Մեկնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովսեփը մեկնում է Փարավոնի երազը

Մեկնություն, եկեղեցական մատենագրության ճյուղ, որի նպատակն է սուրբգրային տեքստերի վերլուծումը և այլաբանական իմաստների բացատրությունը[1]։ Սկզբնավորվել է Հին Հունաստանում, երբ փիլիսոփաները մեկնել են կրոնական առասպելները և դրանց մեջ տեսել խորին մտքեր։ Փիլոն Եբրայեցին և այլ հեղինակներ այլաբանորեն են բացատրել Հին կտակարանը, Սուրբ գրքի պարզ խոսքերը մեկնելիս որոնել ենթադրական գաղափարներ, կանխասություններ կամ գրքի բովանդակությունը համապատասխանեցրել ժամանակակից ըմբռնումներին ու հայացքներին։ Այսպիսով ստեղծվել է Մեկնությունը, և առաջացել մեկնողական գրականությունը։ Սահակ Պարթևն ու Եզնիկ Կողբացին թարգմանել են Սուրբ գրքի շատ Մեկնություններ։ Մեկնել են նաև գիտական գրքեր, գեղարվեստական ստեղծագործություններ (Դիոնիսիոս Թրակացի՝ «Քերականական արվեստ», Արիստոտել՝ «Կատեգորիաներ», Գրիգոր Նարեկացի՝ «Մատյան ողբերգության» և այլն)։

Մեկնողական գրականությունը ունեցել է պատմական  զարգացման երեք հիմնական փուլեր՝ վաղ միջնադարյան ( 1-5-րդ դարեր), միջնադարյան (6-15-րդ դարեր) և նոր ժամանակներ (16-20-րդ դարեր)։ Եկեղեցու հայրերն ու վարդապետներն իրենց քարոզներում և ճառերում բացառիկ տեղ են հատկացրել Աստվածաշնչի բացատրությանը։ Ժամանակի ընթացքում այս ճառերն ու քարոզները հասարակության մեջ սկսել են կատարել դաստիարակչական դեր։ Աստվածաշունչը մեկնաբանվել է առավելագույն մանրամասնությամբ, բազմաբնույթ փաստերի համակողմանի բացատրությամբ։ Մեկնիչներն օգտագործել են ոչ միայն աստվածաբանական գրականության, այլև պատմաբանասիրական, լեզվագիտական, իմաստասիրական, աշխարհագրական և այլ կարգի տեղեկություններ։ Այս է պատճառը, որ մեկնություններն ունեն հանրագիտարանային կաևոր բնույթ[2]։

Հայ գիտնականները նույնպես գրել են Մեկնություններ (Եղիշե՝ «Արարածոց մեկնություն», Ստեփանոմ Սյունեցի՝ «Ավետարանի մեկնություն» և այլն)։ VII—VIII դարերից հետո հաճախ որևէ երկ մեկնելիս քաղվածաբար օգտագործել են եկեղեցու ավելի հեղինակավոր ներկայացուցիչների Մեկնությունները (Վարդան Արևելցի, Գևորգ Սկևռացի և այլն)։ Հայ գրականությունը հարուստ է թարգմանական և սեփական Մեկնություններով, որոնց մեջ մտնում են նաև լուծմունքների և հարց ու պատասխանի ձևով գրված բացատրությունները։

Հայտնի են մեկնաբանման երկու հիմնական եղանակներ։ Դրանք են տառացի և այլաբանական։ Տառացի եղանակը հիմնականում գալիս է աստվածաբանելու՝ հոգևոր և նյութական իրողությունները մեկնաբանելու, մինչդեռ այլաբանականը կրում է արևմտյան, անտիկ աշխարհընկալման մեջ տիրապետող վերացարկման դրոշմը։ Մեկնաբանելու տառացի եղանակը որդեգրել է սուրբգրային մեկնության Անտիոքի դպրոցը, իսկ այլաբանականը՝ Ալեքսանդրիայի դպրոցը։ Անտիոքի դպրոցի հետևորդները, որոնց շարքում առավել հայտնիներից են, օրինակ՝ Լուկիանոս Սամոսատցին, Հովհան Ոսկեբերանը և ուրիշներ, կարևորել են Աստվածաշնչի գերազանցապես ուղղակի, առարկայական իմաստի բարոյական, հոգեբանական, պատմաբանասիրական բացատրությունը, մինչդեռ Ալեքսանդրիայի դպրոցի հետևորդները (Փիլոն Ալեքսանդրացի, Գրիգոր Նյուսացի) տառացի մեկնաբանությունը միայն միջոց են նկատել՝ թափանցելու Աստվածաշնչի խորքային իմաստի մեջ, վերհանելու նրա առավել այլաբանական բովանդակությունը։ Հայ մեկնողական գրականության մեջ երկու եղանակներն էլ կիրառվել են։ Սակայն հայ հեղինակներն ավելի հակված են եղել տառացի եղանակին։ Այն մեկնիչին զերծ է պահել այլաբանական մեկնության ժամանակ հնարավոր սայթաքումներից[1]։

Հայ մեկնողական գրականության վաղ շրջանի ուսումնասիրման համար բացառիկ կարևոր նշանակություն ունեն Եղիշեի՝ Ծննդոց, Հեսու Նավեի և Դատավորաց, Եզեկիելի, և այլոց մեկնությունները, ինչպես նաև՝ Համամ Արևելցու Առակաց մեկնությունը։ 10-12-րդ դարերում հրապարակ են իջել այնպիսի խոշոր մեկնիչներ, որպիսիք են Գրիգոր Նարեկացին, Անանիա Սանահնեցին, Ներսես Շնորհալին և ուրիշներ։ Հայ միջնադարյան մեկնողական գրականության մեջ ուրույն բնագավառ է ծիսամատյանների մեկնությունը, որի նպատակն էր բացատրել ժամերգությունն ու պատարագը։ Նմանատիպ երկերից են Ստեփանոս Սյունեցու Ժամակարգության մեկնությունը, Հովհաննես Գ Օձնեցի կաթողիկոսի «Հիմնարկեք եկեղեցւոյ» և «Օրհնութիւն նորաշեն եկեղեցւոյ» ճառերը։ Ծիսական իրողությունների առավել մանրամասն բացատրությամբ աչքի է ընկնում Ներսես Լամբրոնացու «Քննութիւն կարգաց եկեղեցւոյ» աշխատությունը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Մեկնողական գրականություն | armenianreligion.am». www.armenianreligion-am.armin.am. Վերցված է 2024 թ․ մարտի 6-ին.
  2. գլխ. խմբ. Հովհաննես Այվազյան (2002). «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան հրատ. էջ 714.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 442
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեկնություն» հոդվածին։