Ուկրաինական երաժշտություն
Ուկրաինական երաժշտություն, ուկրաինական երաժշտության մշակույթի ակունքները Կիևյան Ռուսիայի երաժշտական մշակույթի մեջ են, որի զարգացման բարձր մակարդակի և ժանրային բազմազանության մասին են վկայում տարեգրությունները և Կիևի Սոֆիայի տաճարի (11-րդ դ․) որմնանկարները։ 13-րդ դ․ վերջ-14-րդ դ․ սկզբին ուկրաինական երաժշտությունն առանձնացել է որպես արևելասլավոնական երաժշտության առանձին ճյուղ։ Ժողովրդական-երգային ստեղծագործությանը բնորոշ են զարդոլորուն մեղեդիները, ձայնավորների վոկալիզացիան, լադերից՝ էոլականը, իոնականը, դորիականը, միքսոլիդիականը։ Երգերն առանձնանում են ժանրային բազմազանությամբ՝ հողագործական տարեշրջանի ծիսական (կոլյադկաներ, վեսնյանկաներ), հարսանեկան-ծիսական, քնարական, սոցիալական֊ կենցաղային (կազակների, բուռլակների, հակաճորտատիրական են)[1][2]։
15-18-րդ դարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]15-րդ դ․ վերջին -16-րդ դ․ սկզբին զարգացել է ազգային էպոսը (պատմական երգեր, բալլադներ, դումաներ, քրոնիկներ) և ժող-պրոֆեսիոնալ կատարողական արվեստը (կոբզարներ, լիրնիկներ)։ Ժողովրդական գործիքային երաժշտությունը (անհատական և կոլեկտիվ կատարմամբ) զարգացել է պարային (կազաչոկ, հոպակ, արկան, կոլոմիյկաներ) և ռազմերթի քայլերգի ժանրերում։ Ժողովրդական նվագարաններից են՝ ջութակ, բասոլյա (լարային-աղեղնավոր), կոբզա, բանդուրա, տորբան (լարային-կսմիթային), ցիմբալ (լարային-հարվածային), քնար (լարային-ստեղնավոր), սոպիլկա, տրեմբիտա, պարկապզուկ (փողային), թմբուկ, դափ, տուլումբաս (հարվածային)։ Ժողովրդական նվագարանների ավանդական անսամբլը՝ «տրոիստա մուզիկա» (ջութակ կամ սոպիլկա, ցիմբալ և դափ)։
10-րդ դ․ զարգացել է եկեղեցական երգեցողությունը, որ առավել ծաղկման է հասել 17-րդ դ․ [բազմաձայն խմբերգային, այսպես կոչված, «պարտեսային երգեցողություն», որի տեսաբանը ուկրաինական կոմպոզիտոր, երաժշտական տեսաբան և մանկավարժ․ Ն․ Դիլեցկին է (ծն․ թ․ անհտ․- մահ․ 1723 թվականից հետո)։ Գոյություն է ունեցել նոտագրության ոչ գծային համակարգ (կրյուկներ, զնամեններ)։ Ուկրաինան Ռուսաստանի հետ միավորվելուց հետո (1654) երաժշտական մշակույթի կենտրոն դարձավ Կիև-Մոգիլայան ակադեմիան (տրվում էին դպրոցական թատրոնի, տիկնիկային վերտեպ-թատրոնի ներկայացումներ, գոյություն են ունեցել երգչախումբ, նվագախումբ, դասավանդվել է նոտային գրագիտություն)։ Պետերբուրգի պալատական երգեցիկ կապելլայի համար պրոֆեսիոնալ երգիչներ էր պատրաստում Գլուխովի երգեցիկ դպրոցը (1738)։ Երաժշտ․ դաստիարակություն տրվել է Պերեյասլավլի, Չեռնիգովի և Խարկովի կոլլեգիումներում։ 17-րդ դ․ վերջից ֆեոդալների կալվածքներում գոյություն են ունեցել ճորտական նվագախմբեր, կապելլաներ, օպերային և բալետային խմբեր։
