Մարսելի օպերա
Մարսելի օպերա ֆր.՝ Opéra municipal de Marseille | |
---|---|
Տեսակ | օպերային թատրոն |
Ստեղծման տարեթիվ | 1787 |
Opéra de Marseille Վիքիպահեստում |
Մարսելի օպերա (ֆր՝. L’Opéra de Marseille կամ Opéra Municipal), մշակութային նշանավոր օջախ ֆրանսիական Մարսել քաղաքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիական քաղաքներից երկրորդը (Բորդոյից հետո) Մարսելն է ունեցել օպերա, որի շենքը 1685 թվականին վեր է խոյացել թենիսի խաղահրապարակի տեղում։ Սակայն իրական օպերային թատրոնը՝ Grand-Théâtre-ը կամ Salle Bauveau-ն, կառուցվել է 1787 թվականին։ Ֆրանսիական մեծ հեղափոխությանը հաջորդած «մեծ առատության» ժամանակաշրջանում այն դարձել է մի վայր, որտեղ ներկայացվել են օպերային նշանակալի բեմադրություններ, ներառյալ Վերդիի «Ռիգոլետոն» ու «Տրավիատան» (1860 թ.) և 1866 թվականին այստեղ բեմականացված «Լուչիա դի Լամերմուր»-ն ու «Սևիլյան սափրիչ»-ը, որոնցում գլխավոր դերերի կատարմամբ հանդես է եկել նշանավոր սոպրանո Ադելինա Պատտին։
Օպերային մեծահամբավ մի շարք այլ ստեղծագործությունների ֆրանսիական պրեմիերաներ ևս կայացել են այդ թատրոնում, ինչպես, օրինակ, Վերդիի «Աիդա»-ի (1877 թ.), Պուչինիի «Աղջիկը Արևմուտքից»-ի (1912 թ.)՝ Ֆրանսիայում առաջին անգամ իրականացված բեմադրությունները։ Հիշարժան է հատկապես Ամբրուազ Թոմասի «Համլետ»-ի 1890 թվականին տեղի ունեցած պատմական առաջնախաղը, որտեղ Օֆելյայի դերի փայլուն կատարումով հանդես է եկել հռչակավոր Նելլի Մելբան։
Օպերային թատրոնի շենքի էլեկտրականացումից մի քանի տարի անց՝ 1919 թվականի նոյեմբերին այնտեղ խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տասնութերորդ դարի այդ շինությունը մեծապես վնասվել է. մնացել են միայն շենքի քարե կմախքն ու արտաքին սյունաշարը։ Այդ աղետից որոշ ժամանակ անց օպերային թատրոնի շենքը հիմնովին վերակառուցվել է, նորացվել՝ ստանալով Opéra Municipal de Marseille-ի ներկայիս տեսքը։ Նորացված շենքի բացումը տեղի է ունեցել 1924 թվականի դեկտեմբերի 4-ին։
Դասական ոճի մեծ դահլիճն ունի 1800 նստատեղ, բեմը շրջանակված է ականավոր քանդակագործ Անտուան Բուրդելի քանդակներով զարդարված ծոփորով (ֆրիզով)։ Շենքի նախագիծը պատրաստած երեք ճարտարապետները՝ Էբրարը, Քասըլը և Ռայմոնդը, պահպանել են նախկին կառույցի քարե սյունաշարը, ինչպես նաև՝ հրդեհի ճիրաններից փրկված ինքնատիպ տոմսարկղը, որն իր տեղն է գտել նախասրահում։ Դրա վերնամասով երկու սանդղաշարեր հանդիսականներին հասցնում են նրբագեղ գլխավոր ճեմասրահը։ Ճանաչված մասնագետները շենքն իր ճարտարապետությամբ բնութագրում են որպես Art Deco ոճով կառուցված մի տաճար, որը միանգամայն հոգեհարազատ է Փարիզի Շանզ Էլիզե թատրոնին;
Ժամանակակից շատ ու շատ անվանի երգիչներ են Ֆրանսիայում իրենց առաջնելույթով հանդես եկել Մարսելի օպերայում երգելով։ Նրանց թվում են Ալֆրեդո Կրաուսը, Դոմինգո Պլասիդոն, Ռենատա Սկոտտոն... Երաժշտարվեստի այս օջախը հաճախող հանդիսականները խիստ քննադատաբար տրամադրված հանդիսատեսների համբավ են վայելում; Դա վերաբերվում է հատկապես դահլիճի վերջում ամենաբարձր տեղերն զբաղեցնողներին։
Օպերային այս թատրոնի նշանավոր դիրիժորներից է եղել հունգարացի մեծահամբավ երաժիշտ Յանոշ Ֆյուրստը, որն այստեղ աշխատել, ստեղծագործել ու վարպետության դասեր է տվել շուրջ մեկ տասնամյակ[1]։
Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո Մարսելի օպերայի ամենանշանակալի, ամենահիշարժան բեմականացումներից են Էռնեստ Ռեյերի «Սիգուրդ»-ի բեմադրությունները 1963 և 1995 թվականներին[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Barry Millington (2007 թ․ փետրվարի 6). «Obituary: Janos Furst». The Guardian. Վերցված է 2009 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ In review: Sigurd performances in Marseille, Opera News, 9 December 1995.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարսելի օպերա» հոդվածին։ |
|