Պենտագոնի փաստաթղթեր
Պենտագոնի փաստաթղթեր (կամ Պենտագոնի թղթեր, անգլ.՝ Pentagon Papers), հանրության շրջանում «ԱՄՆ-Վիետնամ հարաբերություններ, 1945—1967 թվականներ. հետազոտություն» (անգլ.՝ United States-Vietnam Relations, 1945—1967: A Study) հավաքածուի տարածված անվանումը, որը նախատեսված էր ԱՄՆ պաշտպանության նախարարության ներգերատեսչական օգտագործման համար, սակայն 1971 թվականին, Վիետնամի պատերազմ ժամանակ, մասնակի հրապարակվել է ամերիկյան մամուլի կողմից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքածուի ստեղծումն սկսվել է 1967 թվականին՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ ՄաքՆամարայի նախաձեռնությամբ։ Նախագծին ներգրավվել են բանակային սպաներ, քաղաքացիական քաղաքագետներ և պատմաբաններ։ Ընդհանուր նպատակը հնդկաչինի հարցում ամերիկյան կառավարության ընդունած որոշումների պատմության գրառումն էր, ներառյալ պատերազմի ժամանակ ընդունված որոշումները։ Աշխատությունը բաղկացած էր 7000 էջից, որի կեսից ավելին տարբեր փաստաթղթեր էին։ Ընդորում, նախատեսվում էր, որ հավաքածուն չի գաղտնազերծվի մոտ ապագայում։
Հրապարակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պենտագոնի փաստաթղթերը հանրությանը հասանելի դարձան ԱՄՆ պետքարտուղարության վերլուծաբան Դենիել Էլսբերգի շնորհիվ։ Մտահոգված լինելով Վիետնամի պատերազմով՝ Էլսբերգը կարողացել էր գաղտնի կերպով պատճենել հավաքածուի մի մասը։ Նա փորձում էր այդ նյութերն առաջարկել ԱՄՆ Կոնգրեսի՝ պատերազմի դեմ հանդես եկող անդամներին, իսկ երբ այդ փորձը տապալվեց, այն փոխանցեց Վիետնամում ամերիկյան քաղաքականության հայտնի քննադատներից մեկին՝ լրագրող Նիլ Շիենին։ 1971 թվականի հունիսին The New York Times-ը սկսեց հրապարակել Պենտագոնի փաստաթղթերը, ինչը մեծ դժգոհություն առաջացրեց հանրապետական նախագահ Ռիչարդ Նիքսոնի վարչակազմի շրջանում։ Փաստաթղթերում նշվում էր, որ նախկին նախագահ Ջոնսոնի վարչակազմը կանխամտածված ձեռնարկել է պատերազմի սրմանն ուղղված գործողություններ, չնայած Ջոնսոնի այն պնդումներին, որ ԱՄՆ-ն ձգտում է կարգավորել հակամարտությունը։
Դատական գործընթացներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փաստաթղթերի հրապարակման գործը հասել է ԱՄՆ Գերագույն դատարան, որը վճռեց, որ ամերիկյան թերթերը փաստաթղթերի հրապարակման իրավունք ունեն։
Հասարակության վրա ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պենտագոնի փաստաթղթերի հրապարակումն ուժեղացրեց ամերիկյան հանրության շրջանում իշխանության բարձր մարմինների նկատմամբ անվստահությունը, իսկ բուն փաստաթղթերը կիրառվել են հակապատերազմական շարժման կողմից՝ որպես ևս մեկ վկայություն Վիետնամի պատերազմի հարցում ամերիկյան կառավարության մոտ անկեղծության բացակայության վերաբերյալ։
2011 թվականին, արտահոսքի 40-րդ տարելիցին, ԱՄՆ ազգային արխիվը, Քենեդիի, Ջոնսոնի և Նիքսոնի նախագահական գրադարանների հետ համատեղ, գաղտնազերծեց հաշվետվությունը (ավելի քան 48 տուփ և 7 000 էջ)[1][2][3][4]։
2017 թվականին լույս է տեսել ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի «Գաղտնի գործ» գեղարվեստական ֆիլմը, որը պատմում էր այդ օրերին The New York Times և The Washington Post թերթերի լրագրողների աշխատանքի մասին, երբ նրանք հրապարակում էին Պենտագոնի փաստաթղթերից հատվածներ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Pentagon Papers released in full on 40th anniversary of leak Արխիվացված 2016-03-12 Wayback Machine, June 13th, 2011
- ↑ «Pentagon Papers - USA.gov Blog». blog.usa.gov (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.
- ↑ США раскрыли тайны войны во Вьетнаме Արխիվացված 2012-09-14 Wayback Machine // 17 июля 2011
- ↑ В США опубликуют рассекреченные документы о войне во Вьетнаме Արխիվացված 2016-03-04 Wayback Machine // Вести.ру, 13.06.2011
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Документы Пентагона / The Pentagon Papers // The U.S. National Archives and Records Administration
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պենտագոնի փաստաթղթեր» հոդվածին։ |
|