Jump to content

Ստեռլինգ կամրջի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեռլինգ կամրջի ճակատամարտ
Թվականսեպտեմբերի 11, 1297թվական,
Մասն էՇոտլանդական անկախության առաջին պատերազմի մաս
ՎայրՖորթ գետ, Ստեռլինգ, Շոտլանդիա
ԱրդյունքՇոտլանդացիների հաղթանակ
Հակառակորդներ
Անգլիական բանակՇոտլանդական բանակ
Հրամանատարներ
Ջոն դե Ուեյրեն, Հաֆ դե ՔրեսսինգհեմՈւիլյամ Ուոլաս, Էնդրյու Մորեյ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ
100 հեծյալ, 5000 հետևակԱնհայտ
Ընդհանուր կորուստներ

Ստեռլինգ կամրջի ճակատամարտ, շոտլանդական անկախության առաջին պատերազմի ընթացքում տեղի ունեցած ճակատամարտ։ 1297 թվականի սեպտեմբերի 11-ին Ֆորթ գետի վրա, Ստեռլինգ քաղաքի մոտ, Էնդրյու Մորեյի ու Ուիլյամ Ուոլասի զորքերը հաղթանակ են տարել Սուրրեյի 6-րդ կոմս Ջոն դե Ուեյրենի ու Հաֆ դե Քրեսսինգհեմի անգլիական միացյալ ուժերի նկատմամբ։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրրեյի կոմսը Դանբարի ճակատամարտում հաղթանակ էր տարել շոտլանդական ազնվականության նկատմամբ։ Սակայն մինչև 1297 թվականի օգոստոսը Մորեյն ու Ուոլասն արդեն վերահսկում էին Ֆորթ գետից հյուսիս գտնվող ամբողջ Շոտլանդիան, բացի Դանդի քաղաքը։ Սուրրեյը Ուիքերից բանակով արշավել է դեպի հյուսիս՝ Դանդին պաշտպանելու։ Ստեռլինգ քաղաքը հյուսիսային Շոտլանդիա մտնելու գլխավոր դարպասներից էր։

Գլխավոր ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրրեյի 6-րդ կոմսն իր աջակիցների հետ հասել է Ստեռլինգ ամրոցի մոտ գտնվող Ֆորթ գետի վրայի նեղ, փայտե կամրջին ու որոշել, որ մարտավարական թերություն կլիներ, եթե փորձեր իր հիմնական ուժերն անցկացնել այդտեղով։ Այսպիսով, նա անցումը հետաձգել է մի քանի օրով, որպեսզի բանակցությունների հնարավորություն ստեղծվի ու նաև ուսումնասիրի տարածքը[1]։ Սեպտեմբերի 10-ին Ուեյրենը հրաման է տվել հաջորդ օրն անցնել գետը։ Լուսաբացին անգլիացիների ու ուեյլսեցիների հետևակն սկսել է անցնել գետը, բայց Ուեյրենը քնով էր ընկել։

Շոտլանդացիներն առաջին են հասել ու ճամբարել Աբբեյ Քրեյգ սարի վրա, որտեղից լավ երևում էին գետի հյուսիսային կողմի հարթ տարածքները։ Անգլիացիներից, ուեյլսեցիներից, շոտլանդացի ասպետներից, աղեղնաձիգներից ու հետևակից բաղկացած անգլիական ուժերը ճամբար են խփել գետից հարավ։ Շոտլանդացի ասպետ սըր Ռիչարդ Լանդին[2], որը Իրվինի կապիտուլյացիայից հետո միացել էր անգլիացիներին, առաջարկել է հեծելազորով թևանցել թշնամուն երկու մղոն վերև գտնվող գետանցով, որտեղով վեց ձիավորներ կարող էին միաժամանակ անցնել։ Շոտլանդիայում Էդուարդ թագավորի գանձապահ Հաֆ դե Քրեսսինգհեմը համոզել է կոմսին մերժել այդ առաջարկն ու հրամայել կամրջի վրայով ուղիղ հարձակվել[3]։

