Ռաբբուլայի մասին կարևոր կենսագրական տվյալներ է հաղորդում ասորերեն լեզվով գրված նրա վարքը, որը հավանաբար ստեղծվել է 436-457 թվականների միջև ընկած ժամանակահատվածում՝ եդեսացի անհայտ հեղինակի կողմից[2]։ Ռաբբուլայի հայրը եղել է հեթանոս քուրմ, իսկ մայրը՝ քրիստոնյա, ում շնորհիվ էլ նա սերտ կապեր է ունեցել քրիստոնյաների հետ։ Նա սկզբնական շրջանում եղել է պետական ծառայող։ Ռաբբուլայի քրիստոնյա դառնալու գործում կարևոր ազդեցություն են ունեցել նրա ծանոթությունը Աբրահամ միայնակյացի, Խալկիսի Եվսեբիոս և Հալեպի Ակակիոս եպիսկոպոսների հետ, որոնց ազդեցության տակ Ռաբբուլան մեկնում է Պաղեստին և մկրտվում Հորդանան գետում, այնուհետև սկսում է վարել ճգնավորական կյանք[3]։ 412 թվականի գարնանը Ռաբբուլան ընտրվում է Եդեսիայի եպիսկոպոս։ Նրա հետևողական ջանքերի շնորհիվ շուտով Եդեսիայի թեմը ծաղկում է ապրում և դառնում իր ժամանակի գիտական կենտրոններից մեկը։ Ռաբբուլան աչքի էր ընկնում նաև աղանդավորական և հերետիկոսական շարժումների դեմ իր անհաշտ պայքարով։ Նա հանդիսանում էր հականեստորական շարժման գլխավոր դեմքերից մեկը և Կյուրեղ Ալեքսանդրացուքրիստոսաբանության ջերմ ջատագովը[4]։ Ռաբբուլան հականեստորական այս պայքարի ընթացքում Մելիտենեի եպիսկոպոս Ակակիոսի միջնորդությամբ նամակագրական կապ է հաստատել Հայոց Կաթողիկոս Սահակ Ա Պարթևի հետ՝ նրան զգուշացնելով Մեծ Հայքի տարածքում հայտնված նեստորական քարոզիչների վտանգից[5]։ Ռաբբուլան վախճանվել է 435 կամ 436 թվականի օգոստոսի 8-ին[6]։ Նրա գրական ժառանգությունից պահպանվել են միայն մի քանի պատառիկներ։