18-րդ դ․ ուկրաինական կոմպոզիտորներից են՝ Մ․ Բերեզովսկին (1745-1777), Դ․ Բորտնյանսկին (1751-1825), Ա․ Վեդելը (1767-1808)։ 19-րդ դ․ շարունակել է զարգանալ վոկալ և գործիքային երաժշտությունը (Ի․ Վիտկովսկի, 1777-մոտ 1844, Ա․ Գալենկովսկի, 1815-մահ․ թ․ անհտ․, Ի․ Լոզինսկի, մոտ 1770-մոտ 1850, Գ․ Ռաչինսկի, 1777-1843, Պ․ Սոկալսկի, 1832-1877), ստեղծվել է Ս․ Գուլակ-Արտեմովսկու «Զապորոժցին Դանուբից այն կողմ» օպերան (1863)։ 19-րդ դարի կեսին բացվել են ռուսական մշտական օպերային թատրոններ՝ Կիևում (1867), Խարկովում (1880), Օդեսայում (1810)։ Համերգային և երաժշտա-լուսավորական գործունեություն են ծավալել Ռուսական երաժշտական ընկերության բաժանմունքները Կիևում (1863), Խարկովում (1871), Օդեսայում (1884)։ Ռուսական երաժշտական ընկերության երաժշտական ուսումնարանների հիման վրա Կիևում և Օդեսայում բացվել են կոնսերվատորիաներ (1913)։ Ուկրաինական պրոֆեսիոնալ երաժշտական դպրոցի հիմնադիրը կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր, բանահավաք և մանկավարժ Ն․ Լիսենկոն է (1842 -1912, «Նատալկա Պոլտավկա», 1889, «Տարաս Բուլբա», 1890 և այլ օպերաները, վոկալ- սիմֆոնիկ, վոկալ-գործիքային և այլ երկեր)։ Նրա ժամանակակիցներն ու հետևորդներն էին Մ․ Կալաչևսկին (1851 - մոտ 1910-1912), Վ․ Սոկալսկին (1863- 1919), Պ․ Նիշչինսկին (1832-96), Ն․ Արկասը (1853 - 1909), Բ․ Պոդգորեցկին (1873-1919), Ի․ Ռաչինսկին (1861-մոտ 1921), Պ․ Սենիցան (1879-1960), Ն․ Տուտկովսկին (1857-1931), Գ․ Կոզաչենկոն (1858-1939)։
Երաժշտությունը հոկտեմբերյան մեծ հեղափոխությունից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը հիմք դրեց ուկրաինական խորհրդային երաժշտական մշակույթի ստեղծմանը, որին ակտիվորեն մասնակցել են կոմպոզիտորներ Կ․ Ստեցենկոն, Ն․ Լեոնտովիչը, Ֆ․ Կոզիցկին (1893-1960), Մ․ Վերիկովսկին (1896- 1962), Լ․ Ռևուցկին (1889-1977), Վ․ Կոսենկոն (1896-1938), Գ․ Վերյովկան (1895-1964), Վ․ վերխովինեցը (1880- 1938), Կ․ Բոգուսլավսկին (1895-1943), Բ․ Լյատոշինսկին (1894 -1968) և ուրիշներ, որոնք զարգացրին խմբերգային, սիմֆոնիկ, վոկալ-սիմֆոնիկ, կամերային երաժշտությունը։ Ստեղծվել են ուկրաինական պետական համերգային կազմակերպություններ, երաժշտական թատրոններ, խմբերգային կոլեկտիվներ, նվագախմբեր, կամերագործիքային անսամբլներ, ուկրաինական առաջին երաժշտաբեմական ստեղծագործությունները՝ Բ․ Ցանովսկու (1875-1933) «Պայթյուն» օպերան (1927), «Ֆերենջի» բալետը (1930), Ա․ Չիշկոյի (1895-1976) «Խնձորենիների գերության մեջ» օպերան (1931), Վ․ Ֆեմելիդիի (1905-1931) «Բեկում» օպերան (1928), «Կարմանյոլա» բալետը (1930), Մ․ Վերիկովսկու «Պան Կանյովսկի» բալետը (1930), Բ․ Լյատոշինսկու «Ոսկե օղակ» օպերան (1930)։
1930-1940-ական թթ․ նշանակալի երաժշտական ստեղծագործություններ գրեցին Ն․ Կոլյադան (1907-35), Կ․ Դանկևիչը (ծն․ 1905), Գ․ Մայբորոդան (ծն․ 1913), Վ․ Բորիսովը (ծն․ 1901), Ցու․ Մեյտուսը (ծն․ 1903), Գ․ Տարանովը (ծն․ 1904), Մ․ Սկորուլսկին (1887-1950), Ա․ Շտոգարենկոն (ծն․ 1902), Գ․ ժուկովսկին (1913-1976) և ուրիշներ։
