Jump to content

Պարուրաձև գալակտիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարույր գալակտիկայի օրինակ՝ Պտտան գալակտիկա (M 101)

Պարուրաձև գալակտիկա (նշվում է` S), գալակտիկաների հիմնական տեսակներից մեկը Հաբլի հաջորդականության մեջ, որը նկարագրվել է նրա կողմից 1936 թվականին[1]։ Նման գալակտիկաներն ունեն զգալի սկավառակի բաղադրիչ և փոքր ուռուցիկություն, և, ի տարբերություն ոսպնյակաձև գալակտիկաների, ունեն արտահայտված պարուրաձև թևեր, ինչի համար էլ ստացել են իրենց այս անվանումը։ Ենթադրվում է, որ պարուրաձև գալակտիկաները կազմում են բոլոր գալակտիկաների մոտ կեսը[2]։

Ուսումնասիրության պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ «պարուրաձև միգամածությունները» որպես աստղագիտական մարմինների դաս նկարագրվել են Ուիլյամ Փարսոնսի կողմից 1845 թվականին[3]։ Այնուամենայնիվ, այն ժամանակ դեռ ենթադրվում էր, որ այս միգամածությունները գտնվում են Ծիր Կաթինի ներսում և գազի ու փոշու ամպեր են, և միայն 1926 թվականին Էդվին Հաբլը ապացուցեց, որ նմանատիպ աստղագիտական մարմինները իրականում գտնվում են Ծիր Կաթինի սահմաններից դուրս[4]։

Ֆիզիկական բնութագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թուլլի-Ֆիշերի կախվածությունը պարուրաձև և ոսպնյակաձև գալակտիկաների համար

Տարբեր գալակտիկաների, ներառյալ պարուրաձև գալակտիկաների պարամետրերը տարբերվում են լայն տիրույթում[2]։

Պարուրաձև գալակտիկաներն ամենից հաճախ ունենում են 20–40 կիլոպարսեկ տրամագծեր, թեև երբեմն հանդիպում են ավելի մեծ գալակտիկաներ։ Օրինակ՝ հայտնի ամենամեծ պարուրաձև գալակտիկան՝ NGC 6872-ը, ունի մոտ 160 կիլոպարսեկ տրամագիծ, ինչը հինգ անգամ մեծ է Ծիր Կաթինի տրամագծից[5]։ Գալակտիկաների մեծ մասը ունեն բացարձակ աստղային մեծություն` -21m-ից մինչև -23m, բայց կան նաև գաճաճ գալակտիկաներ՝ ավելի ցածր պայծառությամբ։ Վերջապես, գալակտիկաների մեծ մասի, ներառյալ գաճաճների, զանգվածները գտնվում են 109-ից 1012 M☉ միջակայքում, և ավելի մեծ զանգված ունեցող գալակտիկաներն ավելի քիչ տարածված են, քան փոքր գալակտիկաները[2]։

Պտտման արագությունները սովորաբար տատանվում են 100-ից մինչև 300 կմ/վրկ-ի սահմաններում։ Միևնույն ժամանակ, պտույտի բնույթը տարբեր է՝ տարբեր գալակտիկաներում և գալակտիկաների տարբեր մասերում. էլիպսաձև գալակտիկաներում և սկավառակային գալակտիկաների ուռուցիկության մեջ աստղերը և գալակտիկայի այլ տարրերը պտտվում են տարբեր հարթություններում ընկած երկարացված ուղեծրերում։ Ոսպնյակաձև և պարուրաձև գալակտիկաների սկավառակի բաղադրամասերում շարժումը տեղի է ունենում մոտավորապես նույն հարթության շրջանաձև ուղեծրերի երկայնքով[2]։

Պարուրաձև գալակտիկաների համար կատարվում է Թուլլի-Ֆիշերի կախվածությունը, որը կապում է գալակտիկայի ընդհանուր պայծառությունն ու նրա պտտման արագությունը։ Այս կախվածությունը կիրառելի է նաև ոսպնյակաձև գալակտիկաների համար, բայց մի փոքր տարբեր գործակիցներով[6]։

Պարուրաձև գալակտիկաները կազմված են հետևյալ բաղադրիչներից.

