Հարավային Սանդվիչյան կղզիներ (South Sandwich Islands), հրաբխային, անմարդաբնակ կղզիների խումբ Ատլանտյան օվկիանոսի հարավում, Անտարկտիդայում։
Բաղկացած են 8 մեծ և բազմաթիվ մանր կղզիներից։ Տարածությունը մոտ 300 կմ² է, բարձրությունը՝ մինչև 1372 մ։ Ձյունածածկ են, սառցապատ։ Կան գործող հրաբուխներ։ Աճում են քարահոսներ և մամուռներ։ Հարուստ է թռչուններով։ Փոկերի մակաղատեղի է։
Ջեյմս Կուկի անգլիական արշավախումբը 1775 թվականին կղզիները սխալմամբ ընդունել է որպես Անտարկտիդա մայրցամաքի ելուստ և անվանել Sandwich Land ― «Սանդվիչի երկիր»՝ ի պատիվ անգլիական Ծովակալության առաջին լորդի։ Հայտնագործված ցամաքի կղզային բնույթն առաջին անգամ սահմանել է Ֆ․ Ֆ․ Բելինգհաուզենը 1820 թվականին․ նա էլ տվել է այժմյան Հարավային Սանդվիչյան կղզիներ անվանում՝ ի զանազանություն Սանդվիչյան կղզիների, ինչպես Կուկն անվանել էր Հավայան կղզիները
[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 285)։