Փոքրիկ կամուրջն այնքան էր լայն, որ կողք-կողքի կարող էին անցնել միայն երկու ձիավոր, սակայն այն ապահովում էր անվտանգ անցում, քանի որ գետն արևելքում լայնանում էր, իսկ արևմուտքում գտնվում էր Ֆլանդեր Մոս ճահճուտը[3]։ Սեպտեմբերի 11-ի առավոտյան շոտլանդացիներն սպասում էին, մինչ անգլիացի ասպետներն ու հետևակը դանդաղ առաջ էին շարժվում կամրջի վրայով։ Ամբողջ անգլիական բանակի անցումը հավանաբար ժամեր կտևեր[1]

Ըստ Հեմինգբուրգի ժամանակագրության, Ուոլասն ու Մորեյն սպասել են այնքան, որ "անցնի այնքան թշնամի, որին կարող էին ոչնչացնել"։ Երբ բավականաչափ քանակությամբ ջոկատներ էին անցել (մոտավորապես 2,000 զինվոր)[4], հրամայել են հարձակվել։ Շոտլանդացի նիզակակիրներն արագ գրոհով ցած են իջել բարձունքից, և կասեցնելով անգլիական ծանր հեծելազորի հարձակումը, հակահարձակվել անգլիական հետևակի վրա։ Նրանք վերահսկողություն են ձեռք բերել կամրջի արևելյան կողմի նկատմամբ՝ դրանով արգելելով նոր ուժերով անգլիական ջոկատների համալրումը։ Հայտնվելով գետի օղակով սեղմված ցածր տարածքում և չունենալով ազատվելու կամ նահանջելու ոչ մի հնարավորություն՝ արևելյան ափին գտնվող թվային գերակշռություն ունեցող անգլիացիները համարյա բոլորն սպանվել են։ Մի քանի հարյուրն էլ գուցե փախել են՝ լողալով գետն անցնելով[5]։ Մարմադյուք Թվենգը կարողացել է կամրջով հետ վերադառնալ ու այսպիսով դարձել գետն անցած միակ ասպետը, որը վերապրել է ճակատամարտը։

Մերօրյա Ստեռլինգ կամուրջը

Սուրրեյը, որը մնացել էր աղեղնաձիգների մի փոքր զորակազմով, գտնվում էր գետի հարավային մասում և դեռևս ուժեղ դիրքերի վրա էր։ Նրա բանակի մեծ մասին վնաս չէր պատճառվել, և նա կարող էր հսկել գետն ու թույլ չտալ շոտլանդացիներին անցնել դրանով դեպի հարավ, բայց նրա վստահությունից ոչինչ չէր մնացել։ Սըր Մարմադյուք Թվենգի փախուստից հետո Սուրրեյը հրամայել է քանդել կամուրջն ու նահանջել է դեպի Բերվիք, որով Ստեռլինգ ամրոցում գտնվող կայազորին անուշադրության է մատնել ու հարթավայրերն էլ թողել ապստամբներին։ Շոտլանդիայի լորդ-ստյուարդ Ջեյմս Ստյուարտը և Լեննոքսի կոմս Մալքոլմը, որոնց զորքերը Սուրրեյի բանակի կազմում էին, տեսնելով կամրջի հյուսիսային մասում տեղի ունեցող կոտորածը, հետ են քաշվել։ Հետագայում նրանք ու մի քանի այլ շոտլանդացի լորդեր The Pows անտառապատ ճահճային տարածքում հարձակվել են անգլիական մատակարարման կառքաշարի/ քարավանի վրա ու սպանել փախչող զինվորներից շատերին[6]։

Այս Ստեռլինգ կամուրջը գտնվում էր 15-րդ դարում քարից կառուցված և այսօր էլ գետը կամարող կամրջից մոտավորապես 180 յարդ գետի հոսանքով դեպի վեր[1]։ Դեպի հյուսիս, ջրի տակ հայտնաբերվել են չորս քարե կամրջանեցուկ (56°07′45″ հս․. լ. 3°56′12″ ամ. ե.HGЯO) և դրանց ուղղությամբ ափերց մեկի վրա կառուցված քարե պատաշար։ Մարտադաշտը գտնվում էր հողե ճանապարհի երկու կողմերում, որն Աբբեյ Քրեյգ սարից (որի վրա այժմ գտնվում է Ուոլասի հուշարձանը) տանում է դեպի կամրջի հյուսիսային մասը[7][8][9]։ 2009 թվականից մարտադաշտը գրանցված ու պահպանվում է «Պատմական Շոտլանդիա» կազմակերպության կողմից[10]։

