Միրհավ (պատմվածք)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Միրհավ | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Հեղինակ | Ակսել Բակունց |
Բնագիր լեզու | հայերեն |
Վիքիդարան | Միրհավ |
Վիքիքաղվածք | Միրհավ |
«Միրհավ», Ակսել Բակունցի պատմվածքներից, որ ընդգրկված է նրա ստեղծագործությունների «Մթնաձոր» ժողովածուի մեջ։ «Միրհավ» պատմվածքի հիման վրա 1975 թվականին նկարահանվել է «Այս կանաչ, կարմիր աշխարհը» ֆիլմը, որի սցենարի հեղինակն է Հրանտ Մաթևոսյանը։
Բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կյանքն իմաստավորող անանց գեղեցկության, ապրեցնող կարոտի մի նուրբ ու հուզիչ պատկեր է այս պատմվածքը։ Բակունցի ոճին շատ բնութագրական է վերհուշային պատումը, որը խոսքին հաղորդում է անմիջականություն, անկեղծություն, բնականություն, հուզականություն։ Վերհուշը, որն առկա է նաև «Խոնարհ աղջիկը» պատմվածքում, «Միրհավում» ևս շատ նպատակային կիրառություն ունի։ Ապրած կյանքի մի պահը, սիրո անկրկնելի մի բռնկումը իմաստավորել է Դիլանի ամբողջ կյանքը, հիմա, աշնան հաճելիորեն ջերմացնող արևի տակ, ծեր Դիլանի վերհուշը կարծես արթմնի երազ լինի, որը հոգու գաղտնիքների խոստովանություն է կյանքին հրաժեշտ տալուց առաջ։ Սա Բակունցի այն եզակի պատմվածքներից է, որի մեջ գեղեցկության հայտնագործությունը կատարվում է մթնաձորյան աշխարհում, այդ գեղեցկությունը դրսից եկած մարդու նկատածը չէ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշնան վերջին օրերին Դիլան դային սովորության համաձայն գնում է այգի՝ դուռ ու ցանկապատ ամրացնելու։ Աշնան արևի տակ նստած՝ Դիլան դային հիշում է իր երիտասարդ տարիները, առաջին սերը՝ Սոնային, որ թռավ միրհավի պես, «հետքից թողեց տխրություն և դառնաթախիծ հուշեր»։ Դարձյալ գրեթե բառեր չկան պատկերվող սիրո համար։ Կա միայն հաճելիորեն ջերմացնող տաք լռություն, որը, սակայն, հասկանալի լռություն է, քանի որ ինչպես Դիլանը, այնպես էլ Սոնան Մթնաձորի մարդիկ են` լռության օրենքով դաստիարակված, և անխոս հասկանում են իրար։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամբողջ պատմվածքը հյուսված է ապրած կենսական վիճակների վերապրման ու կարոտի զգացողության մի այնպիսի ոճով, որը կենդանացնում է ծերացած մարմինն ու հոգին, նաև` ավելի տառապագին դարձնում սիրո վերհուշը, կյանքի հզոր սերը, այն ամենը, ինչի համար արժե ապրել այս աշխարհում, քանի որ այդ վերապրմանն ուղեկցում է կյանքին հրաժեշտ տալու, կորուստի գիտակցությունը։ Թե՛ տրամադրությամբ, թե՛ պատկերներով, թե՛ պատումի բնույթով ամբողջ պատմվածքը թողնում է ոգեղենացված բանաստեղծության տպավորություն։ Աշնան ջինջ ու պայծառ օրվա նկարագրությունը, աշնան արևի տակ հանգստացող ու հեռու սարերին նայող Դիլանի կերպարը, նրա վերհուշը, հնձանը, Սոնան, մանկության տարիների նորոգվող կանչերը, արյունոտ թևերով միրհավը, անտառապահն ու նրա մտրակի շառաչը այնքան նրբորեն են միաձուլված, պատկերների անցումներն ու դեպքերի շղթան այնքան հեռու են վիպական արձակի հետևողական պատմողականությունից, որ Բակունցն անառարկելիորեն հասնում է արձակի բանաստեղծականության գեղարվեստական նոր որակի։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ակսել Բակունց, Պատմվածքների ժողովածու։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրհավ (պատմվածք)» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրհավ (պատմվածք)» հոդվածին։ |
|