Jump to content

Չիմու մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Չիմու մշակույթ՝ Չիմոր
1100 - 1470  
Պերու Պերու
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Չան Չան
Լեզու Մոչիկա, Քուինգնամ
Կրոն Բազմաստվածություն
Իշխանություն
Պետական կարգ Մշակույթ

Չիմու, մշակույթ, որը կենտրոնացած է եղել Չիմորում` Չան Չան մայրաքաղաքով, որը մեծ աղյուսե քաղաք է Մոչե հովտում, ներկայիս Պերուի Տրուխիլիո քաղաքի մոտ։ Մշակույթը սկզբնավորվել է մոտավորապես 900 թվականին։ Ինկերի կայսր Տուպակ Ինկա Յուպանկին 1470 թվականին արշավանք է սկսել և գրավել է Չիմուն[1]։

Սա այս շրջանում Իսպանացիների հայտնվելուց մոտ 50 տարի առաջ էր։ Հետևաբար իսպանացի պատմաբաններին հաջողվել է Չիմու մշակույթի մասին վկայություններ արձանագրել այն մարդկանցից, ովքեր ապրել են Ինկերի ներխուժումից առաջ։ Հնագիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Չիմորը գերաճել է Մոչե մշակույթի մնացորդներից։ Վաղ Չիմու մշակույթի խեցեղենը որոշակի նմանություններ ունի Մոչե մշակույթինի հետ։ Երկուսի խեցեղենում էլ գերակշռում է սև գույնը, իսկ թանկարժեք մետաղներից աշխատանքները արված են մանրակրկիտ և բարդ զարդանախշերով։

Չիմու ժողովուրդը բնակվել է Պերուի հյուսիսային ափին։ Այս տարածքն ընդգրկում է անապատի մի փոքր շերտ, որի լայնությունը 20-100 մղոն է։ Այն գտնվում է Անդերի խաղաղօվկիանոսյան և արևմտյան լանջերի միջև։ Որոշ վայրերում անապատի այս հատվածը հատում են կարճ գետեր, որոնց շնորհիվ առաջացել են կանաչ և բերրի օազիսներ։ Հովիտները բավականին հարթ են և հարմար են լավ ոռոգում իրականացնելու համար, սրա շնորհիվ էլ Չիմու քաղաքակրթությունն ուներ զարգացած գյուղատնտեսություն։ Ձկնորսությունը նույնքան կարևոր էր, որքան գյուղատնտեսությունը[2]։

Հայտնի է, որ Չիմու ժողովուրդը երկրպագել է լուսնին։ Նրանք կարծում էին, որ լուսինը ավելի հզոր ուժ ունի, քան արևը։ Սա բնորոշ է եղել նաև Ինկերին։ Ծիսական արարողություններում մեծ դեր ունեին զոհաբերությունները։ Որպես ընծա հաճախ մատուցում էին Spondylus խեցեմորթ, որն ապրում է միայն ներկայիս Էկվադորի ափամերձ տաք ջրերում։ Այն նույնացվում էր ծովի, անձրևի և բերրիության հետ[3]։

Չիմու մշակույթը հայտնի էր յուրահատուկ միագույն խեցեղենով և մետաղագործությամբ (ոսկի, արծաթ, պողպատ, բրոնզ և տումբագա (պողպատի և ոսկու խառնուրդ))։ Խեցեղենը հիմնականում ուներ ինչ-որ էակի ձև, կամ էլ քառակուսի շշի վրա նստած կամ էլ կանգնած մարդու ձև։ Խեցեղենին սև, փայլուն մակերես տալիս էին ՝ այն բարձր ջերմաստիճանի տակ հղկելով փակ թրծավառարանում, որը թույլ չէր տալիս թթվածնին ռեակցիա առաջացնել կավի հետ։

Վաղ Չիմու (Մոչե քաղաքակրթություն)

[խմբագրել | խմբագրել կոդը]

հիմնական հոդված՝ Մոչե քաղաքակրթություն

Պերուի հյուսիսային ափի ամենահին քաղաքակրթությունը Մոչե կամ Մոչիկա քաղաքակրթությունն է, որը նաև անվանում են Վաղ Չիմու[4]։ Այս ժամանակաշրջանի սկիզբը անհայտ է, բայց այն ավարտվել է 700 թվականին։ Այն կենտրոնացած է եղել Չիկամա, Մոչե և Վիրու հովիտներում։ Վաղ Չիմուի ժամանակաշրջանին են վերագրվում բազմաթիվ մեծ բուրգեր, որոնք կառուցված են ուղղանկյունաձև աղյուսի կտորներից՝ պատրաստված կաղապարների միջոցով։ Վաղ Չիմու մշակույթում կան նաև գերեզմանատեղեր, որոնք չունեն բուրգի տեսք։ Ուղղղանկյունաձև, աղյուսապատ գերեզմանների պատերի մեջ կան խորշեր, որոնց մեջ տեղադրվել են թասեր։