1939 թվականին Արևմտյան Ուկրաինան Խորհրդային Ուկրաինայի հետ միավորումից հետո ուկրաինական խորհրդային կոմպոզիտորների շարքերը համալրեցին Ս․ Լյուդկևիչը (1879-1980), Վ․ Բարվինսկին, Ե․ Կոզակը (ծն․ 1907), Ն․ Կոլեսսան (ծն․ 1903), Ա․ Կոս-Անաաոլսկին (1909-83), Ռ․ Սիմովիչը (ծն․ 1901), Ա․ Սոլաիսը (1890- 1975) և ուրիշներ։
Երաժշտությունը հայրենական մեծ պատերազմի տարիներին
[խմբագրել | խմբագրել կոդը]1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի տարիներին երաժշտական ստեղծագործության մեջ կենտրոնական տեղ գրավեց հայրենիքի պաշտպանության, խորհրդային ժողովրդի անմահ սխրանքի թեման։ 1950-1960 ական թթ․ երաժշտաբեմական և սիմֆոնիկ ժանրերում ստեղծագործում էին կոմպոզիտորներ Դ․ Մայբորոդան, Կ․ Դանկևիչը, Ցու․ Մեյտուսը, Բ․ Լյատոշինսկին, Ա․ Ռյարովը (1899-1955), 0․ Սանդլերը (1910-81), Վ․ Կիրեյկոն (ծն․ 1926), Վ․ Գոմոլյական (1914-80), Կ․ Դոմինչենը (ծն․ 1907), Ա․ Մվեչնիկովը (1908-1962), Ա․ Ֆիլիպենկոն (1912- 1983), Գ․ Ժուկովսկին, Վ․ Գուբարենկոն (ծն․ 1934), Ա․ Շտոգարենկոն, Ա․ Կոս-Անատոլսկին։ Մասսայական և քնարական երգեր, թատրոնի և կինոյի երաժշտություն են գրել Պ․ Մայբորոդան (ծն․ 1918), Ի․ Շամոն (1925-1983), Ա․ Բիլաշը (ծն․ 1931) և ուրիշներ։ 1960-1980-ական թթ․ կոմպոզիտորներից են Լ․ Գրաբովսկին (ծն․ 1935), Մ․ Սկորիկը (ծն․ 1938), Ե․ Ստանկովիչը (ծն․ 1942), Ի․ Պոկլադը (ծն․ 1941), Ի․ Կարաբիցը (ծն․ 1945), Լ․ Դիչկոն (ծն․ 1939)։ Կատարողներից են դիրիժորներ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ Ա․ Ավդիասկին, Լ․ Վենեդիկտովը, Ա․ Մինկովսկին, Ն․ Ռախլինը, Կ․ Սիմեոնովը, Ս․ Տուրչակը, ՈւԽՄՀ ժողովրդական արտիստներ Գ․ Վերյովկան, Վ․ Դնեդաշը, Ի․ Իվաշչենկոն, Մ․ Կրելկոն, Ն․ Կոլեսսան, Պ․ Մուրավսկին, Ա․ Սորոկան, Վ․ Տոլբան, Յա․ Օոլովը, Ն․ Պոկրովսկին, Բ․ Չիստյակովը, Ա․ Կուշնիրենկոն, երգիչներ՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ Պ․ Բիլիննիկը, Ն․ Վորվուլյովը, Զ․ Գայդայը, Բ․ Դմիրյան, Դ․ Դնատյուկը, Մ․ Գրիշկոն, Պ․ Կարմալյուկը, Ն․ Կոնդրատյուկը, Ա․ Կոչերկան, Մ․ Լիտվինենկո-վոլգեմուտը, Ե․ Միրոշնիչենկոն, Ն․ Մանոյլոն, Ա․ Մոկրենկոն, Ի․ Պատորժինսկին, Դ․ Պետրինենկոն, Լ․ Ռուդենկոն, Ռ․ Սերգիենկոն, Ա․ Սոլովյանենկոն, Ն․ Սուրժինան, Ն․ Տկաչենկոն, Վ․ Տրետյակը, Ն․ Տուֆտինան և ուրիշներ։
Երաժշտական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրապետությունում գործում են՝ օպերայի և բալետի թատրոններ (Կիևում 1867, Օդեսայում՝ 1810, Խարկովում՝ 1880, Լվովում՝ 1939, Դոնեցկում՝ 1941, Դնեպրոպետրովսկում՝ 1974), օպերետի 3 թատրոն (Խարկովում՝ 1929, Կիևում՝ 1934, Օդեսայում՝ 1946, 1947-1954թվականներին՝ Լվովում), բոլոր մարզային կենտրոններում ֆիլհարմոնիաներ՝ սիմֆոնիկ նվագախմբերով, ՈւԽՍՀ բանդուրիստների կապելլան (1918), «Դումկա» (1920) և «Տրեմբիտա» (1939) և կապելլա երգչախմբերը, Գ․ Վերյովկայի անվան ուկրաինական ժողովրդական երգչախումբը (1943), Անդրկարպատյան ժողովրդական երգչախումբը (1946), Չերկասիի ժողովրդական երգչախումբը (1957), Կիևի Բ․ Լյատոշինսկու անվան կամերային երգչախումբը (1964), ՈւԽՍՀ պարի Պ․ Պ․ Վիրսկու անվան անսամբլը (1937), ՈւԽՍՀ պետական սիմֆոնիկ նվագախումբը (1937), Ուկրաինական հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը (1929), Կիևի կամերային նվագախումբը (1964), Կիևի ուկրաինական ժողովրդական գործիքների նվագախումբը (1970), կոնսերվատորիաներ (Կիևում, Օդեսայում, Լվովում), Խարկովի արվեստի ինստիտուտը, Դոնեցկի երաժշտա-մանկավարժական ինստիտուտը։
