Jump to content

Մեղրու բերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեղրու բերդ
Նկարագրություն
Տեսակամրոց և մշակութային արժեք
Վարչական միավորՄեղրի
Երկիր Հայաստան
Կառուցված1083
Իրադարձություններնորոգում
Քարտեզ
Քարտեզ
 Meghri Fortress Վիքիպահեստում

Մեղրու բերդ, հայկական ճարտարապետական հուշարձան Մեղրի քաղաքի շրջակա լեռնաշղթայի գագաթների վրա, հյուսիսից պայտաձև, ընդգրկելով քաղաքը։

Մեղրու բերդի մասին առաջին պատմական տեղեկատվությունը տալիս է Սյունյաց աշխարհի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը, ըստ որի 1083 թվականին բերդն արդեն կանգուն էր և հայտնի[1]

Բերդի կառուցման ժամանակը ճշգրիտ հայտնի չէ, սակայն ամենահավանականը Սյունիքի թագավորության ստեղծման և հզորացման տարիներին՝ 10-րդ դարի վերջ - 11-րդ դարի սկիզբ։ Հետագա դարերում Մեղրու բերդը չի հիշատակվում, բայց ակտիվ դեր է խաղացել Սյունիքի հարավային գավառում՝ Արևիքում տեղի ունեցած բոլոր պատերազմական գործողություններում։ Այդ պատերազմների հետևանքով բերդը ենթարկվել է բազմաթիվ ավերածությունների ու վերակառուցումների, որի պատճառով դժվար է վերականգնել նրա սկզբնական հորինվածքը։ Պատերազմները Մեղրիում սկսվում են 18-րդ դարի սկզբին, Կապանի անկախ իշխանության կողմից թուրք նվաճողների դեմ մղած կռիվների ժամանակ[2]

Բերդի մասին Ալիշանը գրում է.

«... յաշտարակս կամ ի մանր բերդորայս, գորս յիշէր վերոյդրեալ ուղեւորն (Տիւպուա) և որք տակաւին փոքր ի շատէ կանգուն կան ի կատարս բլրոց պատելոց զշինիւն, և քաջ ամուր վայր յարդարեն զաըանն, վասն որոյ և կոչի Մեղրոյ բերդ»
- Ղ. Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893 թվական, էջ 303

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեղրու բերդ

Սյունիքն իր աշխարհագրական դիրքով, անանցանելի լեռնաշղթաներով, խոր ձորերով մի բնական անառիկ ամրոց է, որի հնագույն ամրոցների թվին է պատկանում նաև Մեղրու բերդը։

Մեղրու բերդը չունի պարսպապատեր՝ լեռնաշղթաներն իրենք են ծառայում պարիսպների փոխարեն, ինչպես նաև բնակավայրը գտնվում է ոչ թե աշտարակների միջև, այլ նրանց հարևանությամբ։ Բերդը բաղկացած է վեց աշտարակներից։ Գտնվում է Մեղրի քաղաքի Մեծ թաղի հյուսիսային կողմում։ Երկու լեռնաշղթաներ հատվելով հյուսիսում, ստեղծում են եռանկյունաձև պատվանդան, որի առանձին դժվարամատչելի գագաթների վրա կառուցված են բերդի աշտարակները։ Աշտարակների տեղադրությունը պաշտպանում է Մեղրի քաղաքի մատույցները հյուսիսային, արևելյան և արևմտյան կողմերից։

Մեղրու բերդի աշտարակները հատակագծով ու տարածական ձևերով երկու տեսակ են՝ կլոր և ուղղանկյուն[3]։ Կլոր աշտարակների խմբին են պատկանում չորսը՝ հարավ-արևմտյան, արևմտյան, հյուսիս-արևմտյան և հարավային աշտարակները, սիկ ուղղանյուն աշտարակներին՝ հյուսիսայինն ու արևելյանը։ Վեց աշտարակներն էլ կառուցված են նույն շինությունից՝ կոպտատաշ և անմշակ գրանիտե քարերից՝ կավե շաղախով շարված։ Պատերի մեջ, որպես սեյսմիկ գոտիներ, օգտագործվել են փայտե հեծաններ, որոնք դրված են աշտարակի ամբողջ պարագծով։ Հյուսիս-արևմտյան աշտարակում փայտե գոտին օգտագործվում է նաև որպես հրակնատների վերին շարքի համար բարավոր։ Կլոր աշտարակները իրար նման են հատակագծային և տարածական լուծումով։ Ուղղանկյուն և կլոր աշտարակների պատերը վերևում ավելի նեղ են, քան հիմքի մոտ. ամբողջ աշտարակը դեպի վերև դրսից նեղանում է։

