Ոտքի առաջին մատի վալգուսային դեֆորմացիա
Ոտքի առաջին մատի վալգուսային դեֆորմացիա | |
---|---|
Բժշկական մասնագիտություն | ռևմատոլոգիա և պոդիատրիա |
ՀՄԴ-9 | 727.1 |
ՀՄԴ-10 | M20.1 |
Բուժում | syndesmosis procedure? |
Bunion Վիքիպահեստում |
Hallux valgus (բունիոն), ոտքի առաջին մատը (բթամաթը՝ hallux), ոտնաթաթին կապող հոդի վալգուսային դեֆորմացիա[1]։ Բթամատը թեքվում է դեպի ոտքի մյուս մատները, հոդը դառնում է կարմիր և ցավոտ[1]։ Վալգուսային դեֆորմացիաները հաճախ առաջանում են աստիճանաբար[1]։ Որպես բարդություն՝ կարող է առաջանալ բուրսիտ կամ արթրիտ[1]։
Կոնկրետ պատճառը հստակ հայտնի չէ[2]։ Ենթադրվող պատճառներից են՝ չափից շատ նեղ կոշիկներ կրելը, ժառանգականությունը, ինչպես նաև ռևմատոիդ արթրիտը[1]։ Որպես օրենք՝ ախտորոշումը հիմնվում է գանգատների վրա և վերահաստատվում ռենտգեն պատկերների արդյունքներով[1]։ Նմանատիպ դեֆորմացիա կարող է դիտվել նաև ոտքի 5-րդ մատում (ճկույթ), որը երբեմն անվանվում է բունիոնետ[1]։
Բուժման մեջ կարող են կիրառվել հատուկ կոշիկներ, օրթեզներ, ինչպես նաև կարող են նշանակվել ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ[1]։ Եթե այսպիսի բուժումն արդյունավետ չի լինում, ապա այս ախտանիշները հնարավոր է վերացնել վիրահատական ճանապարհով[1]։ Hallux valgus-ը դիտվում է մեծահասակների մոտավորապես 23 %-ի մոտ[2]։ Կանանց մոտ հանդիպում է առավել հաճախ, քան՝ տղամարդկանց[1]։ Hallus valgus-ի սկիզբը հիմնականում լինում է 20-50 տարեկան հասակում[2]։ Ընդ որում՝ ինչքան մեծ է տարիքը, այնքան ավելի մեծ է առաջացման հավանականությունը[2]։ Ոտնաթաթի առաջին մատի վալգուսային դեֆորմացիան առաջին անգամ հստակորեն նկարագրվել է 1870 թվականին[2]։
Նշաններ և ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վալգուսային դեֆորմացիայի ախտանիշներից են՝ դեֆորմացիայի շրջանում մաշկի գրգռվածությունը, քայլելիս ցավը, հոդի շրջանում կարմրությունն ու ցավոտությունը, ինչպես նաև հնարավոր է բթամատի թեքում դեպի ոտքի մյուս մատները։ Դեֆորմացիայի շրջանում հնարավոր է նաև բշտիկների ավելի հեշտ առաջացում։
Վալգուսային դեֆորմացիաների առկայությունը կարող է հանգեցնել տարբեր կենցաղային անհարմարությունների՝ երբեմն պացիենտների համար դժվար է լինում գտնել հարմար կոշիկ, և նրանք ստիպված են լինում հագնել ավելի մեծ չափսերի կոշիկներ։ Այս դեպքում խոսքը նախագարշապարի մեխանիկական ֆունկցիայի խանգարման մասին է։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնկրետ պատճառները հստակ հայտնի չեն[2]։ Ենթադրվող պատճառներից են՝ չափից շատ նեղ կոշիկներ կրելը, ժառանգական նախատրամադրվածությունը, ինչպես նաև ռևմատոիդ արթրիտը[1]։ Ըստ Ոտնաթաթի և կոճի վիրաբույժների ամերիկյան քոլեջի՝ կոշիկները միայն վատթարացնում են գենետիայով պայմանավորված այս խնդիրը[3]։
Ախտաֆիզիոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջացող անհարթությունը մետատարսոֆալանգեալ հոդում կա՛մ բուրսայի մեծացման, կա՛մ ոսկրային անոմալիայի արդյունք է։ Անհարթության մեծ մասն իրենից ներկայացնում է առաջին մետատարսալ ոսկրի գլխիկի մի հատված, քանի որ այս ոսկրը թեքված է լինում դեպի կողք և ատացցվում իր դիստալ (հեռակա) եզրով։
