Հմտություն
Հմտություն, շարժողական կամ մտավոր խնդիր լուծելու լրիվ կամ մասնակի ավտոմատիզմի հասցված կարողություն։
Հմտությունների տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հմտությունները կարող են լինել՝
- զգայական
- աշխատանքային-շարժողական
- ներքին՝մտածական և մնեստիկական (հիշողության) գործողություններ։
Հմտությունները օգտագործվում և կատարելագործվում են գործունեության գործընթացում։ Յուրացման ենթակա ամեն մի նոր գործողություն սկզբնապես լինելով ինքնուրույն, ծավալուն և գիտակցված գործողություն, բազմակի կրկնությունների շնորհիվ աստիճանաբար ավտոմատացվում է, հաճախ մտնելով այլ գործողության կազմի մեջ որպես բաղադրամաս։ Վարժությունների օգնությամբ հմտություները մշակելիս փոխվում են շարժումների կատարման հնարները (մի շարք մասնավոր և առանձին կատարվող գործողություններ ձուլվում են մեկ միասնական գործողության մեջ), վերանում են ավելորդ շարժումները։ Մարդը կարողանում է գործողությունները միաժամանակ կատարել երկու ձեռքով (կամ ոտքով), մեծանում է կատարման արագությունը։ Փոխվում են գործողությունների զգայական վերահսկողության հնարները, տեսողական վերահսկողությունը փոխարինվում է առավելապես մկանային-կինեսթետիկ վերահսկողությամբ։ Հմտորեն գործող մարդու ուշադրությունն ազատվում է գործողությունների հնարներն ընկալելուց և տեղափոխվում է իրադրության ու արդյունքների վրա։
Հմտությունների ինտերֆերենցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում յուրացված հմտության բացասական ազդեցությունը նոր հմտությունների ձևավորման և օգտագործման գործընթացի վրա։ Դրանց հաղթահարման համար պետք է մեծացնել առաջին հմտության կատարման (ավտոմատացվածության ու ճկունության) մակարդակը, իսկ նոր հմտությունը յուրացնել որքան հնարավոր է գիտակցված ու նրա մեջ մտնող գործողությունների մանրակրկիտ զննման ու ինքնակարգավորման ապահովմամբ։ Հմտությունների ինտերֆերենցիայի ռետրոակտիվ (հետադարձ) և պրոակտիվ (դեպի առաջ, դեպի նոր հմտության ձևավորման գործընթացը ուղղված) արգելակման հետևանք է[1]։
Հմտությունների փոխանցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում ձևավորված հմտությունների դրական ազդեցությունը նոր հմտությունների յուրացման ընթացքի վրա։
Հմտությունների փոխներգործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում ձևավորված և ներկայումս ձևավորվող հմտությունների փոխադարձ ազդեցությունը, որը լինում է երկու տեսակ՝
- Հմտությունների փոխանցում
- Հմտությունների ինտերֆերենցիա[1]։
Հմտության և սովորության տարբերությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հմտությունը տարբերվում է սովորությունից, քանի որ իր հիմքում որոշակի պայմաններում վերարտադրվելու կայուն միտում չունի։ Հմտությունները տեղափոխվում են այլ իրադրություններ՝ մասնակցելով նոր խնդիրների լուծման պրոցեսներին։ Կենսափորձը զգալի չափով կազմված է հմտություններից, որոնք փոխներգործում են։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Ալբերտ Նալչաջյան. Հոգեբանական բառարան, Երևան, Լույս, 1984
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նալչաջյան Ա․ Ա․ (1984 թ.). Հոգեբանական բառարան (Լույս ed.). Երևան. էջ 240.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 438)։ |