Հայերն Աջարիայում
Աջարական Հանրապետության տերիտորիայում բնակվում են մեծ թվով հայեր, որոնց նախնիները հիմնականում համշեցիներ են։ Նրանք հոծ խմբերով եկել են Սև ծովի Կովկասյան ափերը XVIII դ. սկզբներին, երբ Համշենում սկսվել են բռնություններ իսլամը տարածելու նպատակով։ Համշենահայության հոսքը Աջարիա ավելի ուժեղացավ 1860-ական թթ. և հատկապես 1877–78-ի ռուս–թուրքական պատերազմից հետո, երբ Սև ծովի Կովկասյան ափերն անցան Ռուսաստանին։ Հայերի նոր խմբեր այս վայրերում հաստատվեցին 1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ, որոնք գաղթել էին Բիթլիսից, Մուշից, Տրապիզոնից, Արդվինից։ Գաղթածների մեծ մասը արհեստավորներ էին, որոնք նպաստեցին Աջարիայի տնտեսական կյանքի աշխուժացմանը։ Հայ բնակչության կենտրոնացման համեմեմատ Աջարիայում հիմնադրվել են հայկական դպրոցներ (Մեսրոպյան երկսեռ ուսումնարան, ծխական դպրոց և այլն)։ Ուսումնական գործը ավելի բարելավվեց, երբ 1905-ին Կովկասում վերաբացվեցին հայծխական դպրոցները։ Աջարիայի հայության կյանքում մեծ դեր է խաղացել Կովկասի հայոց բարեգործական ընկերության Բաթումի մասնաճյուղը։ Ընկերությունը հիմնել է փոխօգնության և օգնության դրամարկղներ, իր հովանավորության տակ վերցրել դպրոցները, թատրոնը, Բաթումում գործող գեղարվեստական խմբակները։ Հայ կանանց մեջ գրագիտություն տարածելու նպատակով դարասկզբին Բաթումում գործում էր «Հայ կանանց միությունը»։ XIX դ. վերջից Աջարիայի և հատկապես Բաթումի հայութունն ապրում էր թատերական, երաժըշտական աշխույժ կյանքով։ 1886-ից սկսեց գործել հայկական թատրոնը։ 1909-ին հայկական թատրոնին հատկացվեց նոր շենք։ XIX դ. վերջից Բաթումում պարբերաբար գործել են երգեցիկ խմբեր։ 1898-ին Քրիստափոր Կարա–Մուրզուն կազմեց 80 հոգուց բաղկացած երգեցիկ խումբ, հետագայում (1910) 60 հոգուց բաղկացած խումբ կազմեց Կոմիտասը՝ միաժամանակ համերգներ տալով ու վարելով հայկական եկեղեցու պատարագը (Բաթումի հայկական եկեղեցին կառուցվել է 1885-ին, Խրիմյան Հայրիկի ջանքերով)։ Բազմիցս Բաթում են այցելել հայ մտավորականներ, գրողներ։ 1908-ին Բաթումում դասախոսություններով հանդես եկավ Լեոն։
Բաթումի համայնքի կյանքը ավելի աշխուժացավ 1920-ական թթ. սովետական իշխանության հաստատումից հետո։ Հրատարակվեցին թերթեր՝ «Կոմունիստ» (1921) և «Բաթումի բանվոր» (1922)։ Բաթումում ,հայկական թատրոնից բացի, գործում էր հայկական կոմերիտական դրամատիկ խումբը։ 1923-ին Բաթումում կազմակերպվեց Հայարտուն (հայ արվեստագեըների տունը), որը ղեկավարում էր քաղաքի հայկական թատերական, գրական, երաժշտական կյանքը։ Այդ գործում մեծ վաստակ ունի կոմպոզիտոր Դանիել Ղազարյանը։
1970 թ. Աջարիայում բնակվում են 21700 հայեր, հիմնականում՝ Բաթումում, Չաքվայում, Քոբուլեթում։ Նրանք զբաղվում են արհեստներով, պտղաբուծությամբ, թեյագործությամբ, նավահանգստի բանվորներ ու ծառայողներ են։ Բաթումում կար 2 հայկական միջնակարգ դպրոց՝ 385 աշակերտով, Չաքվայում՝ 8-ամյա դպրոց՝ 100 աշակերտով։ Բաթումը բազմիցս ընդունել և հյուրընկալել է հայրենիք վերադարձող սփյուռքահայերին։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Грузия М., 1967 (серия «Советский Союз»); Нижарадзе Н., Советская Аджария. Экономико-георафическая характеристика, Батуми, 1961
- Советская Грузия к 50-летию Великой Октябрьской социалистической революции [стат. сб.], Тб., 1967
- Борьба за победу Советской власти в Аджарии, Документы и материалы (1917-21), Батуми, 1961; История Грузии, ч. 1, Тб., 1962.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 522)։ |