Պարուրաձև գալակտիկայի դիագրամ, տեսքը կողքից

Բոլոր տեսակի գալակտիկաների մեջ (բացառությամբ անկանոնների, որոնք չունեն կառուցվածք), միջինում պարուրաձև գալակտիկաներում սկավառակի բաղադրիչն առավել ցայտուն է, իսկ ուռուցիկությունը՝ ամենաքիչ արտահայտված[7][8]։ Պարուրաձև գալակտիկաների սկավառակներում դիտվում են գալակտիկական թևեր, և ինքնին սկավառակը սովորաբար շրջապատված է գալակտիկական լուսապսակով։ Հալոն պարունակում է գալակտիկայի զանգվածի մի փոքր մասը՝ հիմնականում 2-րդ սերնդի հին աստղեր և գնդաձև կուտակումներ։ Նույն պարունակությամբ է ուռուցիկությունը, իսկ սկավառակը, ընդհակառակը, հարուստ է 1-ին սերնդի երիտասարդ աստղերով, ցրված աստղային կուտակումներերով և միջաստղային գազով ու փոշով, ինչպես նաև միգամածություններով[9]։

Որոշ պարուրաձև գալակտիկաներ կենտրոնում ունեն ձողիկ, որը կոչվում է բար, որն անցնում է պարուրաձև թևերի միջև։ Ինչպես ցույց տվեցին 2005 թվականի դիտարկումները Սպիտցերի անվան տիեզերական աստղադիտակի կողմից, այն ունի նաև Ծիր Կաթինը, և այս պահին այն ունի բոլոր պարուրաձև գալակտիկաների 2/3-ը։ Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում այս թիվը փոխվում է. 8 միլիարդ տարի առաջ պարուրաձև գալակտիկաների միայն 11%-ն ուներ այն, իսկ 2,5 միլիարդ տարի առաջ այդ թիվը կրկնապատկվել էր[10]։

Պարուրաձև կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալակտիկական թևերը, որոնք դիտվում են միայն պարուրաձև գալակտիկաների սկավառակներում, առանձնանում են իրենց ավելի մեծ պայծառությամբ և կապույտ գույնով սկավառակի ֆոնի վրա և ունեն լոգարիթմական պարույրի ձև։ Բոլոր պարուրաձև գալակտիկաներն ունեն թևեր, սակայն պարուրաձև գալակտիկաների միայն 10%-ն ունի կանոնավոր կառուցվածք։ Գալակտիկաների 60%-ում պարուրաձև կառուցվածքը պակաս կանոնավոր է, բայց, ընդհանուր առմամբ, այն լավ հետագծված է, իսկ մնացած 30%-ը պատկանում է բամբակաձև գալակտիկաներին. նրանց պարուրաձև նախշը բաղկացած է առանձին կտորներից և շարունակական պարույրներ չի կազմում[11]։

Թևերի միջև կան նաև աստղեր և միջաստղային նյութ, սակայն գալակտիկաների թևերն առանձնանում ենառանձնանում են նրանով, որ դրանք գալակտիկայի ամենաակտիվ աստղաստեղծ շրջաններն են։ Հենց դրանցում են ձևավորվում աստղերը, սակայն դրանցից ամենապայծառններն ու ամենատաքերը երկար չեն ապրում և ժամանակին չեն հասցնում սկավառակի այլ շրջաններ տեղափոխվել։ Ուստի դրանք դիտվում են միայն գալակտիկայի թևերում, որն էլ ապահովում է նրանց բարձր պայծառություն և կապտավուն գույն։ Այնուամենայնիվ, ինֆրակարմիր տիրույթում նկատվում է նաև պարուրաձև կառուցվածք, հետևաբար թևերը նույնպես աստղային խտության բարձրացված շրջաններ են[11][12][13]։