Գոբելեն-վերնաշապիկ

Այս շրջանի խեցեղենին բնորոշ են իրատեսական մոդելավորումը և նկարված տեսարանները։

Ընդլայնում և կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիմու մշակույթը զարգացել է հենց այն տարածաշրջանում, որտեղ դարեր առաջ գոյություն է ունեցել Մոչիկա քաղաքակրթությունը։ Չիմուն ափամերձ մշակույթ էր։ Այն զարգացում է ապրել Մոչե հովտում՝ ներկայիս Լիմա քաղաքից դեպի հյուսիս, Հուարմեյից դեպի հյուսիս-արևելք և եզրափակվել է ներկայիս Տրուխիլիո քաղաքով։ Ավելի ուշ նրա սահմաններն ընդարձակվել են մինչև Արեկիպա։

Չիմու մշակույթի ոսկյա զարդարանք, 1300 թվական

Չիմուն ի հայտ է եկել 900 թվականին։ Չիմորը, որը հայտնի է նաև որպես Չիմորի թագավորություն, ուներ իր մայրաքաղաքը, որ գտնվում է այժմյան Չան Չան կոչվող վայրում։ Ենթադրվում է, որ Տայկանամոն իր թագավորությունն է հիմնել այստեղ։ Նրա որդին՝ Գուացրիկուրը, գրավել է հովտի ստորին հատվածը։ Նրան հաջորդել է իր որդին՝ Նասեն Պինկոն, ով էլ իրականում հիմնադրել է թագավորությունը՝ գրավելով Չիմոր հովտի վերին մասը և հարևան հովիտները՝ Սանան, Պակասմայոն, Վիրուն, Չաոն և Սանտան[2]։

Վերջին Չիմու թագավորությունը հիմնադրվել է մոտավորապես 14-րդ դարի առաջին կեսին։ Նասեն Պինկոն հավանաբար կառավարել է 1370-ական թվականներին։ Նրան հաջորդել են 7 կառավարիչներ, որոնց անունները դեռևս անհայտ են։ Նրանց հաջորդել է Մինչանկամանը, ով կառավարել է մոտավորապես Ինկերի նվաճման ժամանակ՝ 1462-1470-ական թթ.[2][5]։ Տարածքների ընդլայնումը տեղի է ունեցել Չիմու քաղաքակրթության ուշ ժամանակաշրջանում, որը կոչվում է Ուշ Չիմու։ Սակայն Չիմուի սահմանները ընդարձակվել են մի քանի փուլով, այլ ոչ թե միանգամից։ Նասեն Պինկոն կարող էր կայսրության սահմանները ընդարձակել մինչև Խեկուետեպեկ և Սանտա, բայց այդ տարածաշրջանի բոլոր շրջանների կցումը մի գործընթաց էր, որը սկսվել էր դեռևս հին կառավարիչների օրոք[6]։

Ձկնորսի տեսքով աման, 1100-1400 թթ.

Չիմուի սահմանները ընդարձակվել էին այնքան, որ երկիրը ներառում էր բավականին մեծ տարածք և բազմաթիվ էթնիկ խմբեր։ Երբ Չիմուն իր զարգացման գագաթնակետում էր, այն արդեն ընդարձակել էր իր սահմանները մինչև հյուսիսում գտնվող Խեկուետեպեկ գետ։ Հարավում Չիմուի սահմանները ձգվում էին մինչև Կարաբայալլո։ Դեպի հարավ առաջխաղացումը կանխվել է Լիմա հովտի ռազմական ուժերի կողմից։

Չիմու հասարակությունը քառաստիճան հիերարխիայի համակարգ էր, որի վարչական կենտրոնները կառավարվում էին բարձր խավի կողմից[7][8]։ Հիերարխիան կենտրոնացած էր Չան Չանի պարսպապատ քաղաքներում։ Չան Չանի քաղաքական հզոր ուժի շնորհիվ Չիմու մշակույթի ջրանցքերը և ոռոգման համակարգերը կառուցվել են կազմակերպված աշխատուժի միջոցով։

