Jump to content

Պաշտոնական ոճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պաշտոնական ոճ, այս ոճը ունի նաև այլ անվանումներ՝ պաշտոնական֊գործավարական ոճ, պաշտոնական լեզու, վարչագործարարական կամ վարչագրասենյակային ոճ, պաշտոնական֊վարչական ոճ։ Այս անվանումները սկզբունքային տարբերություններ չունեն հասկացության ընդգրկման, գործառման ոլորտների և նպատակների առումներով։ Նախընտրելի է, սակայն, պաշտոնական անվանումը, որը «ընդհանրական ընդգրկում ունի այդ ոճի բոլոր դրսևորումների, տարատեսակների համար և հակիրճ է»։ Պաշտոնական ոճի գործառման ոլորտը պետաիրավական հարաբերություններն են, պաշտոնական գործունեությունը, գործարարությունը։ Այս ոճով են շարադրվում պաշտոնական ոլորտում գործառվող գրագրության բոլոր ձևերը՝ սկսած պետական օրենսդրական ակտերից մինչև գործնական նամակներ, հաշվապահական տեղագրեր, ծառայողական գրագրություններ և այլ տիպի փաստաթղթեր։ Պաշտոնական գրագրությունների լեզվական նյութը գրական լեզուն է՝ իր բառապաշարով և քերականությամբ։ Լեզվական այսօրինակ կաղապարների կրկնությունը գրագրության լեզվին հաղորդում է որոշ միօրինակություն։ Խոսքը դառնում է կաղապարված, որոշ չափով արհեստական։ Պաշտոնական գրություններում լեզվական նման կանոնակարգումը խոսում է ոճի մշակվածության մասին և ունի առավելություններ․ լեզվակաղապարները ժամանակի ընթացքում «հարմարվում են» նյութին՝ արագ և հստակ հաղորդելու համար տեղեկություններ, հնարավորություն են տալիս ժամանակ չվատնելու ձևակերպումների և բնութագրությունների վրա։ Պաշտոնական խոսքում իր տեղում գործածված կաղապարը նույնքան անհրաժեշտ է, որքան արտահայտչամիջոցը՝ գեղարվեստական խոսքում[1]։ Պաշտոնական ոճում առավել ակտիվ գործառույթ ունեն լեզվի մյուս մակարդակների՝ բառագիտության և քերականության միավորները՝ բառը, բառաձևը, նախադասությունը։

Բառի ճիշտ ընտրությունը և տեղին գործածությունը խոսքի կառուցման կարևորագույն պայմաններն են լեզվի գործառական բոլոր տարբերակներում։ Պաշտոնական խոսքում բառի այդ դերը երկիցս կարևորվում է, քանի որ նշված հատկանիշները անհրաժեշտ, պարտադիր գործոններ են՝ հստակ, ճիշտ հաղորդակցում ապահովելու համար։ Բառը այստեղ գործածվուն է միայն ուղղակի նշանակությամբ։ Իսկ բազմիմաստ բառերի դեպքում պետք է կիրառվեն և ընկալվեն իրենց մեկ՝ հիմնականում առաջնային նշանակությամբ։ Պաշտոնական ոճում ճշգրտություն, միօրինակություն են ապահովում նաև տերմինները։ Դրանց լայն գործածությունը պաշտոնական ոճի հատկանիշն է։ Բառիմաստի գործառական դրսևորումներից փոխանունությունը հաճախ է գործածվում քաղաքացիական գործառությունների տեքստերում՝ պայմանագիր, լիազորագիր, համաձայնագիր, պարտավորագիր, նվիրատվություն։ Բառակազմական տեսակետից պաշտոնական գրագրության բառապաշարը բնութագրվում է բարդ բառերի հաճախակի գործածությամբ։ Առավել գործածական են համադրական բարդ բառերի՝ հոդակապով և անհոդակապ կազմությունները, ինչպես նաև բայական հարադրավորները։ Պաշտոնական գրագրության բառապաշարում գերակշռում են երկար բառերը։ Պաշտոնական փաստաթղթերում հաճախ հանդիպող բարդության տեսակներից է հապավումը։ Պաշտոնական գրագրությունների բառապաշարը գրագրքային բնույթ ունի։ Պաշտոնական գրագրության մեջ գործածաբանական որոշ սահմանափակումներ ունեն նորաբանությունները։ Փաստաթղթերում հանձնարարելի չէ այնպիսի նորակազմությունների կիրառությունը, որոնք ստեղծվել են բառակազմական ընդունված կաղապարներով ու միջոցներով։

Պաշտոնական ոճի ենթաոճեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական ոճը ունի շրջանառման բազմազան ոլորտներ՝ դիվանագիտական հարաբերություններ, տնտեսավարում, գործարարություն, պետաիրավական համակարգ, օրենսդրական գործունեություն, բանկային գործ։ Պաշտոնական ոճի ենթաոճերն են իրավաբանական, դիվանագիտական, գրասենյակային, հաշվապահական։

Իրավաբանական ենթաոճ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրառման ոլորտը հիմնականում օրենսդրական փաստաթղթերն են։ Ներառում է պետական, քաղաքացիական, քրեական իրավունքի, աշխատանքային գործունեության, ամուսնության և ընտանիքի մասին օրենքների և պետաիրավական այլ փաստաթղթերի բառապաշարը, քերականական համակարգը, արտահայտչական միջոցները։ Այստեղ համատեղում են մի քանի գիտաճյուղերի տերմիններ։ Իրավաբանական ենթաոճի մասին խոսելիս հատկապես պետք է առանձնացնել նրա դրսևորման յուրահատուկ ձևերից մեկը՝ դատական խոսքը, քանի որ այն երբեմն չի բնութագրվում այն ընդհանուր հատկանիշներով, որոնք բնորոշ են պաշտոնական ոճին։

Դիվանագիտական ենթաոճ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործառվում է դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների ոլորտում, դիվանագիտական գրագրությունների լեզվում։ Խոսքի այս տեսակին բնորոշ են պաշտոնականությունը, հանդիսավորությունը հաճախ նաև որոշ վերամբարձությունը։ Դիվանագիտական խոսքին բնորոշ հանդիսավորությունը սովորաբար ստեղծվում է գրական֊գրքային բարձր ոճի բառերի և բառային ու քերականական հնաբանությունների գործածության շնորհիվ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Յուրի Ավետիսյան «Հայոց լեզու և խոսքի մշակույթ», գիրք բ, ԵՊՀ հրատարակչություն 2015 էջ 173֊197

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.twirpx.com/file/79317/(չաշխատող հղում)