Հարավ-արևմտյան և և արևմտյան աշտարակները կրկնում են միմյանց՝ հատակագծային չափերով և պահպանված մասի ծավալային լուծումով։ Հարավ-արևմտյան աշտարակը ամբողջությամբ հողով է լցված, իսկ արևմտյանը՝ կիսով չափ։ Հատակագծերը կանոնավոր շրջանագծեր են, նույն տրամագծով՝ երկուսի արտաքին տրամագիծը հավասար է 5.5 մետրի, իսկ պատերի հաստությունը՝ 1 մ-ի։ Մուտքերը հյուսիսային կողմից են։ Հրակնատներ բացված են ամբողջ շրջանագծով, ճառագայթաձև, հատակից մոտ 1 մ բարձրությամբ։ Հեռավորությունը միմյանցից՝ աշտարակի պատի դրսի երեսում՝ 1 մ - 1.15 մ է, անցքերի չափերն են՝ 0.16 մ x 0.6 մ։

Մյուս երկու շրջանաձև աշտարակները՝ հյուսիս-արևմտյանն ու հարավ-արևելյանն, արտաքին տրամագծով չեն տարբերվում առաջիններից և ունեն պատերի նույն հաստությունը։ Այս աշտարակներում հրակնատներն ըստ բարձրության եռաշարք են և շարքերը շեղված են այնպես, որ բացվածքները միմյանց նկատմամբ շախմատաձև են դասավորված։ Աշտարակների մուտքերը, ուղղանկյուն բացվածքներով և փայտե բարավորներով, նույնպես հյուսիսային կողմից են։ Տվյալ կողմնորոշումն ունի լայն առավելություն, որ հյուսիսից բերդը պաշտպանված է բնական պատնեշներով և թշնամու հարձակումը միայն հակառակ կողմից է հնարավոր։

Ուղղանկյուն հատակագծով երկու աշտարակների երկարությունը գրեթե նույնն են՝ 10.2 մ և 10.6 մ, բայց լայնությունները տարբեր են՝ համապատասխանաբար 2.7 մ և 3.95 մ։ Աշտարակների պատերի հաստությունը և շարման տեխնիկան նույնն է, ինչ կլորներինը, ընդ որում պատերը հատվում են ոչ թե ուղիղ անկյան տակ, այլ կլորությամբ։ Արևելյան աշտարակի հարավային պատում կա կիսաքանդ բացվածք, որը նայում է դեպի բնակավայրը։ Բայց այն որպես մուտք չէր ծառայում, քանի որ դրսից գետնից զգալի բարձր էր։ Հրակնատները կառուցվածքի ամբողջ պարագծով են, շախմատաձև դասավորված, արևելյանում՝ չորս շարքով։

Հրակնատների կառուցվածքն ընդհանուր է Մեղրու բերդի բոլոր աշտարակների համար։ Դրանք ուղղանկյուն բացվածքներ են, ուղղաձիգ համաչափություններով, որոնք կտրվածքում, դեպի դուրս, թեք են 30°: Հրակնատների բարավորները ունեն՝ քարից, եռաշարք, դրված միմյանց հանդեպ աստիճանաձև, իջնելով դեպի դուրս, կառուցվածք։ բացվածքի տվյալ ձևը միաժամանակ պաշտպանում է թշնամու գնդակներից։

Աշտարակներից երեքը՝ հյուսիս-արևմտյանը, արևելյանը և հարավ-արևմտյանը, երկհարկանի են եղել։ Պահպանվել են պատերի մեջ միջհարկային ծածկերի փայտե հեծանների հետքերը։ Հրակնատների շարքերը դասավորված են ըստ հարկերի՝ երկուական շարք ներքևում և վերևում։ Հարկերի բարձրությունները երկու մետրի սահմաններում է։ Դեպի երկրորդ հարկ տանող աստիճանները փայտյա են եղել, այդ իսկ պատճառով աշտարակներից և ոչ մեկում չեն պաշտպանվել ոչ աստիճանները, և ոչ էլ միջհարկային ծածկերը։ Հրակնատների շախմատաձև դասավորությունը տարբեր բարձրությունների շարքերով (ներքևի շարքը ծնկաչոք կրակելու համար է, իսկ վերևինը՝ կանգնած), հնարավորություն է տվել առավելագույն օգտագործել պատը ըստ երկարության և բարձրության[4] Լինելով լեռնաշղթայի բարձր կատարներին՝ Մեղրու բերդը անմատչելի էր թշնամուն թնդանոթի կրակոցներից։

Հիմնովին վերակառուցվել է 18-րդ դարի սկզբում։ Մեղրու բերդի առաջին կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ հայկական ճարտարապետության մեջ միակ պաշտպանական կառույցն է, որը կառուցվել է հաշվի առնելով թշնամու կողմից հրազենի օգտագործումը: Երկրորդ առանձնահատկությունը, որ այն կազմված է առանձին աշտարակներից՝ առանց պարսպապատերի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Պատմութիւն նահանգին Սիսականարարեալ Ստեփաննոսի Օրբելեան արքեպիսկոպոսի Սիւնեաց», Թիֆլիս, 1911 թվական, էջ 331
  2. Ս.Խ. Մնացականյան, Հայկական ճարտարապետության սյունիքի դպրոցը, Երևան, 1960 թվական, էջ 195
  3. «Սյունիքի մարզպետարան, պատմամշակութային հուշարձաններ, Մեղրիի բերդ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 23-ին.
  4. Արևելյան աշտարակից միաժամանակ կարող են կրակել մոտ 70 հրաձիգ։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]