Վալգուսային դեֆորմացիաների դեպքում սովորաբար դիտվում է ոտքի բթամատի դևիացիա (շեղում) դեպի երկրորդ մատը, ինչպես նաև ոտնաթաթի առաջին և երկրորդ մետատարսալ ոսկրերի միջև եղած անկյան շեղում։ Առաջին մետատարսալ ոսկրի տակ հայտնաբերվող փոքր սեզամոիդ ոսկրերը (որոնք օգնում են ծալիչ ջլին թեքել բթամատը դեպի ներքև) կարող են նույնպես ժամանակի ընթացքում ենթարկել դևիացիայի, քանի որ առաջին մետատարսալ ոսկրը հեռանում է իր նորմալ դիրքից։ Ոտնաթաթի առաջին մատի վալգուսային դեֆորմացիայի առաջացումը կարող է ուղեկցվել առաջին մետատարսոֆալանգեալ հոդի օստեոարթրիտով, կարող է դիտվել նաև շարժումների դիապազոնի նվազում և/կամ խանգարում, անհարթության վրա ճնշում գործադրելիս կամ հոդում շարժումներ կատարելիս դիսկոմֆորտի զգացում։ Առաջին մետատարսալ ոսկրի գլխիկի վերևում՝ կա՛մ թիկնայնորեն, կա՛մ թիկնային-միջային կողմից, կարող է դիտվել բուրսիտ (բորբոքված բուրսա), ինչը կարող է ամենից շատ ցավեր առաջացնող գործոնը լինել։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոտնաթաթի առաջին մատի վալգուսային դեֆորմացիան կարելի է գնահատել պարզ պրոյեկցիոն ռենտգենագրության միջոցով, որը պետք է կատարվի, այսպես կոչված, «weight-bearing» վիճակով, այսինքն՝ պացիենտը պետք է լինի կանգնած դիրքում և մարմնի ծանրությունը հավասարապես բաշխի երկու ոտքերի վրա[4]։ Hallux valgus անկյունը (HVA) բթամատի մոտակա ֆալանգի և առաջին մետատարսալ ոսկրի երկայնաձիգ առանցքների միջև կազմվող անկյունն է։ Այն համարվում է ոչ նորմալ, եթե ավելի մեծ է, քան 15-18 °[5]։ Հետևյալ դասակարգումը նույնպես կարող է կիրառվել hallux valgus-ի ծանրությունը գնահատելու համար[6].
- Թեթև՝ 15–20 °
- Միջին՝ 21–39 °
- Ծանր՝ ≥ 40 °
Ինտերմետատարսալ անկյունը (IMA) առաջին և երկրորդ մետատարսալ ոսկրերի երկայնաձիգ առանցքների միջև կազմվող անկյունն է, և այն նորմայում 9 °-ից փոքր է[5]։ Այս անկյան միջոցով ևս կարելի է գնահատել hallux valgus-ի ծանրությունը[6]՝
- Թեթև՝ 9–11 °
- Միջին՝ 12–17 °
- Ծանր՝ ≥ 18 °
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Hallux valgus-ի կոնսերվատիվ բուժումն իր մեջ ներառում է համապատասխան կոշիկների ընտրություն, օրթեզների կիրառում, հանգիստ, սառույցի տեղադրում, ինչպես նաև ցավազրկող դեղորայք (օր․՝ ացետամինոֆեն կամ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր)։ Բուժման այս մեթոդներով կարելի է վերացնել ախտանիշները, սակայն դրանք չեն վերացնում ինքնին դեֆորմացիան[7]։ Եթե դիսկոմֆորտի զգացումը չի մեղմվում, կամ եթե այն չափազանց շատ է անհանգստացնում պացիենտին, կամ եթե հարկ կա կոսմետիկ շտկում կատարել, ապա հնարավոր է, որ կարիք զգացվի կատարել վիրահատություն։ Այսպիսի վիրահատություններն իրականացվում են օրթոպեդիկ վիրաբույժների կամ պոդիատրիկ վիրաբույժների կողմից։
Օրթեզներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրթեզները հատուկ կարգավորիչ հարմարանքներ են։ Կոնսերվատիվ մեթոդների դեպքում կիրառվում են տարբեր տեսակի հատուկ ոտնամաններ՝ գելացված բթամատային սփեյսերներ, վալգուսային/բթամաթային բաժանիչներ, վալգուսային կարգավորիչներ, վալգուսային բեկակալներ և վալգուսային բարձիկներ։ Վաճառքում առկա են տարբեր տեսակների օրթեզներ՝ պատրաստի առևտրային պրոդուկտներ, ինչպես նաև անհատականացված օրթեզներ, որոնք լայնորեն կիրառվում են օրթոպեդիայում։
Վիրահատական բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս միջամտությունները հատուկ մշակված և ընտրված են վալգուսային դեֆորմացիայի հետ առնչվող տարբեր ախտաբանությունների շտկման նպատակով։ Օրինակ՝ վիրահատական միջամտությունների միջոցով կարող են շտկվել հետևյալ ախտանիշների տարբեր համակցություններ․
