Կոնդակ (գրություն)
Արտաքին տեսք
Կոնդակ (հուն.՝ kontakion–կոնդակիոն՝ գլանաձև ձող, գավազան, գալարված մագաղաթ, փաթույթ, նաև համառոտ հոգևոր երգ, հորդորակ, մաղթանք), hայրապետական (երբեմն՝ նաև առաջնորդ-եպիսկոպոսի) պաշտոնական գրություն՝ հիշատակագիր, գիր կամ թուղթ, նամակ, ուղերձ, շրջաբերական, կտակ՝ երկար գալարաթղթի վրա։
Կոնդակի ճակատը սովորաբար զարդարվում է մանրանկարներով և պարտադիր հայրապետական խորհրդանշանով։ Կոնդակները պատմական, քաղաքական, մշակութային, կրթական, ինչպես նաև Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվելու, եկեղեցականներին բարձր պաշտոնների նշանակելու, նրանց գնահատելու, պատժելու և այլնի մասին են։ Կաթողիկոսական կոնդակները երբեմն կարևոր պատմական սկզբնաղբյուր են։
Պատմական կարևորության Կոնդակներ տպագրվել են՝
- 1623 թվականին Հռոմում՝ Ստեֆան Պաուլինիուսի տպարանում՝ Եվգինեոս Դ-ի «Միաբանութիւն հայոց ընդ հռօմէական սուրբ եկեղեցոն» (թարգմ.՝ Տեր Բարդուղիմեոս Աբգարի) թուղթը. Թեոդիկն այն հիշատակել է «Կոնդակ Եւգինեաց» վերնագրով։
- 1693 թվականին Նոր Ջուղայում՝ Ամենափրկիչ վանքի տպարանում, որը բողոք ու հանրաստորագրություն է կաթողիկոսական ընտրությունների դեմ (1 էջ, 80 x 28 սմ)։
- 1766 թվականի օգոստոսի 1-ին Ամենայն հայոց կաթողիկոս Սիմեոն Երևանցու՝ օգնության խնդրանքով կոնդակ՝ Ռուսաստանի Եկատերինա II կայսրուհուն։
- 1773 թվականին Սիմեոն Երևանցի կաթողիկոսի կոնդակը՝ Մովսես Բաղրամյանին բանադրելու պահանջով՝ Շ. Շահամիրյանի տպագրած նրա «Նոր տետրակ որ կոչի յորդորակ» աշխատության համար, պահանջել է նաև, որ Շահամիրյանը գրքի ողջ տպաքանակը հավաքի ու այրի։ Ավելի ուշ, դարձյալ հատուկ կոնդակով, արդարացրել է Շ. Շահամիրյանին և հանել Մ. Բաղրամյանի բանադրանքը։
- 1796 թվականին Աստրախանում՝ Արղության տպարանում՝ Հովսեփ Արղությանի կոնդակը։ Տիտղոսաթերթին՝ «Կոնդակ օրհնութեան» (34 էջ, 17,5 x 11,5 սմ), տպակից է Պլատոն Զուբովի «Նամակ արքեպիսկոպոսին»։
- Տպագրվել են նաև 1848, 1849, 1861 թվականներին՝ «Կոնդակ պատրիարքական եւ կանոնագիրք հարսանեաց, որ հաստատեցաւ յօգուտ ազգիս» (ԿՊ, Հովհաննես Մյուհենտիսյանի, «Արևելան համազգային» տպներ), 1863, 1868 թվականներին՝ Գևորգ Դ կաթողիկոսի կոնդակը՝ «Առ հոգևորականս, որ ի Ռուսաստան» (Վաղարշապատ, Սբ Էջմիածնի տպարան), 1835, 1843 թվականներին՝ «Կոնդակ հարսանեաց, սահմանեալ յօգուտ հասարակութեան թագաւորեալ մայրաքաղաքիս...» (ԿՊ, Պողոս Արապանի տպ.), 1895 թվականին (տպագրության վայրը և տպարանը նշված չեն) և այլն։
- 1945 թվականի նոյեմբ. 25-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Չորեքչյանի կոնդակը՝ ուղղված ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարություններին՝ հայկական հողերը Թուրքիայից հետ ստանալու խնդրանքով, իսկ 1947 թվականի ապրիլի 20-ին կաթողիկոսը կոնդակ է հրապարակել «Հայկական հարցի լուծման մասին»։
- 2012 թվականին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի Հայրապետական կոնդակը՝ հայ գրատպության 500-ամյակի առթիվ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |