Jump to content

Սուրբ Գևորգ եկեղեցի (Արգել)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գևորգ եկեղեցի
Սուրբ Գևորգ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և եկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԿոտայքի մարզ, Արգել, գյուղից հյուսիս
ԹեմԿոտայքի թեմ
Հոգևոր կարգավիճակչգործող
Ներկա վիճակկիսավեր
Մասն էԱմրոց
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Կառուցման ավարտ7-րդ դար
Շինանյութ

շակված և անմշակ բազալտ քար,

տուֆ

Սուրբ Գևորգ եկեղեցի, 7-րդ դարի հայ առաքելական եկեղեցի, որ գտնվում է Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղից հարավ արևելք, Արգել գյուղից հյուսիս։ Ընդգրկված է Քարաշամբի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հիշատակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Գևորգ եկեղեցու միանավ սրահը չի հիշատակվում պատմիչների և ազգագիրների մոտ։ Սմբատյանցը միայն նշում է, որ գյուղում կա.

«...մի հին սրբատաշ քարով շինած եկեղեցի... ամենևին դրածոյ նշան չերևեցավ որմանց և դրանց վերայ[2]»

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանն ունի պարզ կառուցվածք՝ այն արևելքից արևմուտք ձգված ուղղանկյուն դահլիճ է (չափերը՝ 4.90 մ X 8.20 մ), որն արևելյան կողմում ավարտվում է ներսից խիստ շեշտված պայտաձև հատակագիծ ունեցող աբսիդով։ Միանավ սրահն ունեցել է շինարարական երկու շրջան։ Նախնական հորինվածքից ողջ պարագծով պահպանվել են մեկից երկու մետր բարձրությամբ պատերը, կառուցված՝ կոպիտ մշակված և անմշակ բազալտ քարից, կրաշաղախով։ Սրահի աբսիդը ներսից նույնպես պայտաձև է, իսկ դրսից կիսաշրջանաձև։ Բազալտակուռ պատերի վրա բարձրացվել են սրբատաշ տուֆ քարից շարված, բավական հաստ պատեր (լայնությունը՝ 1,22 մ), իրականացված կանոնավոր շարքերով։ Ուշագրավ Է վերակառուցված մասի աբսիդի եզրանկարը դրսից, որովհետև բազալտի կլոր պատերի վրա բարձրացվել Է արդեն բազմանիստ (յոթանիստ) աբսիդ։

Հուշարձանն ունի միայն մեկ մուտք՝ հարավից, որի պարզ ուղղանկյուն բացվածքը (1,15 մ լայնությամբ) ծածկված Է մեկ ամբողջական բարավորով։ Վերջինս տուֆ քարի մեծ չափերի մի հեծան է, քանդակազարդ ճակատով։ Լուսամուտները երկուսն են՝ արևմտյան պատում և աբսիդում, դրանք լայն են՝ դեպի ներս թեթևակի նեղացած։ Վերակառուցման ժամանակ հուշարձանի երկայնական պատերի ներս ում կցել են մեկ զույգ որմնասյուներ, որոնց վրա հանգչել է թաղակիր կամարը։ Որմնասյուները տուֆից են։ Պատերի վերին մասի հետ օրգանապես կապվում են, ստորին մասի՝ բազալտի շարված պատերի հետ, կոնստրուկտիվ կապ չունեն։

Հուշարձանի ներսում ընդերկայնական առանցքով դրված են երեք քարե (բազալտի) խարիսխներ, որոնցից արևմտյանն ուղղանկյուն է, իսկ մյուս երկուսը կլոր (կես մետր տրամագծով)։ Միջին կլոր խարիսխը շրջանաձև փոս ունի։ Չափերով համապատասխանում է փայտե սյան բնին։ Պատերը հիմնականում ավարտվում են միևնույն բարձրության վրա և նրանց վերին մասը հարթեցված և փայտե ծածկն իրականացնելու համար։ Եկեղեցին զուրկ է հարդարանքից՝ միակ դեկորատիվ տարրը հարավային մուտքի բարավորն է։ Զարդաքանդակի կենտրոնում, շրջանի մեջ ներգծված է հավասարաթև խաչ, որը տեղադրված է բարավորի մեջտեղում և ունի նրա բարձրությունը[3]։ Բարավորի վերին երկու կողքերի եզրերին զուգահեռ քանդակված են իրար կից, ոչ մեծ չափերի շրջանագծեր, կիսագնդերով։ Միայն վերին՝ հավասարաթև խաչից դեպի արևելյան եզրը ընկած մասում շրջանագծերի մեջ ներգծված է ռոմբ և ապա քանդակված են ուռուցիկ կիսագնդեր։ Քանդակազարդ մասը մոտ 3 սմ դուրս է բարավորի հարթությունից։

Մուտքի բարավորի վրա շրջանի մեջ ներգծված հավասարաթև խաչքանդակելը բնորոշ է վաղ միջնադարի Հայաստանի, ինչպես և քրիստոնյա հարևան երկրների ճարտարապետական հուշարձաններին[4]։

Մոտավորապես նման հորինվածք ունեն Քասաղի բազիլիկայի հարավային և արևմտյան մուտքերի ճակատաքարերը, սակայն այն տարբերությամբ, որ կիսագնդերով շրջանների շղթան բարավորի վերին մասում չի քանդակված[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Սմբատեանց, Գեղարքունի, Էջ 307
  3. Ս. Խ. Մնացականյան, Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Երևան, 1960, էջ 141։
  4. «Ակնարկներ հայ արվեստի պատմության», 2, Երևան, 1964, էջ 97։
  5. Ա. Ա. Սահինյան, Քասաղի բազիլիկան, Երևան, 1955 թվական, էջ 78