Պարույրները «ոլորվում են», թե «փաթաթվում» հարցի պատասխանը երկար ժամանակ անհայտ էր, այսինքն՝ գալակտիկայի պտույտը տեղի է ունենում թևերի արտաքին ծայրով, համապատասխանաբար, ետ կամ առաջ. կողքից դիտվող գալակտիկաներում անհնար է նկատել պարուրաձև կառուցվածքը, իսկ այն գակալակտիկաները, որոնք դիտվում են դիմահայաց, դժվար է չափել պտտման արագությունը։ Այս պահին ենթադրվում է, որ գալակտիկաների մեծ մասում պարույրները ոլորված են, սակայն որոշ փոխազդող գալակտիկաներում հակառակն է նկատվել[11]։

Պարուրաձև թևերի ծագումը նույնպես երկար ժամանակ հանելուկ էր. ամենապարզ պատկերացման մեջ, որտեղ պարուրաձև ճյուղերը մշտապես պարունակում են միևնույն նյութը, գալակտիկայի մի քանի պտույտների ընթացքում նրանք կձգվեին և կքանդվեին։ Հետևաբար, այս պահին գերիշխում են երկու վարկածներ՝ կամ պարուրաձև թևերը երկար չեն ապրում և անընդհատ անհետանում և հայտնվում են, կամ նրանք պտտվում են գալակտիկայի կենտրոնի շուրջը իրենց սեփական արագությամբ՝ ի տարբերություն գալակտիկայի պտույտի արագությունից, այսպիսով, աստղերի ձևավորումն անընդհատ տեղի է ունենում տարբեր տարածքներում[2][11][13]։

Պարուրձև գալակտիկաների օրինակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Hubble, E.P. The realm of the nebulae. — New Haven: Yale University Press, 1936. — (Mrs. Hepsa Ely Silliman memorial lectures, 25). — ISBN 9780300025002(pp. 124–151)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Кононович Э.В., Мороз В.И. Общий курс астрономии. — 2-е, исправленное. — УРСС, 2004. — С. 468—486. — 544 с. — ISBN 5-354-00866-2
  3. «Парсонс Уильям (лорд Росс)». Астронет. Астронет. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
  4. Hubble, Edwin Extragalactic nebulae(անգլ.) // The Astrophysical Journal : journal. — IOP Publishing, 1926. — Т. 64. — № 64. — С. 321—369. — doi:10.1086/143018 — Bibcode1926ApJ....64..321H
  5. «Астрономы определили крупнейшую спиральную галактику» (ռուսերեն). Lenta.ru. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
  6. Tully, R. B., Fisher, J. R., «A new method of determining distances to galaxies». (pdf) Astronomy and Astrophysics, vol. 54, no. 3, Feb. 1977, pp. 661—673. (abs).
  7. Binney & Merrifield Galactic Astronomy. — 1998. — ISBN 0-691-02565-7
  8. Lambas, D.G.; S.J.Maddox and J. Loveday On the true shapes of galaxies(անգլ.) // MNRAS : journal. — 1992. — Т. 258. — № 2. — С. 404—414. — doi:10.1093/mnras/258.2.404 — Bibcode1992MNRAS.258..404L
  9. «Галактика». Астронет. Астронет. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
  10. «Hubble and Galaxy Zoo Find Bars and Baby Galaxies Don't Mix». Science Daily. 2014 թ․ հունվարի 16. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 «Лекция 17. Спиральная структура Галактики». Астронет. Астронет. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
  12. «Галерея спиральных галактик». Астронет. Астронет. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
  13. 13,0 13,1 Астрономия: век XXI / Ред.-сост. В. Г. Сурдин. — 2-е изд. — Фрязино: «Век 2», 2008. — С. 349. — ISBN 978-5-85099-181-4
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարուրաձև գալակտիկա» հոդվածին։