Ստելլերյան կով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստելլերյան կով

Ստելլերյան կով կամ ծովակով[1] (լատ.` Hydrodamalis gigas), սիրենների կարգի կաթնասուն կենդանիներ, որոնք մարդու կողմից անխնա ոչնչացվել են համեղ մսի և ճարպի համար[2]։

Հայտնաբերվել են 1741 թվականին, Կոմանդորյան կղզիներում` Վիտուս Բերինգի ճանապարհորդության ժամանակ և նկարագրվել արշավախմբի բժիշկ Գեորգ Ստելլերի կողմից։

Մարմնի երկարությունը հասել է մինչև 8 մետրի, իսկ քաշը` մինչև 5 տոննա։ Առջևի վերջավորությունները եղել են թիականման, մաշկը` մերկ։ Ատամներ չեն ունեցել, սնվել են ծովակաղամբով և ծովային ջրիմուռներով։ Հավանաբար ջրում սուզվել չեն կարողացել։ Հիմնականում ապրել են հոտերով` Կոմանդորյան կղզիների ծովափերին և ծանծաղուտներում։ Բնութագրվել են որպես դանդաղաշարժ կենդանիներ։

Վերջին ծովակովը սպանվել է 1768 թվականին՝ Բերինգի կղզում։

Ընդհանուր բնութագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

1741 թվականի նոյեմբերին Վիտուս Բերինգի արշավախումբը «Սուրբ Պետրոս» նավով ճանապարհորդելիս, Կոմանդորյան կղզիներից մեկի մոտ խարսխվելու ժամանակ նավաբեկության է ենթարկվել։ Հետագայում այդ կղզին կոչվել է Բերինգի անունով։

Արշավախմբի բժիշկ Գեորգ Ստելլերը բնագիտական կրթություն ստացած միակ մարդն էր, ով անձամբ տեսել էր ծովակովերին և նկարագրել դրանց։ Նավաբեկությունից հետո, նա ափից նկատել է ծովում լողացող խոշոր կենդանիների։ Շուրջ տաս ամիս նրանք ստիպված էին մնալ կղզում և Ստելլերը բավականին ժամանակ ուներ ուսումնասիրելու այդ կենդանիներին։ Ծովակովերի միսը կերակրի մեջ օգտագործելու արդյունքում, նրանք կարողացան գոյատևել կղզում։

Ծովակովերի մարմինը սիրենների կարգի մյուս կաթնասունների համեմատությամբ, բավականին մեծ չափսեր ուներ։ Գլուխը մարմնի համեմատ փոքր էր և շարժուն։ Առջևի վերջույթներն իրենցից ներկայացնում էին համեմատաբար կարճ և կորացած թիակներ` միջնամասում հոդի առկայությամբ և ավարտվում էին եղջյուրային ելունով, որը համեմատում էին ձիու սմբակի հետ։ Մարմինը վերջանում էր հորիզոնական լայն պոչի թիաբերանով։ Մաշկը մերկ էր, բազմաթիվ ծալքերով և հաստ, Ստելլերի խոսքերով` հիշեցնում էր ծեր կաղնու կեղև։ Գույնը` գորշից մինչև մուգ դարչնագույն, հաճախ սպիտակավուն բծերով ու շերտերով։ Գերմանացի հետազոտողներից մեկը, ուսումնասիրելով ծովակովի մաշկի պահպանված կտորը, նշել էր, որ դիմացկունությամբ և էլաստիկությամբ այն մոտ է ժամանակակից ավտոդողերի ռետինին։ Հնարավոր է, որ մաշկի այդպիսի հատկությունը պաշտպանական նշանակություն է ունեցել և փրկել կենդանիներին ափամերձ քարերին դիպչելով վիրավորվելուց։

Ծովակովերի ականջներն այնքան փոքր են եղել, որ գրեթե չեն երևացել մաշկի ծալքերի մեջ։ Աչքերը նույնպես մեծ չեն եղել։ Փափուկ ու շարժուն շուրթերը ծածկված են եղել բեղիկներով, որոնց հաստությունը ըստ նկարագրության` հասնում էր հավի փետուրի կոթառի հաստությանը։ Ընդհանրապես ատամներ չեն ունեցել։ Ըստ էության, արուներն ավելի խոշոր են եղել էգերից։ Ծովակովերն ունեցել են լավ լսողություն, ինչի մասին վկայում է նրանց լավ զարգացած ներքին ականջը։ Այնուամենայնիվ ոչ մի կերպ չեն արձագանքել իրենց մոտեցող մակույկների աղմուկին։ Ի դեպ, ձայնային որևէ ազդանշան չեն արտաբերել, այլ միայն փնչացրել են օդն արտաշնչելուց, իսկ վիրավոր լինելու դեպքում արտաբերել են բարձրաձայն տնքոցներ։

Վարքագծի յուրահատկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակի մեծ մասը ծովակովերը կերակրվել են ծանծաղուտներում` դանդաղ լողալով։ Նրանք չեն սուզվել, մշտապես նրանց մեջքը երևացել է ջրից դուրս։ Հաճախ նրանց մեջքին նստել են ծովային թռչունները և մաշկի ծալքերից կտցել այնտեղ կպած խեցգետնանմաններին։

Ընդհանուր առմամբ ծովակովերը ապրում էին նախիրներով։ Սովորաբար արուն և էգը` ձագերի հետ, մշտապես միասին էին։ Նրանց կապվածությունը միմյանց հետ` խիստ արտահայտված էր։ Նկարագրվել է, թե ինչպես է արուն շուրջ երեք օր անընդմեջ, լողացել ափին սպանված էգի մոտ։ Այդպես վարվել է նաև մեկ այլ սպանված էգի ձագը։

Ծովակովերի բազմացման մասին քիչ բան է հայտնի։ Ստելլերը գրում էր, որ ծովակովերը մոնոգամ են, զուգավորվում էին գարնանը։ Սնվել են բացառապես ջրիմուռներով և ծովակաղամբով, որն առատորեն աճում էր ափամերձ ջրերում։ Հնարավոր է, որ ծովակովերի կյանքի տևողությունը հասել է մինչև 90 տարի, ինչպես նրանց ցեղակից դյուգոնների մոտ է։ Բնական թշնամիներ ծովակովերը չեն ունեցել, սակայն Ստելլերը գրում էր ձմռանը ծովակովերի` սառույցի տակ զոհվելու դեպքերի մասին։ Նա նշել է նաև, որ փոթորկի ժամանակ, երբ ծովակովերը չէին հասցնում հեռանալ ափից, զոհվում էին ուժեղ հուզմունքի պահին` ափամերձ քարերին զարկվելուց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 135
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստելլերյան կով» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստելլերյան կով» հոդվածին։