Սարգիս Ճեբեշի Ճեպեճյան (ծ. 1864, գ․ Ուզունլու, Յոզղաթի գավառ, Թուրքիա - 1920, Հաճն), հայ ռազմական գործիչ, Հաճընի 1920 թվականի ինքնապաշտպանական մարտերի մասնակից և հրամանատար։ 1914 թվականի վերջին զորակոչվել է թուրքական բանակ և ուղարկվել Կովկասյան ռազմաճակատ։ Երբ սկսվել են հայ զինվորների նկատմամբ թուրքական հալածանքներն ու նրանց զանգվածային բնաջնջումը, Ճեպեճյանը փախել է բանակից և անցել ռազմաճակատի գիծը։ 1918 թվականին մտել է Անդրանիկի կամավորական ջոկատը, մասնակցել բազմաթիվ մարտերի։ 1919 թվականի սկզբին մեկնել է Կ․ Պոլիս, այնտեղից Կիլիկիա։ 1920 թվականին նշանակվել է Հաճնի ինքնապաշտպանության ուժերի հրամանատար։ 1920 թվականի մարտին քեմալական 20 հազար զորքերը պաշարել են Հաճնը։ Անհավասար մարտում Ճեպեճյանը ծանր վիրարավորվել է և խուսափելով գերի ընկնելուց, վերջին գնդակով ինքնասպան է եղել։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 97)։