Ճակատամարտից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեռլինգ կամուրջը Ֆորթ գետի հարավային ափից, ետին պլանում՝ Ուոլասի հուշարձանը

Ստեռլինգ կամրջի ճակատամարտը ջախջախիչ պարտություն էր անգլիացիների համար․ այն ապացուցել է, որ որոշ հանգամանքներում հետևակը կարող էր կարևորվել հեծելազորից, սակայն որոշ ժամանակ էր պետք այդ դասն ամբողջությամբ յուրացնելու համար։ Այդ ժամանակի պատմագիր Վալտեր Գուիզբորոն ճակատամարտում անգլիացիների զոհերի թիվը ներկայացրել է «սպանված 100 հեծյալ ու 5000 հետևակ»։ Շոտլանդացիների զոհերի մասին, բացի Էնդրյու Մորեյից, նշված չէ։ Վերջինս վիրավորվել է ճակատամարտի ընթացքում ու մահացել վերքերից երևի նոյեմբերին։ Դե Քրեսսինգհեմի մարմինը հետագայում մաշկազերծվել է ու մաշկը մասնատվել փոքր կտորների, որպես հաղթանակի հուշանվերներ։ Լեյնրքոսթի պատմագրությունը վկայում է, որ Ուոլասը[11] "վերցրել էր մի լայն շերտ [Քրեսսինգհեմի մաշկից] ... ոտքից մինչև գլուխ, և դրանից իր թրի համար սուսերակալ պատրաստել"։ Ուոլասը շարունակել է ավերիչ արշավանքները հյուսիսային Անգլիայի վրա, որոնք քիչ բան են արել շոտլանդական նպատակների իրականացման համար[փա՞ստ], այնուամենայնիվ այդ արշավանքները վախեցրել են անգլիական բանակին ու դադարեցրել դրա առաջխաղացումը։ 1298 թվականի մարտին Ուոլասն արդեն Շոտլանդիայի գվարդիան/վերակացու էր, բայց նրա փառքը կարճատև էր, քանի որ թագավոր Էդուարդը Ֆլանդրիայով մոտենում էր հյուսիսին։ Այս երկուսը վերջապես հանդիպել են 1298 թվականին Ֆոլկիրկի ճակատամարտում, որտեղ Ուոլասը պարտություն է կրել։

Գեղարվեստական գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոլասի սխրագործությունները սերունդներին փոխանցվել են բանավոր ասքերի ձևով, որոնք հավաքել ու վերաշարադրել է Կույր Հարրի գուսանը (մահ․ 1492 թ․)։ Կույր Հարրին ապրել է «Մեծանուն ու անվեհեր մարտիկ սըր Ուիլյամ Ուոլասի արարքներն ու գործերը» (մոտ․1470 թ․) պոեմում իր նկարագրած իրադարձությունններից երկու հարյուր տարի հետո։ Պատմությունները նախատեսված էին Ջեյմս IV-ի (իշխել է 1488–1513 թ․թ․) արքունիքին զվարճացնելու/զբաղեցնելու համար և անկասկած հանդիսացել են են փաստերի ու երևակայության խառնուրդ։ Դրվագների մեծ մասի նման, Ստեռլինգ կամրջի ճակատամարտի Կույր Հարրիի մեկնաբանությունը խիստ անբնական է, օրինակ, մասնակից բանակների չափերի մասին խոսելիս նա օգտագործել է բիբլիական մեծության թվեր։ Այնուամենայնիվ, ճակատամարտի չափազանց դրամատիզացված ու պատկերավոր նրա մեկնաբանությունը սնել է եկող սերունդների շոտլանդացի դպրոցականների երևակայությունը։ Ահա թե ինչպես է նա նկարագրել․

