Հարվածային բանվոր
«Հարվածային բանվոր», խորհրդային շրջանի հայկական եռօրյա, ապա՝ երկօրյա թերթ։ Հանդիսացել է ՀԱՄԽ-ի և արհմիությունների կենտրոնական վարչությունների օրգանը։ Լույս է տեսել 1933—1934 թվականներին, Երևանում։ Խմբագիր՝ Ոսկանյան։
Լուսաբանել է հանրապետության արդյունաբերական ձեռնարկությունների, գյուղատնտեսական արտելների, նորակառույցների արտադրական և արհմիութենական կյանքը, բանվորների նամակների ու թղթակցությունների օգնությամբ ֆելիետոններով ու ծաղրանկարներով վեր հանել արտադրության տարբեր օղակներում, աշխատավորության կենցաղում և սպասարկման բնագավառում տեղ գտած ենթադրյալ թերությունները։
Թերթի «Շրջիկ խմբագրությունը» գործել է Խորհրդային Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններում և շինհրապարակներում, օգնել սոցմրցության կազմակերպմանը, ամփոփել դրա արդյունքները, ընդհանրացրել առաջավորների փորձը։
«Հարվածային բանվոր»-ը անդրադարձել է միջազգային քաղաքական իրադարձություններին և սոցիալիստական շարժմանը, տպագրել լուրեր բուհերի կյանքից, մարզական նորություններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 313)։ |