Ձողաձուկազգիներ (լատին․՝ Gadidae), ձկների ընտանիք։ Մանր, միջին և խոշոր չափերի ձկներ են։ Մեջքի լողակները 2-3-ն են, պոչայինը՝ 1-2: Հայտնի է 21 սեռ, 53 տեսակ։ Մեծ մասը (39 տեսակ) տարածված են Ատլանտյան օվկիանոսի բարեխառն ջրերում։ Հիմնականում վտառային, մերձհատակային, համեմատաբար ծանծաղուտային ձկներ են։ Սնվում են պլանկտոնով, բենթոսով և նեկտոնով։ խոշոր տեսակները (ձողաձուկ) գիշատիչ են և ամենակեր։ Որոշ ձողաձկներ սնման և ձվադրման համար միգրացիա են կատարում (մինչև մի քանի հզ. կմ), առանձին տեսակներ կուտակումներ են առաջացնում։ Ձվադրում են հիմնականում ձմռանը և գարնան սկզբին, դնում մի քանի հզ-ից մինչև 60 միլիոն ձկնկիթ։ Ունեն արդյունագործական խոշոր նշանակություն, միսը ճարպոտ չէ (մինչև 1% ճարպ)։ ճարպը կուտակվում է լյարդում և հարուստ է A ու Վիտամին Dերով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 711)։