Շաբաթ օրը նրանք [Մորեյն ու Ուոլասը] ձիերով բարձրացան կամրջի վրա, որը սովորական տախտակից էր պատրաստված ու լավ ամրացված, նախօրոք ժամապահներ նշանակելով, որ ոչ ոք բանակից չհեռանա։ Իր հետ վերցնելով ամենահմուտ հյուսնին, նա [Ուոլասը] հրամայեց նրան կենտրոնում գցած տախտակը սղոցով կիսել երկու մասի, այնպես որ ոչ ոք չկարողանա քայլել դրա վրայով։ Հետո նա արագ ամրաններով դրանք մեխեց, վրան ցեխ լցրեց, որպեսզի չերևա, որ որևէ բան է արվել։ Մյուս ծայրը տեղադրեց երեք գլորանների վրա, որոնցից մեկը եթե հանեին, մյուս երկուսը կընկնեին։ Իսկ հյուսնին նա հրամայեց նստել ներքևում, հեծանին ամրացված թաքստոցի մեջ ու թուլացնել ամրանը, երբ Ուոլասը նշան կտա փողը փչելով, երբ որ ժամանակը գա։ Բանակում ոչ ոք իրավունք չի ունենալու փչել այդ փողը, բացի իրենից։

Ճակատամարտի վիկտորիանական դարաշրջանի պատկերում[12]։ Կամրջի փլուզումը ենթադրում է, որ նկարիչը եղել է Կույր Հարրիի նկարագրության ազդեցության տակ

Հաֆ Քրեսսինգհեմը գլխավորում է քսան հազար մարդուց բաղկացած առաջապահ ջոկատը։ Երեսուն հազար էլ Ուեյրենի կոմսն ուներ, բայց նա վարվեց, ինչպես իմաստնութունն էր թելադրում, ու իրենից առաջ ուղարկեց առաջին բանակը։ Որոշ շոտլանդացիներ, որ լավ գիտեին հարձակման այս ձևը, Ուոլասին ասացին, որ այժմ բավական է։ Սակայն նա չշտապեց, այլ ուշադիր հետևում էր առաջխաղացմանը, մինչև որ տեսավ, որ Ուեյրենի զորքը խիտ ամբոխվել է կամրջի վրա։ Այդ ժամանակ նա Ջոբից վերցրեց փողն ու բարձր փչեց ու զգուշացրեց հյուսն Ջոնին, որն էլ հմտորեն հանեց գլորակն ու երբ ամրանը դուրս եկավ, կամուրջը փլվեց։ Սարսափելի աղաղակ բարձրացավ, քանի որ և՛ մարդիկ, և՛ ձիերն ընկնում էին ջուրը (...)։

Առանց ձիու, մի մեծ, սուր նիզակ ձեռքին, Ուոլասը գնաց դեպի ամբոխի ամենախիտ տեղը։ Նա հարվածեց Քրեսսինգհեմի լավ փայլեցրած զրահին։ Նիզակի սուր ծայրը թիթեղիկների միջով խոցեց նրա մարմինը, մահացու վիրավորելով նրան, ահա այսպես սպանվեց այդ ավազակը։ Իր հարվածով Ուոլասը ցած գցեց և՛ ձիուն, և՛ հեծյալին։

Անգլիական բանակը, որը թեև պատրաստ էր մարտի, տեսնելով իրենց առաջնորդի մահը, սարսափեց, ու շատերն սկսեցին բացահայտ փախչել։ Բայց կային նաև արժանավորները, որոնք կռվեցին, մինչև զոհերը հասան տաս հազարի։ Հետո մնացյալը փախան, այլևս չդիմանալով, օգնություն փնտրելով տարբեր ուղղություններով՝ ոմանք դեպի արևելք, ոմանք դեպի արևմուտք, քմանք էլ պարզապես փախան հյուսիս։ Յոթ հազարը հայտնվել էին Ֆորթում․ սուզվեցին խորքերն ու խեղդվեցին անխնա․ ոչ մեկը կենդանի չմնաց այդ անգութ բանակից[13]։

Կամրջի խառնաշփոթի նման, Ուոլասի կողմից նիզակի օգտագործումը ևս հորինված տարր է։ Երկկողմանի մի սուր [Claidheamh de Laimh], որը ենթադրաբար պատկանել է Ուոլասին և որը գուցե պատրաստված էր նրա սկզբնական թրի շեղբի մետաղից, պահպանվում էր շոտլանդացի թագավորների կողմից[14] և որպես մասունք այժմ ցուցադրված է Ուոլասի հուշարձանում։