- առաջին մետատարսալ ոսկրի ոչ նորմալ մեծացման վերացում
- առաջին մետատարսալ ոսկրի առանցքի ուղղում՝ հարակից մետատարսալ ոսկրի հետ համեմատ
- բթամատի ուղղում՝ առաջին մետատարզալ ոսկրի և հարակից մատների հետ համեմատ
- բթամատի հոդավորման աճառային մակերեսների ուղղում
- բթամատի հոդավորման արթրիտային փոփոխությունների շտկում
- առաջին մետատարսալ ոսկրի տակ գտնվող սեզամոիդ ոսկրերի դիրքի ուղղում
- առաջին մետատարսալ ոսկրի կարճացում, երկարացում, բարձրացում կամ իջեցում
- բթամատում դիտվող ցանկացած ոչ նորմալ ծռվածության կամ շեղվածության շտկում
- կողք կողքի երկու զուգահեռ երկար ոսկրերի կապում միմյանց սինդեսմոզ առաջացնելու միջոցով
Ներկայումս վալգուսային դեֆորմացիայի շտկման համար մշակվել են վիրահատական բուժման բազմաթիվ տարբեր մեթոդներ։ Մեթոդի ընտրության մեջ նաև կարող են դեր խաղալ պացիենտի տարիքը, առողջական վիճակը, կենսակերպը և ակտիվության մակարդակը։
Դասական վիրահատությունը կարող է իրականացվել տեղային, ողնուղեղային կամ ընդհանուր անզգայացման տակ։ Վալգուսային դեֆորմացիայի կապակցությամբ վիրահատություն տարած անձը կարող է ակնկալել 6-8 շաբաթ տևողությամբ վերականգնողական շրջան, որի դեպքում սովորաբար պահանջվում են հենակներ։ Գիպսակապի կիրառումը վերջերս պակաս տարածված է դարձել, քանի որ կիրառվում են ֆիքսման (ոսկրի կայունացում պտուտակների և տարբեր այլ հարմարանքների և ապարատների միջոցով) ավելի նոր և ստաբիլ մոտեցումներ։ Կարող են անգամ կիրառվել ներծծվող ամրակներ, որոնք իրականացնում են իրենց ֆունկցիան, իսկ հետո՝ ամիսների ընթացքում, ինքնուրույն քայքայվում, երբ դրանց կարիքն արդեն չի լինում։ Լավացումից հետո որոշ պացիենտների մոտ կարող է դիտվել հոդում շարժումների երկարաժամկետ նվազում։ Նաև կարող է դիտվել տեսանելի կամ սահմանափակ սպիացում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 «Bunions». OrthoInfo - AAOS. 2016 թ․ փետրվար. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Dayton, Paul D. (2017). Evidence-Based Bunion Surgery: A Critical Examination of Current and Emerging Concepts and Techniques (անգլերեն). Springer. էջեր 1–2. ISBN 9783319603155.
- ↑ «Bunions (Hallux Abducto Valgus)». Footphysicians.com. 2009 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 20-ին.
- ↑ Page 533 in: Sam W. Wiesel, John N. Delahay (2007). Essentials of Orthopedic Surgery (3 ed.). Springer Science & Business Media. ISBN 9780387383286.
- ↑ 5,0 5,1 Rebecca Cerrato, Nicholas Cheney. «Hallux Valgus». American Orthopaedic Foot & Ankle Society. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 30-ին. Last reviewed June 2015
- ↑ 6,0 6,1 Piqué-Vidal, Carlos; Vila, Joan (2009). «A geometric analysis of hallux valgus: correlation with clinical assessment of severity». Journal of Foot and Ankle Research. 2 (1). doi:10.1186/1757-1146-2-15. ISSN 1757-1146.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Hecht, PJ; Lin, TJ (2014 թ․ մարտ). «Hallux valgus». Medical Clinics of North America (Review). 98 (2): 227–32. doi:10.1016/j.mcna.2013.10.007. PMID 24559871.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոտքի առաջին մատի վալգուսային դեֆորմացիա» հոդվածին։ |
|