Չան Չանը Չիմուի հիերարխիայի վերին աստիճանն էր։ Նրա ստորադասը Ֆարֆանն էր Խեկուետեպեկ հովտում։ Չիմու ժողովուրդը հիմնել է իր հիերարխիան տարածքների ընդարձակման սկզբնական շրջանում։ Ծայրամասային շրջաններում ապրող բարձր խավը հիերարխիայում զբաղեցնում էր ավելի ցածր դիրք։ Նրանք զբաղվում էին հողի, ջրի և աշխատուժի հարցերով, մինչդեռ բարձր դիրք զբաղեցնողները զբաղվում էին ռեսուրսների բաշխմամբ և վարչական այլ հարցերով։ Ծայրամասային շրջանները ծառայում էին որպես ինժեներական շտաբկայաններ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսական և հասարակական համակարգը գործում էր հումքի ներկրման միջոցով, որը այնուհետև Չան Չանում վերածվում էր բարձրակարգ ապրանքների[9]։ Չան Չանի բարձր խավն էր որոշումներ կայացնում կազմակերպման, արտադրության մենաշնորհացման, մթերքի և արտադրանքի պահեստավորման և ապրանքների սպառման վերաբերյալ հարցերի շուրջ։

Պարսպապատ քաղաքների քաղաքացիների մեծ մասը արհեստավորներ էին։ Ուշ Չիմուի ժամանակաշրջանում միայն Չան Չանում ապրում և աշխատում էին մոտ 12000 արհեստավորներ։ Նրանք զբաղվում էին գյուղատնտեսությամբ, ձկնորսությամբ և ձեռքի աշխատանքներով։ Արհեստավորներին արգելված էր փոխել իրենց մասնագիտությունը։ Նրանք խմբավորված էին՝ ըստ իրենց մասնագիտական ոլորտների։ Հնագետները Չիմու մշակույթի ձեռագործ աշխատանքներում նկատել են կտրուկ աճ և եզրակացրել են, որ այդ աճը պայմանավորված է եղել նրանով, որ Չիմուի նվաճումների ժամանակ այլ շրջաններից արհեստավորներ են բերվել Չան Չան։ Քանի որ տնային տնտեսություններից յուրաքանչյուրում գտնվել են և՛ մետաղյա աշխատանքներ, և՛ գործվածքներ, ենթադրվում է, որ արհեստավորներ են եղել ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք։ Նրանք զբաղվել են ձկնորսությամբ, մետաղագործությամբ և գյուղատնտեսությամբ, պատրաստել են խեցեղեն և գործվածքներ բամբակից, լամայի, ալպակայի և վիկունայի բրդից։

Մասնատված ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիմուի մայրաքաղաք Չան Չանում կային բարձրակարգ բնակելի համալիրներ կամ ապաստարաններ, որոնք զբաղեցվել են ոչ թե միաժամանակ, այլ հերթականությամբ։ Սրա պատճառն այն է, որ Չիմուի կառավարիչները կիրառում էին մասնատված ժառանգության կանոնը, ըստ որի՝ գահի ժառանգորդներից յուրաքանչյուրը պետք է կառուցեր իր սեփական ամրոցը, իսկ նրա մահից հետո արդեն այդ ամբողջ հարստությունը բաշխվում էր հեռավոր բարեկամների միջև։

Մանածագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիմու մշակույթում մանր թելերից երկար և չկտրվող թել էին ստանում իլիկի միջոցով։ Նրանք օգտագործում էին նաև մի գործիք, որը ուներ փոքր փայտի տեսք, որի երկու ծայրերը գնալով նեղանում էին։

Չիմու ժողովուրդը գործվածքները զարդարում էր դիպակով, ասեղնագործությամբ և կրկնակի գործվածքով։ Երբեմն գործվածքները զարդարում էին նաև փետուրներով, ոսկով և արծաթով։ Ներկեր ստանում էին տարբեր բույսերից, հանքային նյութերից, ինչպես նաև կենդանիներից։ Հագուստները պատրաստում էին լամայի, ալպակայի, վիկունայի և գուանակոյի բրդից։ Օգտագործում էին նաև բամբակի տարբեր տեսակներ, որոնք բնականից ունեն տարբեր գույներ։

Չիմու մշակույթի խեցեղենը պատրաստվում էր երկու նպատակով՝ տնային օգտագործման համար և ծիսական արարողությունների կամ էլ թաղումների ժամանակ օգտագործելու համար։ Տնային օգտագործման խեցեղենը հասարակ էր, առանց ճոխ զարդարանքների, իսկ ծիսական նշանակության խեցեղենը ուներ ավելի գեղագիտական բնույթ։

