Jump to content

Շադդադյանների ներխուժումը Տաշիր-Ձորագետի թագավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շադդադյանների ներխուժումը Տաշիր-Ձորագետի թագավորություն (1040)
Թվական 1040
Վայր Տաշիր-Ձորագետի թագավորություն
Արդյունք Շադդադյանների պարտություն
Հակառակորդներ
Շադդադյաններ Տաշիր-Ձորագետ
Բագրատունիներ
Սյունիք
Հրամանատարներ
Աբու ալ-Ասվար Դավիթ Անհողին
Կողմերի ուժեր
մի քանի անգամ ավելի շատ 20 հազար

Շադդադյանների ներխուժումը Տաշիր-Ձորագետի թագավորություն, ռազմական բախում Տաշիր-Ձորագետի թագավորության և Շադդադյանների միջև, որը տեղի է ունեցել 1040 թվականին։ Ցանկանալով հաղթանակ տանել հայերի նկատմամբ և իր գերիշխանությունը հաստատել Բագրատունիների և նրանց ենթակա թագավորությունների վրա՝ Աբու ալ-Ասվարը 1040 թվականին իր բազմահազարանոց բանակով ներխուժում է Տաշիր-Ձորագետի թագավորություն, որի արքան էր Դավիթ Անհողինը, վերջինս օգնություն է պահանջում Անիի Բագրատունյաց թագավորության արքա Հովհաննես-Սմբատից։ Համախմբելով մի քանի հայ իշխանների և թագավորների ուժերը՝ Դավիթ Անհողին կարողանում է հաղթանակ տոնել Շադդադյանների նկատմամբ[1]։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1001 թվականին Դավիթ Անհողինը ապստամբում է կենտրոնական իշխանության՝ Անիի Բագրատունյաց թագավորության դեմ, որի արքան էր Գագիկ Ա-ն։ Վերջինիս օրոք Անիի Բագրատունյաց թագավորությունը գտնվում էր իր հզորության գագաթնակետին։ Նույն ժամանակմիջոցում հզորանում էր նաև Տաշիր-Ձորագետի թագավորությունը, որի արքա Դավիթ Անհողինը կարողացել էր ճնշել մի շարք ապստամբություններ իր թագի դեմ (Դմանիսի, Տփղիսի ամիրայության, Գարդմանի) և ձեռք էր բերել նաև ռազմավարական նշանակություն ունեցող նոր դաշնակիցներ, որոնցից էր Կախեթ-Հերեթի թագավորությունը։ Սակայն Գագիկ Ա-ն կարողանում է գլխի ընկնել Դավիթ Ա-ի մտադրությունները և եռամսյա արշավանքի միջոցով կարողանում է ճնշել ապստամբությունը։ Նա գրավում է Շամշուլդեն, ապա Գագ ամրոցը։ Ի պատասախան սրա՝ Դավիթը ասպատակում է Շիրակի բնակավայրերը, որոնք գտնվում էին Գագիկի իշխանության տակ։ Այս քայլով նա Գագիկին ստիպում է բանակցություններ սկսել, որի ժամանակ Դավիթը ընդունում է իր պարտությունը, սակայն հետ է ստանում իր թագավորությունները։ Այս իրադարձություններից հետո Դավիթը ստացել է «Անհողին» մականունը։

Օգտվելով Անիի Բագրատունյաց թագավորության թուլացումից՝ Շադդադյանները 1040 թվականին ներխուժում են Տաշիր-Ձորագետի և Գանձակի թագավորություններ, որտեղ իշխում էր Դավիթ Անհողինը։

Հայոց 489 թվականին (11 մարտ 1040 - 10 մարտ 1041թ.)... պարսից (քուրդ) մեծ ամիրա Ապուսուարը շուրջ հարյուր հիսուն հազար անհավատների զորահավաք արեց և մեծ զայրույթով հարձակվեց քրիստոնյաների վրա։ Նա ավերիչ կատաղությամբ մտավ Աղվանից երկիրը, Դավիթ Անհողի գավառը և մեծ փորձանք բերեց հավատացյալների գլխին։ Դավիթը... խուսափեց պատերազմից։
- Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Մասն առաջին

Աբու ալ-Ասվարը կարողանում է գրավել Տաշիր-Ձորագետի թագավորության արևելյան գավառները։ Բացի բուն Շադդադյաններից՝ հարձակմանը մասնակցում էին նաև հարևան ամիրայությունների զորքերը[1]։

Հայերի ռազմական դաշինք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Անհողինը, հասկանալով, որ դեռևս չի կարող դիմադրել հակառակորդի բազմահազարանոց բանակին, պաշտպանողական դիրք բռնել և բերդերում թողնում է կայազորներ։ Նա դիմում է Անիի Բագրատունյաց թագավորության արքա Հովհաննես-Սմբատին և պահանջում օգնական ուժեր ուղարկել։ Տեսնելով, որ Հովհաննես-Սմբատը օգնելու մեծ ցանկություն չունի՝ Դավիթ Անհողինը նրան սպառնում է, որ եթե նա օգնություն չտրամադրի, ապա նա կմիանա հակառկորդին ու կասպատակի Անիի Բագարտունյաց թագավորության տիրույթները։ Հասկանալով, որ Դավիթը այլևս կորցնելու բան չունի՝ Հովհաննես-Սմբատը օգնություն է տրամադրում նրան՝ 4 հազար զինվոր։ Սյունիքի Սմբատ Աշոտյան արքան նույնպես համաձայնվում է 2 հազարանոց զորք տրամադրել։ Դաշինքին են միանում նաև ափխազաց զորագնդերը[1]։

