Մաքսային քաղաքականություն
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Մաքսային քաղաքականություն, պետության արտաքին առևտրական գործունեություն, որը կարգավորում է ապրանքների արտահանման ու ներմուծման ծավալը, կառուցվածքն ու պայմանները։ Արտահայտելով առևտրական կապիտալի շահերը, 17-18-րդ դարերում կապիտալիստական երկրների մաքսային քաղաքականության նպատակը ներմուծվող ապրանքներից մաքսատուրքեր գանձելու միջոցով առևտրական հաշվեկշռի ակտիվացումն էր։ Արդյունաբերական կապիտալիզմի զարգացման շրջանում, սկսած 18-րդ դարի վերջերից, սահմանվում էին հովանավորական տուրքեր, որոնք նպաստում էին ազգային արդյունաբերության ստեղծմանն ու զարգացմանը։ 19-րդ դարի կեսերից, որոշ երկրներում (Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա և այլն) կիրառվում էր ազատ առևտրի քաղաքականություն, որի հետևանքով հովանավորական սահմանափակումները հիմնականում վերացվեցին։
1930-ական թվականներին գերարտադրության համաշխարհային ճգնաժամերի պայմաններում մաքսային քաղաքականությունն արտահայտվում էր ներմուծման տուրքերի բարձրացմամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, քայքայված տնտեսության վերականգնման համար անհրաժեշտ սարքավորում և սպառման ապրանքներ ձեռք բերելու նպատակով, Արևմտյան Եվրոպայի երկրներում սկզբում կիրառվում էին ցածր, ապա՝ բարձր (սեփական արտադրության զարգացումը հովանավորելու համար) մաքսատուրքեր։
Զարգացող երկրների մաքսային քաղաքականությունն իրականացվում է ելնելով իրենց տնտեսական և քաղաքական ինքնուրույնության ապահովման, ազգային էկոնոմիկայի ամրապնդման ու զարգացման (որին նպաստում է նաև խորհրդային երկրների մաքսային քաղաքականությունը) շահերից և ունի հովանավորական բնույթ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 366)։ |