Մինչև 1 մ բարձրությամբ տերևաթափ թուփ է։ Երիտասարդ ընձյուղները ծածկված են կարճ, խիտ աղվամազով։ Փշերը սակավաթիվ են, բարակ, սպիտակադեղնավուն հիմքում թեթևակի լայնացած։ Տերևիկները երկու կողմից էլ խիտ թաղիքամազմզուկապատ են, 5 հատ, մանր, ձվաձև, բթածայր, սղոցաեզր։ Ծաղիկները կարճ են, սպիտակ մազմզուկապատ, փշապատ, ծածկված գեղձիկներով։ Հիպանթիումը հասունացած վիճակում գնդաձև է, հակառակ ձվաձև, ծածկված կարմրավուն փշիկներով, ուղիղ, մանր աղվամազապատ և գեղձապատ բաժակաթերթիկներով։
Տարածված է Կովկասում (Հարավային Անդրկովկաս)։ Հայաստանում հանդիպում է Մեղրիի շրջանում, միջին լեռնային գոտում, չոր լանջերի վրա։ Մեծ հետաքրքրություն է ներկայացնում որպես չորադիմացկուն պատվաստակալ[1]։