Մերզա Գյուլան ծնվել է ՌումինիայիԿլուժ քաղաքում։ Սովորել է Կլուժի և Վիեննայի համալսարաններում, ստացել բժշկական, այնուհետև՝ տնտեսագիտական կրթություն։ Բազմիցս այցելել է Վենետիկի Մխիթարյաններին, որտեղ զբաղվել է հայագիտությամբ։ Աշխատակցել է Գեռլայի «Արմենիա» հունգարերեն, Բուխարեստի «Արարատ» ռումիներեն հայագիտական ամսագրերին, խմբագրել «Էրդեյ» հունգարերեն թերթը։ Մեծ ջանքեր է գործադրել Տրանսիլվանիայի հայկական եպիսկոպոսությունը վերականգնելու (1930) համար։ Կլուժի Ազգագրական թանգարանի հիմնադիրներից և առաջին ղեկավարներից է։ Հրատարակել է բազմաթիվ հայագիտական աշխատություններ և հոդվածներ, որոնք մեծ նշանակություն են ունեցել հունգարահայերի ազգային ինքնագիտակցությունը բարձրացնելու, հունգարացիներին հայ մշակույթին և պատմությանը ծանոթացնելու գործում։ Առանձին գրքերով հրատարակվել են Մերզայի հունգարերեն «Հայ եպիսկոպոսությունը» (1896), «Տրանսիլվանիայի հայերի ապագան» (1896), «Հայկական խաչը» (1903), «Հայերի Տրանսիլվանիա գաղթելու պատմություն» (1913) և այլ աշխատությունները։ Գրել է նաև բանաստեղծություններ։ Հունգարերեն է թարգմանել Միքայել Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը։ Մերզայի արխիվը պահվում է Կլուժ-Նապոկայի պետական արխիվում և Սուրբ Անդրեաս եկեղեցում[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 491)։