1932 թվականին ստեղծվել է Ուկրաինայի կոմպոզիտորների միությունը։ 1923 թվականից հրատարակվում է «Մուզիկա» ամսագիրը, 1966 թվականից գործում է «Մուզիչնա Ուկրաինա» («Музична УкраТ- на») հրատարակչությունը։
Ուկրաինական ֊հայկական երաժշտական կապեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուկրաինական-հայկական երաժշտական կապերը փոխադարձաբար հարստացրել են ուկրաինական և հայկական երաժշտությունը։ 1873 թվականին ուկրաինական թատերական գործիչ Մ․ Կրոպիվնիցկին բազմաձայն երգչախմբի համար ներդաշնակել է հայկական պատարագը, կոմպոզիտոր Գ․ Կոզաչենկոն ձայնի և նվագակցության համար մշակել է հայկական ժողովրդական երգեր։ Ալեքսանդր Սպենդիարյանը ձայնի և նվագակցության, երգչախմբի համար մշակել է ուկրաինական մեղեդիներ, ուկրաինական ժողովրդական մեղեդիների հիման վրա ստեղծել «Ուկրաինական սյուիտ»։ Ուկրաինական խորհրդային կոմպոզիտոր Ա․ Շտոգարենկոն, օգտագործելով հայկական ժողովրդական երգերի («Հոյ Նազան իմ» և «Շողեր շան») մեղեդիները, ստեղծել է «Հայկական էսքիզներ» լարային կվարտետ (1958)։ Ուկրաինական թատրոններում բեմադրվել են հայ կոմպոզիտորների, Հայաստանում՝ Ուկրաինայի կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Հայ կոմպոզիտորները ստեղծել են Ուկրաինային նվիրված վոկալ երկեր (Ա․ Տեր-Ղևոնդյանի «Իմ Ուկրաինա», Վ․ Տիգրանյանի «Բարեկամության երգ»), երգեր (Ալեքսանդր Աճեմյանը և Ստեփան Ջրբաշյանը)։ Ուկրաինական կոմպոզիտորները ստեղծել են երգեր հայ բանաստեղծների խոսքերով (Գ․ Վերյովկան՝ Հովհաննես Թումանյանի խոսքերով), հայ կոմպոզիտորները՝ ուկրաինացի բանաստեղծների (Ավետ Տերտերյանը` Տ․ Դ․ Շևչենկոյի խոսքերով)։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Alexis Kochan and Julian Kytasty. "The Bandura Played On". 2000. In Broughton, Simon and Ellingham, Mark with McConnachie, James and Duane, Orla (Ed.), World Music, Vol. 1: Africa, Europe and the Middle East, pp 308–312. Rough Guides Ltd, Penguin Books. ISBN 1-85828-636-0
- Victor Mizynec, Folk Instruments of Ukraine. 1987. Bayda Books, Doncaster, Australia. ISBN 0-908480-19-9
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ukrainian Music Elements, Canadian Institute of Ukrainian Studies, 2001.
- ↑ The artistic tradition of Ukrainian wandering bards, the kobzars (kobza players), bandurysts (bandura players), and lirnyks (lira players) is one of the most distinctive elements of Ukraine's cultural heritage., Canadian Institute of Ukrainian Studies, 2001.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |