Ստերեոտիպիա
Ստերեոտիպիա, ստերեոտիպավորում, բարձր տպագրության տպաձևերի պատճենների՝ ստերեոտիպերի, պատրաստման պրոցես։ Ներառնում է տառամայրավորումը, տառամայրից ստերեոտիպ պատրաստելը և նրա մշակումը։ Ստերեոտիպը կիրառվում է մեծ տպաքանակով հրատարակությունների, միաժամանակ տարբեր կետաչափերով լրագրերի, առանց բովանդակության փոփոխման կրկնակի հրատարակությունների, ռոտացիոն տպագրական մեքենաներով տպագրման համար։ Ստերեոտիպերը պատրաստում են ձուլմամբ, էլեկտրալիտիկ եղանակով և մամլմամբ։ Ձուլման եղանակի դեպքում ձուլման քանդովի, հատակին դրված ստվարաթղթե տառամայրով կաղապարը լցնում են 300-320 °С ջերմաստիճան ունեցող հեղուկ տառանյութով։ Մեկ տառամայրից կարելի է կատարել մինչև 15-17 ձուլում։ Ստերեոտիպերի հաստությունը որոշվում է տպագրական մեքենայի տիպով։ Ձուլումից հետո կատարվում է ստերեոտիպերի մեխանիկական մշակում։ Հարթ և ռոտացիոն ստերեոտիպերի մեծ մասը ձուլում են կիսաավտոմատ սարքերով (արտադրողականությունը՝ 2-3 րոպեում 1 հատ) կամ ավտոմատներով (1 րոպեում 2-3 հատ)։ Խոշոր լրագրային արտադրության մեջ կիրառում են հոսքային գծեր, որոնք ապահովվում են մեծ արագությամբ ավտոմատ ձուլումը և ստերեոտիպերի մեխանիկական մշակումը։ էլեկտրալիտիկ եղանակի դեպքում ստերեոտիպը ստանում են տառամայրի վրա մետաղի (սովորաբար պղնձի) շերտի նստեցումով, որը տառամայրից անջատելուց հետո ոչ տպագրող կողմից ամրացվում է տպագրական համաձուլվածքով կամ պլաստմասսայով։ Այսպիսի ստերեոտիպերի մշակումը կատարվում է այնպես, ինչպես ձուլման եղանակի դեպքում։ Մամլման եղանակով ստերեոտիպեր պատրաստելիս տառամայրը ծառայում է որպես դրոշմոց՝ պլաստիկ նյութերի (պլաստամասսա, ռետին) վրա ռելիեֆային ձև ստանալու համար։ Ընդ որում տառամայրերը արվում են ջերմառեակտիվ, իսկ ստերեոտիպերը՝ ջերմապլաստիկ պլաստմասսաներից։ Տառամայրերը տեղակայում են հատուկ մամլիչում, որն ունի տաքացնող (մինչև 170-190 °С) ստորին և հովացնող վերին սալեր։ Մեկ տառամայրից կարելի է ստանալ մի քանի ստերեոտիպեր, որոնք ենթարկվում են աննշան մեխանիկական մշակման։ Ռետինե ստերեոտիպ պատրաստում են հում ռետինից, որը մամլումից հետո ճնշման տակ վուլկանացման են ենթարկում։ Ստերեոտիպի եղանակի ընտրությունը որոշվում է, հիմնականում, հրատարակությունների թողարկման ժամկետներով, պատկերման որակին ներկայացվող պահանջներով և տնտական նկատառումներով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 123)։ |