Ստելլերյան կով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստելլերյան կով

Ստելլերյան կով կամ ծովակով[1] (լատ.` Hydrodamalis gigas), սիրենների կարգի կաթնասուն կենդանիներ, որոնք մարդու կողմից անխնա ոչնչացվել են համեղ մսի և ճարպի համար[2]:

Հայտնաբերվել են 1741 թվականին, Կոմանդորյան կղզիներում ` Վիտուս Բերինգի ճանապարհորդության ժամանակ և նկարագրվել արշավախմբի բժիշկ Գեորգ Ստելլերի կողմից:

Մարմնի երկարությունը հասել է մինչև 8 մետրի, իսկ քաշը` մինչև 5 տոննա: Առջևի վերջավորությունները եղել են թիականման, մաշկը` մերկ: Ատամներ չեն ունեցել, սնվել են ծովակաղամբով և ծովային ջրիմուռներով: Հավանաբար ջրում սուզվել չեն կարողացել: Հիմնականում ապրել են հոտերով` Կոմանդորյան կղզիների ծովափերին և ծանծաղուտներում։ Բնութագրվել են որպես դանդաղաշարժ կենդանիներ։

Վերջին ծովակովը սպանվել է 1768 թվականին՝ Բերինգի կղզում։

Ընդհանուր բնութագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

1741 թվականի նոյեմբերին Վիտուս Բերինգի արշավախումբը «Սուրբ Պետրոս» նավով ճանապարհորդելիս, Կոմանդորյան կղզիներից մեկի մոտ խարսխվելու ժամանակ նավաբեկության է ենթարկվել: Հետագայում այդ կղզին կոչվել է Բերինգի անունով:

Արշավախմբի բժիշկ Գեորգ Ստելլերը բնագիտական կրթություն ստացած միակ մարդն էր, ով անձամբ տեսել էր ծովակովերին և նկարագրել դրանց: Նավաբեկությունից հետո, նա ափից նկատել է ծովում լողացող խոշոր կենդանիների: Շուրջ տաս ամիս նրանք ստիպված էին մնալ կղզում և Ստելլերը բավականին ժամանակ ուներ ուսումնասիրելու այդ կենդանիներին: Ծովակովերի միսը կերակրի մեջ օգտագործելու արդյունքում, նրանք կարողացան գոյատևել կղզում:

Ծովակովերի մարմինը սիրենների կարգի մյուս կաթնասունների համեմատությամբ, բավականին մեծ չափսեր ուներ: Գլուխը մարմնի համեմատ փոքր էր և շարժուն: Առջևի վերջույթներն իրենցից ներկայացնում էին համեմատաբար կարճ և կորացած թիակներ` միջնամասում հոդի առկայությամբ և ավարտվում էին եղջյուրային ելունով, որը համեմատում էին ձիու սմբակի հետ: Մարմինը վերջանում էր հորիզոնական լայն պոչի թիաբերանով: Մաշկը մերկ էր, բազմաթիվ ծալքերով և հաստ, Ստելլերի խոսքերով` հիշեցնում էր ծեր կաղնու կեղև: Գույնը` գորշից մինչև մուգ դարչնագույն, հաճախ սպիտակավուն բծերով ու շերտերով: Գերմանացի հետազոտողներից մեկը, ուսումնասիրելով ծովակովի մաշկի պահպանված կտորը, նշել էր, որ դիմացկունությամբ և էլաստիկությամբ այն մոտ է ժամանակակից ավտոդողերի ռետինին: Հնարավոր է, որ մաշկի այդպիսի հատկությունը պաշտպանական նշանակություն է ունեցել և փրկել կենդանիներին ափամերձ քարերին դիպչելով վիրավորվելուց:

Ծովակովերի ականջներն այնքան փոքր են եղել, որ գրեթե չեն երևացել մաշկի ծալքերի մեջ: Աչքերը նույնպես մեծ չեն եղել: Փափուկ ու շարժուն շուրթերը ծածկված են եղել բեղիկներով, որոնց հաստությունը ըստ նկարագրության` հասնում էր հավի փետուրի կոթառի հաստությանը: Ընդհանրապես ատամներ չեն ունեցել: Ըստ էության, արուներն ավելի խոշոր են եղել էգերից: Ծովակովերն ունեցել են լավ լսողություն, ինչի մասին վկայում է նրանց լավ զարգացած ներքին ականջը: Այնուամենայնիվ ոչ մի կերպ չեն արձագանքել իրենց մոտեցող մակույկների աղմուկին: Ի դեպ, ձայնային որևէ ազդանշան չեն արտաբերել, այլ միայն փնչացրել են օդն արտաշնչելուց, իսկ վիրավոր լինելու դեպքում արտաբերել են բարձրաձայն տնքոցներ:

Վարքագծի յուրահատկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակի մեծ մասը ծովակովերը կերակրվել են ծանծաղուտներում` դանդաղ լողալով: Նրանք չեն սուզվել, մշտապես նրանց մեջքը երևացել է ջրից դուրս: Հաճախ նրանց մեջքին նստել են ծովային թռչունները և մաշկի ծալքերից կտցել այնտեղ կպած խեցգետնանմաններին:

Ընդհանուր առմամբ ծովակովերը ապրում էին նախիրներով: Սովորաբար արուն և էգը` ձագերի հետ, մշտապես միասին էին: Նրանց կապվածությունը միմյանց հետ` խիստ արտահայտված էր: Նկարագրվել է, թե ինչպես է արուն շուրջ երեք օր անընդմեջ, լողացել ափին սպանված էգի մոտ: Այդպես վարվել է նաև մեկ այլ սպանված էգի ձագը:

Ծովակովերի բազմացման մասին քիչ բան է հայտնի: Ստելլերը գրում էր, որ ծովակովերը մոնոգամ են, զուգավորվում էին գարնանը: Սնվել են բացառապես ջրիմուռներով և ծովակաղամբով, որն առատորեն աճում էր ափամերձ ջրերում: Հնարավոր է, որ ծովակովերի կյանքի տևողությունը հասել է մինչև 90 տարի, ինչպես նրանց ցեղակից դյուգոնների մոտ է: Բնական թշնամիներ ծովակովերը չեն ունեցել, սակայն Ստելլերը գրում էր ձմռանը ծովակովերի` սառույցի տակ զոհվելու դեպքերի մասին: Նա նշել է նաև, որ փոթորկի ժամանակ, երբ ծովակովերը չէին հասցնում հեռանալ ափից, զոհվում էին ուժեղ հուզմունքի պահին` ափամերձ քարերին զարկվելուց:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կաղապար:Книга:Пятиязычный словарь названий животных. Млекопитающие
  2. Николай Вехов Где паслась стеллерова корова? // Наука и жизнь. — 2017. — № 5. — С. 86-93