Այս ասքերի զորությունը կարելի է չափել պոետ Ռոբերտ Բուրնսի հետևյալ պնդմամբ, որը նա արտահայտել է դրանք գրվելուց երեք դար անց․

Առաջին երկու գրքերը, որոնք ես կարդացել եմ ու որոնք ինձ ավելի շատ հաճույք են պատճառել, քան երկրորդ անգամ կարդացած որևէ այլ գիրք, «Հաննիբալի կյանք»-ն ու «Սըր Ուիլյամ Ուոլասի պատմություն»-ն են [Ջիլբերտֆիլդցի Ուիլյամ Հեմիլթոնի կողմից Կույր Հարրիի գրվածքի արդիականացված տարբերակ]։ Հաննիբալն իմ երիտասարդ մտքերին այնպիսի փոփոխություն հաղորդեց, որ ես հրճվանքից ցնծում էի թմբուկ ու պարկապզուկ ձեռք բերելուց հետո ու ինքս ինձ երազում լինել այնքան բարձրահասակ, որ կարողանամ զինվոր դառնալ, իսկ Ուոլասի պատմությունն իմ երակների մեջ շոտլանդական ինքնագիտակցություն ներարկեց, որը կեռա այնքան, մինչև կյանքի սահմանադռները կփակվեն հավիտենական հանգստությամբ[15]։

Ստեռլինգ կամրջի ճակատամարտը նկարագրված է 1995 թվականին նկարահանված «Քաջ սիրտը» ֆիլմում, բայց իրական ճակատամարտից տարբերվում է կամրջի բացակայության (որը պայմանավորված է կամրջի շուրջը նկարահանելու դժվարությամբ) ու Բենոքբուրնի ճակատամարտի մարտավարության նմանակման պատճառով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 "The Battle of Stirling Bridge, 1297", Scotland's History, BBC
  2. lundie.org
  3. 3,0 3,1 «"The Battle of Stirling Bridge", Foghlam Alba». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 16-ին.
  4. Reid, Stuart. Battles of the Scottish Lowlands, Battlefield Britain. Barnsley: Pen & Sword, 2004
  5. "Battle of Stirling Bridge", UK Battlefields Resource Centre
  6. «"The Wars - Stirling Bridge", Stirling Council». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 27-ին.
  7. Page, R. (1992). «Ancient Bridge, Stirling (Stirling parish)» (PDF). Discovery and Excavation in Scotland: 17.
  8. Page, R.; Main, L. (1997). «Stirling Ancient Bridge (Stirling; Logie parishes)» (PDF). Discovery and Excavation in Scotland: 80–81. {{cite journal}}: Invalid |name-list-style=yes (օգնություն)
  9. Historic Environment Scotland|num=BTL28|desc=Battle of Stirling Bridge|access-date=1 April 2019
  10. «Inventory battlefields». Historic Scotland. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 12-ին.
  11. Chronicle of Lanercost, ed. H. Maxwell, vol. 1, p. 164.
  12. Grant, James (1873). British Battles On Land and Sea. Cassell Petter & Galpin. էջ 31.
  13. Sir William Wallace, His Life And Deeds By Henry The Minstrel In Modern Prose By Thomas Walker, Glasgow 1910
  14. "To bynding of Wallass's sword with cordis of silk and new hilt and plomet, new skabbard, and new hilt to the said sword, XXVj.sh.", entry in James IV's Household Book for 8 December 1505, in E M Brougham, News Out Of Scotland, Heinemann 1926
  15. letter to Dr. John Moore, dated 2 August 1787, quoted in M. Lindsay, Robert Burns, London and New York 1979

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Barrow, G.W.S., Robert Bruce and the Community of the Realm of Scotland, 1976.
  • Brown, C., "William Wallace" 2005.
  • Cowan, Edward J., The Wallace Book, 2007, John Donald, 0-85976-652-7
  • Ferguson, J., William Wallace: Guardian of Scotland. 1948.
  • "The Chronicle of Lanercost 1272–1346", ed. H. Maxwell, 1913.
  • Nicholson, R., Scotland-the Later Middle Ages, 1974.
  • Prestwich, M., The Three Edwards: War and State in England, 1272–1277, 1980.
  • Traquair, P., Freedom's Sword

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեռլինգ կամրջի ճակատամարտ» հոդվածին։