Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար
Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար ադրբ.՝ Qazançı kilsəsi | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Շուշի |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Արցախի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1887 |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1887 |
Ghazanchetsots Cathedral Վիքիպահեստում |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի, հայկական առաքելական եկեղեցի Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Շուշի քաղաքում։ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի կենտրոնն է։ Գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ընդգրկված է Շուշիի քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում և հանդիսանում է Արցախի խորհրդանիշներից մեկը։ Կառուցվել է 1868-1887 թվականներին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաճարը հիշատակվում է Մեսրոպ Տախիդյանի «Ճամփորդություն դեպի Հայաստան» գրքում (1820 թ.)։ Շահեն Մկրտչյանի կարծիքով դա այն պատճառով է, որ զանգակատունը կառուցվել է եկեղեցուց ավելի վաղ, և տաճարի տեղում եղել է 18-րդ դարի մի այլ եկեղեցի։
Մինչ նոր եկեղեցին կառուցելը ճարտարապետները կանգնել են մի մեծ խնդրի առջև՝ բանն այն էր, որ ամեն պատարագից առաջ հարկավոր էր, որ պատարագիչ քահանան մեղքերի թողություն խնդրեր մեկ այլ քահանայից, և լսեր այս խոսքերը. «Թող քո ականջները լսեն, թե ինչ են բարբառում քո շուրթերը», սակայն եկեղեցին ուներ միայն մեկ քահանա, այդ իսկ պատճառով ճարտարապետներ որոշեցին կառուցել մի ընդհատակյա սենյակ, որտեղ տեղի կունենար հրաշքը՝ քահանան թողություն էր խնդրում լսելով իր սեփական ձայնը՝ ասելով. «Թող իմ ականջները լսեն, թե ինչ են բարբառում իմ շուրթերը»։ Այս երևույթը միակն է աշխարհում և այն մինչև հիմա էլ գործում է Շուշիի Ս. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում։
Զանգակատունը կառուցվել է շուշեցի Աբրահամ Խանդամիրյանցի կողմից։ Զանգակատան արևելյան պատին կա արձանագրություն, որն ասում է.
Կառուցման թվերը գրված են հարավային պատի վերևի հատվածում[1]։
Հայ-ադրբեջանական հակամարտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շուշիի ջարդերից հետո՝ 1920 թվականին, եկեղեցին փակվեց։ Քաղաքում բնակվող ադրբեջանցիների կողմից այն սկսեց օգտագործվել որպես պահեստ, իսկ հետագայում՝ որպես ավտոտնակ։ Այդ ժամանակահատվածում քանդվեցին եկեղեցու մուտքի մոտ դրված հրեշտակների արձանները, ավերվեց գմբեթը։
Արցախյան պատերազմի ընթացքում եկեղեցին հակամարտող կողմերի համար կարևոր նշանակություն ուներ։ Հայկական կողմի համար այն հանդիսանում էր խորհրդանիշ, իսկ ադրբեջանական զինված ուժերի համար՝ Գրադ հրթիռային համալիրների հրթիռների պահեստ։ Շուշիի ազատագրման ռազմական գործողությունից հետո այնտեղ այցելեցին Արցախի ռազմաքաղաքական և հոգևոր ղեկավարությունը։ Ավերված գմբեթը վերականգնվեց 1998 թվականին։
Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի կողմից հրթիռակոծվել է, վնասվել է եկեղեցու գմբեթը[2]։
Կառուցվածք և ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցական համալիրը գտնվում է Շուշիի կենտրոնական մասում և իր արտաքին տեսքով նման է Էջմիածնի Մայր Տաճարին[1]։ Կազմված է եկեղեցուց և զանգակատնից։ Հիմնականում կառուցվածքով նման է բազիլիկ եկեղեցու, չունի գմբեթ։
Եկեղեցին
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն եկեղեցու հարավային մուտքի գլխամասի շինարարական արձանագրության՝ կառուցումը սկսվել է 1868 թվականին և ավարտվել է 1887 թվականին, իսկ 1888 թվականի սեպտեմբերի 20-ին Մակար Ա կաթողիկոսը օծել է եկեղեցին[1]
Եկեղեցին 34․7 մետր երկարությամբ, 23 մետր լայնությամբ և 35 մետր բարձրությամբ ուղղանկյուն հատակագծով, խաչաձև գմբեթավոր հորինվածքով կառույց է։ Չորս ճակատներից դուրս է գալիս աբսիդներ։ Ունի 3 մուտք՝ արևմուտքից, հյուսիսից և հարավից, որոնք ունեն միանման ճարտարապետական հորինվածք և որոնց առջև կառուցված է երեքական դռներով բոլորաշեն նախամուտքեր։ Նախամուտքերի վերնամասում բացված են փոքրիկ խաչաձև լուսամուտներ։ Գմբեթը հենված է չորս հաստահեղույս մույթերի վրա[1]։
Եկեղեցին հարուստ է զարդաքանդակներով՝ դռներին, լուսամուտների կամարների վրա և այլուր։ Լուսամուտներն ունեն 1 մետր լայնություն, 5 մետր բարձրություն։ Պատերին առկա են հայատառ բազմաթիվ արձանագրություններ[1]։
Թմբուկի թեթևացման համար 16 նիստերը մշակված են իրար մեջ ներգծված պատուհան-որմնախորշերով, իսկ նիստերի վերնամասն ավարտվում է ճակտոններով, որոնց գագաթներից սկսվում են գմբեթի վեղարի ծավալի կողերը[1]։
Անշարժ զանգվածի մեջ արված խորշերը ծառայում են երկրաշարժի ժամանակ որպես մեղմիչ[1]։
Զանգակատուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է եկեղեցուց մի քանի մետր արևմուտք։ Այն երեքհարկանի շինություն է։ Մուտքի մոտ գտնվում են փողեր բռնած հրեշտակների արձաններ, որոնցից մեկը պատկերված է Շուշի քաղաքի զինանշանի վրա։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2008 թվականի հոկտեմբերի 16-ին Ղազանչեցոց եկեղեցում տեղի ունեցավ հարսանեկան մեծ արարողություն, որի ժամանակ ամուսնացավ 550 զույգ։
Պատկերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար
-
Զանգակատան 2-րդ հարկում տեղադրված հրեշտակների քանդակներից
-
Ղազանչեցոց եկեղեցու ընդհանուր տեսքը, 2013 թվական
-
Գմբեթի տեսքը ներսից
-
Զանգակատուն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Շահեն Մկրտչյան, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան, «Հայաստան», 1988 — 360 էջ. — 25000 հատ, ISBN 5-540-00402-7։
- ↑ «Հրետակոծությունից վնասվել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին. լուսանկարներ». www.1lurer.am. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար կատեգորիայում։ |