մնացականովայի եկամտաբեր տան կառուցումից երկու տարի անց` 1914 թվականին, Սեմյոն Վասիլևիչ Պոպիլինը Պուշկինի փողոցում կառուցել է ճարտարապետությամբ մոտ Բոստրիկինների եկամտաբեր տունը (այժմ` Ռուսաստանի խնայբանկի շենքը)։

Նախահեղափոխական ժամանակաշրջանում Ս. Ն. Մնացականովայի եկամտաբեր տան հասցեն հետևյալն էր. Պուշկինի (Կուզնեցկայա) փողոց, 81։ Մինչև 1911 թվականը շենքը գնահատվել է 3700 ռուբլի, իսկ 1915 թվականին՝ 25100 ռուբլի։ Շինությունը պատկանում էր Ս. Ն. Մնացականովային։ Մնացականովների ցեղը հայտնի էր հին Ռոստովի գործարար շրջանակներում։ Ցեղի մի քանի ներկայացուցիչներ ներգրավված էին առևտրային գործունեության մեջ. Ա. Մ. և Պ. Մ. Մնացականովները վաճառում էին նպարեղեն և գինի, Կ. Մնացականովի ժառանգների առևտրի տունը վաճառում էր նպարերղեն և գերանդիներ։

1917 թվականից հետո այս տունը, ինչպես և շատ ուրիշներ, ազգայնացվեց և այնտեղ տեղակայվեցին կոմունալ բնակարաններ[2]։ Տարիների ընթացքում տունը խարխլվել է, աստիճանաբար փլուզվել` կորցնելով նախնական գեղեցիկ տեսքը։ Շենքի շահագործման ընթացքում ներսույթը ենթարկվել է բազմաբնույթ փոփոխությունների։ Փոխարինվել են լուսամուտատեղերի և դռնատեղերի լցվածքները, ներբակային անցուղու դարպասը, պատշգամբների ցանկապատերը, բացվել են լրացուցիչ մուտքեր դեպի շենքի հարավային ճակատի արևելյան և արևմտյան հատվածների առաջին հարկի սենյակներ։

1990-ական թվականների վերջին և 2000-ական թվականների սկզբին ռոստովցի գործարար Ալեքսանդր Կուրինովը գնել է այս շենքը։ Կոմունալ բնակարանների տասնյակ բնակիչներ տեղափոխվել են անհատական բնակարաններ։ 1998-2002 թվականներին իրականացվել է վերանորոգման և վերականգնման աշխատանքների համալիր, ինչը թույլ է տվել պահպանել Դոնի Ռոստովի կենտրոնական փողոցներից մեկի պատմական տեսքը։ Պահպանված մանրամասներով և լուսանկարներով վերականգնվել են ատտիկոսի, քիվապատերի, պատշգամբների տեսքը, բծախնդրորեն ընտրվել է ճակատի գույնը։ Շենքի առանձնահատուկ հպարտությունն են Ռուսաստանի դիզայներների միության անդամ Վասիլի Սալիենկոյի և Ռուսաստանի նկարիչների միության անդամ Իգոր Սավիցկու ստեղծած պատշգամբների կոփածո ցանկապատերը և մուտքի դարպասը։ Դարպասի վերին մասում Ա. Կուրինովի անվան սկզբնատառերն են։ Մուտքի դռան եզակի բռնակը պատրաստվել է «Կլասիկ» ձուլարանում։ Վերականգնման ընթացում ցոկոլային հարկի և առաջին հարկի միջնապատերը երեպատելու համար օգտագործվել են Իտալիայից բերված մարմար և գրանիտ։ Լուծվել է տան գիշերային լույսավորության հարցը[2]։ Այսպիսով, ավարտվել է շենքը նախկին տեսքին վերադարձնելու և բնակելի ու եկամտաբեր տան նախանշվածությունը պահպանելու դժվար խնդիրը։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռահարկ շենքը տեղակայված է Պուշկինի փողոցի կառուցապատման կարմիր գծով։ U-աձև հատակագծմամբ շենքն ունի նկուղ և բազմալանջ տանիք։ Կառուցված է աղյուսով, սվաղված է և ներկված ճակատային ներկով։ Ծավալահատակագծման կառուցվածքը բնորոշ է դասական եկամտաբեր տներին` վերին հարկերում վարձակալած բազմաբնակարան բնակարաններով և առաջին հարկում առևտրային կազմակերպություններով։ Հորինվածքի միջուկը շենքի կենտրոնական մասում տեղակայված նախասրահով ներքին շքասանդուղքն է։ Գլխավոր հարավային ճակատի հորինվածքային լուծումը ձևավորում է եզրային արևմտյան և արևելյան ելուստավորումների դիրքով` երկրորդ և երրորդ հարկերի մակարդակով, որոնք շեշտադրված են պատշգամբներով։ Ներկառուցված ձեղնահարկի լուսամուտատեղերը ձեղնահարկի մակարդակով ամբողջացնում են ելուստավորումները։ Գլխավոր հարավային ճակատի ճարտարապետական-գեղարվեստական արտաքին տեսքը լրացնում են պատշգամբների երկրաչափական և ցանցկեն նախշերով կոփածո պողպատե ցանկապատերը, ինչպես նաև նմանատիպ նախշով երկփեղկ պողպատե ձուլաձո դարպասը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». Официальный портал Правительства Ростовской области.
  2. 2,0 2,1 2,2 «Доходный дом С.Н. Мнацакановой, Ростов-на-Дону, ул. Пушкинская, дом 65».
  3. Волошинова Л. Ф. Пушкинская улица. — Ростов-на-Дону: «Донской издательский дом», 2000. — (Серия "Судьбы улиц, площадей, зодчих"). — ISBN 5-87688-250-X