Չիմու մշակույթի խեցեղենին բնորոշ են փոքր քանդակները, կաղապարային ձևերը։ Ամանները հիմնականում ներկված են սև գույնով և երբեմն փայլուն են։ Դրանց վրա պատկերված են կենդանիներ, մրգեր և առեղծվածային էակներ։

Մետաղագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիմու ժողովուրդը մետաղագործությամբ սկսել է զբաղվել Ուշ Չիմուի ժամանակաշրջանում։ Արհեստավորներն աշխատում էին արհեստանոցներում, որոնք ունեին բաժանմունքներ՝ տարբեր մասնագիտացումներով, օրինակ՝ ոսկեզօծման կամ արծաթապատման, մոմի արտահալումով կաղապարման, ջրանշման, դրվագապատման և այլ մասնագիտացումներով։ Այս տեխնիկաների միջոցով Չիմու ժողովրդին հաջողվում էր թողարկել մեծ թվով մետաղյա ապրանքներ՝ բաժակներ, դանակներ, թևնոցներ, կրծքանշաններ, թագեր և այլն։

Չնայած Չիմուի ափամերձ շրջաններում հանդիպում էր մեծ քանակությամբ պողպատ, այն բերվում էր լեռնային շրջաններից, որ հասնելու համար պահանջվում էր մոտ 3 օր։ Քանի որ պողպատը ներկրվում էր, դրանից մեծ մասամբ պատրաստվում էին փոքր չափերի իրեր՝ լարեր, ասեղներ, ունելիներ և այլն։ Չիմու մշակոույթում պատրաստում էին դանակներ, որոնք օգտագործվում էին ծիսական նպատակերով։ Դրանք ունեին կլորավուն սայր և կոչվում էին տումի։

Կենսակերպ և գյուղատնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիմու ժողովուրդը զարգացում է ապրել հիմնականում գյուղատնտեսության շնորհիվ։ Նրանք ունեին ջրաբաշխական համակարգեր, որոնք միացնում էին տարբեր հովիտներ և կազմում էին համալիրներ։ Այդպիսի համալիրներից է Չիկամա-Մոչե համալիրը, որը Լա Լիբերտադում երկու հովիտների միացություն է։ Չիմու ժողովուրդը մշակել է գյուղատնտեսական կատարյալ հմտություններ, որոնց շնորհիվ մշակված հողերը դարձել են է՛լ ավելի բարեբեր։ Գյուղատնտեսության մեջ մեծ դեր ունեին ուաչակները: Դրանք սուզված տնկարաններ էին, որոնք գետնի տակից խոնավ և ավազոտ հող էին ներծծում։ Չիմուներն օգտագործում էին ջրհորեր և ջրամբարներ, որոնց միջոցով հավաքում էին գետերի ջուրը և պահպանում հետագա օգտագործման համար։ Այս համակարգը մեծացնում էր հողի բարեբերությունը։ Չիմու ժողովուրդը իր ոռոգման համակարգերի և ջրամբարների շնորհիվ մշակում էր լոբի, քաղցր կարտոֆիլ, պապայա և բամբակ։ Այս ոռոգման համակարգերը գոյատևել են մինչև ուշ անցումնային շրջան։ Դրանից հետո օգտագործվել է մեկ այլ մասնագիտացված համակարգ, որը կենտրոնացած էր արբանյակային համայնքներից ռեսուրսների ներկրման և վերաբաշխման վրա[10]։ Չիմու ժողովուրդը ստիպված էր ներկրել բազմաթիվ ապրանքներ, հիմանակնում ծովամթերք։

Աստվածություններ

Պակասմայոյում ամենամեծ աստվածությունը համարվում էր լուսինը։ Այն համարվում էր ավելի զորավոր, քան արևը, քանի որ այն կառավարում էր եղանակը և վերահսկում բերքատվությունը։ Լուսնին մատուցում էին զոհեր։ Հավատացյալները բազմագույն բամբակի և մրգերի հետ մեկտեղ զոհաբերում էին նաև իրենց սեփական երեխաներին։ Նրանք հավատում էին, որ փոքր երեխաները զոհաբերվելուց հետո աստվածացվում էին։

Արևը ասոցացվում էր ալաեք-փոնգ կոչվող քարերի հետ, որոնք համարվում էին այդտեղ ապրող մարդկանց նախնիներ և արևի որդիներ։

