Jump to content

Սլավոնաֆիլներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սլավոնաֆիլներ, սլավոնասերներ, XIX դարի 40-50-ական թվականների ռուս, հասարակական և փիլիսոփայական մտքի ուղղություններից մեկի ներկայացուցիչներ, որոնք հանդես են եկել Ռուսաստանի պատմության զարգացման ու (սկզբունքորեն արևմտաեվրոպականից տարբեր) յուրօրինակության հիմնավորմամբ։ Այդ յուրօրինակությունը, ըստ սլավոնաֆիլների, Ռուսաստանի պատմության մեջ դասակարգային պայքարի բացակայությունն էր, համայնական կարգի (հատկապես ռուս, հողային համայնքի) առկայությունը, ուղղափառ դավանանքը, որը ըստ նրանց միակ ճշմարիտ քրիստոնեությունն էր։ Սլավոնաֆիլների հայացքների մշակման գործում գլխավոր դերը խաղացին գրականագետներ, բանաստեղծներ ու գիտնականներ Ա․ Մ․ Խոմյակովը, Ի․ Վ․ Կիրեևսկին, Կ․ Ս․ Ակսակովը, Ցու․ Ֆ․ Սամարինը։ Նշանավոր սլավոնաֆիլներից էին Ա․ Ի․ Կոշելևը, Պ․ Վ․ Կիրեևսկին, Ի․ Ս․ Ակսակովը, Դ․ Ա․ Վալուևը, Ֆ․ Վ․ Չիժովը, Ի․ Դ․ Բելյաևը, Ա․ Ֆ․ Դիլֆերդինգը, ավելի ուշ՝ Վ․ Ի․ Լամանսկին, Վ․ Ա․ Չերկուսկին։ Գաղափարապես սլավոնաֆիլներին մոտ էին գրողներ Վ․ Ի․ Դալը, Ս․ Տ․ Ակսակովը, Ա․ Ն․ Օստրովսկին, Ֆ․ Ի․ Տյուտչևը և ուրիշներ։ Սլավոնաֆիլների կենտրոնը 1840-ական թվականներին Մոսկվան էր։ Ս․ Ա․ և Ա․ Պ․ Ելագինների, Դ․ Ն․ և Ե․ Ա․ Սվերբեևների գրական սալոնները, որտեղ սլավոնաֆիլները շփվում և վիճում էին արևմտականների հետ։ Հրատարակել են ժողովածուներ ու պարբերականներ․ «Մոսկովսկիե սբորնիկի» («Московские сборники», 1846-1847 և 1852 թվականներ) և այլ ժողովածուներ, «Ռուսկայա բեսեդա» («Русская беседа», 1856-1860 թվականներ), «Սելսկոյե բլագոուստրոյստվո» («Сельское благоустройство», 1858-1859 թվականներ) ամսագրերը և «Մոլվա» («Молва», 1857 թվական), «Պարուս» («Парус», 1859 թվական) թերթերը։ 1840-1850-ական թվականներին կարևորագույն հարցի՝ Ռուսաստանի պատմության զարգացման ուղու կապակցությամբ, սլավոֆիլները, ի հակադրություն արևմտականների, հանդես էին գալիս ընդդեմ Ռուսաստանի կողմից արևմտաեվրոպական քաղաքական կյանքի ձևերի և կարգերի յուրացման։ Սակայն կողմ էին բուրժուական բարեփոխումներ իրականացնելուն, ճորտատիրական իրավունքը «վերևից» վերացնելուն։ Սլավոնաֆիլները ակտիվորեն մասնակցել են 1861 թվականի գյուղացիական ռեֆորմի նախապատրաստմանը և անցկացմանը։ Սլավոնաֆիլները մեծ կարևորություն էին տալիս հասարակական կարծիքին, պահանջում հրավիրել Զեմստվային ժողով (դումա), սակայն դեմ էին սահմանադրությանն ինքնակալության որևէ ձևական սահմանափակման։ Սլավոնաֆիլները ձգտում էին վերացնել գրաքննության ճնշումը, հաստատել բաց դատ՝ բնակչությունից ընտրված ներկայացուցիչների մասնակցությամբ, վերացնել մարմնական պատիժը և մահապատիժը։ 1859-1861 թվականների հեղափոխական իրադրության տարիներին սլավոնաֆիլների և արևմտականների հայացքները նշանակալիորեն մերձեցան։ Ետռեֆորմյան շրջանում, կապիտալիզմի զարգացման պայմաններում, սլավոնաֆիլությունը, որպես ոուս-սլավոնաֆիլների հասարակական մտքի ուղղություն, դադարեց գոյություն ունենալուց։ Սլավոնաֆիլների ուսմունքի պահպանողական գծերը հետագայում, այսպես կոչված, ուշ սլավոնաֆիլներ, զարգացրին նացիոնալիզմի և համասլավոնության (պանսլավիզմ) ոգով։ Սլավոնաֆիլների գաղափարախոսության քննադատությամբ հանդես են եկել հեղափոխական-դեմոկրատներ Բելինսկին, Գերցենը, Օգարյովը, Չեռնիշևսկին, Դոբրոլյուբովը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։