Դավիթը ճարահատյալ դիմեց Հովհաննես (Հովհաննես-Սմբատ) թագավորին, որ Անիում էր նստում... Հովհաննեսը Դավթին չորս հազար հոգի ուղարկեց, ապա միջնորդեց Կապանի թագավորին, որը նույնպես նրան (օգնություն) ուղարկեց` երկու հազար հոգի... ափխազների թագավորը ևս օգնություն ուղարկեց` չորս հազար հոգի։ Ինքը` Դավիթը, հավաքեց իր շուրջ տասը հազար հոգուց բաղկացած զորքը։
- Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Մասն առաջին

Ռազմական բախում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեր Հովսեփը... նամակ գրեց վանքերը` վանահայրերին, որպեսզի նրանք առանց վարանելու բոլոր վանականներով հանդերձ գան միանան հավատացյալների զորքին։ Նա հավաքեց Աղվանքի բոլոր քահանաներին և սարկավագներին, քարոզ կարդաց բոլոր գավառներում... Լսելով դա, հայրն իր որդիներով և մայրն իր դուստրերով գնացին հավատացյալների ճամբարը։ Բովանդակ դաշտը լցվեց անհամար բազմությամբ, կարծես ոչխարների և գառների հոտով։ Ապուսուարը, իմանալով այդ մասին, ծիծաղեց և շարժվեց քրիստոնյաների զորքի վրա։
- Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Մասն առաջին

Հայերի դաշինիք ստեղծումը կարևոր նշանակություն ունեցավ հայոց զորքի բարոյահոգեբանական պատրաստության վրա։ Հասկանալով, որ ժամանակը աշխատում է հայերի օգտին՝ Աբու ալ-Ասվարը սկսում է ռազմական գործողություններ։ Երկու բանակները շարժվում են միմյանց հանդիման։ տեսնելով հայոց զորքի ոգևորությունը՝ հակառակորդի բանակի տագնապը մեծանում է։

Դավիթը քսան հազար հոգով հարձակվեց այլազգիների քաջ մարտիկների վրա։ Երբ նրանք ճակատեցին, քահանայական դասը միաբերան աղաղակեց առ Աստված. «Ե՛կ, Տեր, օգնի՛ր և փրկի՛ր մեզ հանուն քո սուրբ անվան», և այդ ձայնից թնդաց երկիրը։ Հավատացյալների զորքը խրվեց անհավատների բազմությամբ ծովացած ճամբարը և ողողվեց։ Հենց այդ ժամանակ քահանայական դասը մեկ մարդու պես բարձրացրեց քրիստոսական Սուրբ Նշանը և հարձակվեց թշնամիների վրա։ Նրանցից սաստիկ հուր ցոլաց և հարվածեց այլազգիների ռազմիկներին, որոնք գլխովին դիմեցին փախուստի։
- Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Մասն առաջին

Ճակատամարտի տեղանքը նպաստավոր էր հայոց բանակի համար։ Քանի որ հայերը նախահարձակ էին եղել և հակառակորդին հետ մղել իր ճամբարի մոտ, նա զրկվել էր ազատ մարտական գործողություններ վարելու հնարավորությունից։ Ճակատամարտի սկզբնական մասում հայերը կարողանում են ճեղքել հակառակորդի կենտրոնական մասը։ Քիչ անց հակառակորդը վերականգնում է մարտակարգը և հակագրոհի անցնում։ Դավիթը որոծում է հակռակորդի հակագրոհը թույլ չտալու համար ռազմադաշտ մտցնել պահեստազորը։ Համալրված հայկական բանակը նորից անցնում է հարձակման և ճեղքում հակառակորդի մարտակարգը։ Աբու ալ-Ասվարը չի կարողանում մարտի մեջ մտցնել իր պահեստազորը, որը թողնում է ռազմաճամբարը և փախոստի դիմում։ Դրանից հետո ճամբարում գտնվող ամբողջ ռազմավարը անցնում է հայոց բանակին։

Հայոց զինվորները սրամերկ հետապնդեցին նրանց և հինգ օր (շարունակ) մեծ ջարդ տալով հալածական արեցին այլազգիների զինվորներին. դաշտերն ու լեռները արյամբ ողողվեցին։ (Հայերը) տիրացան ոսկե և արծաթե անհամար գանձերի, բազում ավարի։ Պարսից (կենդանի) մնացած զինվորները մազապուրծ, մերկ ու բոբիկ հասան իրենց երկիրը։ Երեք օրվա ընթացքում Դավիթը տիրացավ այլազգիների ձեռքն անցած բոլոր գավառներին։ Օգնության հասած բոլոր զինվորներին նա մեծամեծ պարգևներ տալով (տուն) ուղարկեց. նա բազում ինչք բաժանեց նաև եպիսկոպոսներին, քահանաներին, իր մոտ եկած բոլորին և տուն ուղարկեց։ Եվ տիրեց խաղաղությունը։
- Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Մասն առաջին

Այսպիսով ավարտվում է պատերազմը՝ ի օգուտ Տաշիր-Ձորագետի թագավորության[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Մեր հաղթանակները», հատոր Գ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2011. էջեր 6–12.