Կարևորվում էին նաև երկու համաստեղություններ։ Օրիոնի համաստեղության երկու աստղեր համարվում էին լուսնի պատվիրակները։ Բազմունքը օգտագործվում էր տարվա օրերը հաշվելու համար։ Բացի այդ, հավատում էին, որ այն պահպանում է բերքը։

Ծովը շատ կարևոր աստվածություն էր։ Դրան նվիրաբերում էին սպիտակ եգիպտացորենի ալյուր, կարմիր օխրա, ինչպես նաև բազմաթիվ աղոթքներ։

Յուրաքանչյուր մարզում կային տաճարներ, որոնք ունեին տարբեր նշանակություն։ Նմանատիպ տաճարներ կան նաև Պերուի այլ տարածքներում։ Դրանցում առկա են երկրպագության տարբեր առարկաներ, որոնց հետ կապված են շատ լեգենդներ։

Չիմու ժողովուրդը երկրպագում էր նաև Մարս և Երկիր մոլորակներին։

Զոհաբերություն

1997 թվականին հնագետների մի խումբ Պերուի Պունտա Լոբոս ափին հայտնաբերեց 200 կմախքների մնացորդներ։ Այդ մարմինների թևերը կապված էին մեջքի ետևում, ոտքերը նույնպես կապված էին, աչքերը փակված էին կտորով, իսկ կոկորդները կտրված էին։ Հնագետները ենթադրում են, որ դրանք ծովին զոհաբերված ձկնորսների մարմիններ են։ Նրանցից շատերը 13-14 պատանիներ են[11]։

2011 թվականին հնագետները Ուանչակո գյուղում գտել են 43 մարդկային և 76 լամայի կմախքներ։ Մարդկանց կմախքները հիմանականում 6-15 տարեկան երեխաների կմախքներ են։ Նրանց մարմինների վրա արված են խորը կտրվածքներ, ինչպես նաև առկա են կողոսկրերի կոտրվածքներ, որից երևում է, որ նրանց սրտերը զոհաբերությունից առաջ հեռացվել են[12]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատների և հուշարձանների ճարտարապետությունը տարբերվում է հասարակ շինությունների ճարտարապետությունից։ Չան Չանում կան 10 ամրոցներ , որտեղ իշխել են Չիմորի թագավորները։ Այդ ամրոցները շրջապատված են 9մ բարձրությամբ պատերով, որոնք ամրոցներին տալիս են միջնաբերդի տեսք։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Kubler, George. (1962). The Art and Architecture of Ancient America, Ringwood: Penguin Books Australia Ltd., pp. 247-274
  2. 2,0 2,1 2,2 Rowe, John H. (1948) "The kingdom of Chimor", Aus Acta Americana 6, (1-2): 27.
  3. Ember, Melvin; Peregrine, Peter Neal, eds. (2001). «Chimú». Encyclopedia of Prehistory. Vol. 7 : South America (1 ed.). Springer. ISBN 978-0306462610.
  4. Holstein, Otto. 1927. "Chan-chan: Capital of the great Chimu", Geographical Review 17, (1) (Jan.): 36-61.
  5. Bennett, Wendell C. (1937). "Chimu archeology", The Scientific Monthly 45, (1) (Jul.): 35-48.
  6. Mosely, Michael E. (1990). "Structure and history in the dynastic lore of Chimor", in The Northern Dynasties Kingship and Statecraft in Chimor, eds. Maria Rostworowski and Michael E. Mosely. Washington, D.C.: Dumbarton Oaks, 1st ed., p. 548
  7. Christie, J. J. & Sarro, P. J (Eds). (2006). Palaces and Power in the Americas. Austin, Texas: University of Texas Press
  8. Keatinge, Richard W., and Geoffrey W. Conrad. 1983. Imperialist expansion in peruvian prehistory: Chimu administration of a conquered territory. Journal of Field Archaeology 10, (3) (Autumn): 255-83.
  9. Topic, J. R. (2003). "From stewards to bureaucrats: architecture and information flow at Chan Chan, Peru", Latin American Antiquity, 14, 243-274.
  10. Mosely, Michael E., and Kent C. Day. 1982. Chan Chan: Andean desert city. 1st ed. United States of America: School of American Research.
  11. «Mass human sacrifice unearthed in Peru». Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 9-ին.
  12. Lobell, Jarrett A. (Jan-Feb 2012). «A Society's Sacrifice». Archaeology. 65 (1): 43–47. ISSN 0003-8113. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին – via EBSCO's Academic Search Complete (subscription required) {{cite journal}}: External link in |postscript= (օգնություն)CS1 սպաս․ postscript (link)(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիմու մշակույթ» հոդվածին։