Ամբողջ կարիերայի ընթացքում նվիրված է եղել Մյունխենի Բավարիային, 16 տարի խաղացել է այդ ակումբում։ 6 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, 3 անգամ շահել է Գերմանիայի գավաթը։ 7 տարի եղել է Բավարիայի ավագը։ Անցկացրել է 404 հանդիպում, դարձել 52 գոլի հեղինակ։ Գերմանիայի ազգային հավաքականի հետ դարձել է աշխարհի չեմպիոն, նաև արծաթե մեդալակիր։
Կարիերայի ավարտից հետո սկսել է աշխատել Բավարիայի մարզչական շտաբում, մարզել է Բավարիայի երկրորդ թիմը։ 2003-2005 մրցաշրջաններում օգնել է Բայեր Լևերկուզենին հաղթահարել դժվարությունները։ 2006-2007 մրցաշրջանում մարզել է Վոլֆսբուրգը, բայց ոչնչով աչքի չի ընկել։
Աուգենտալերը նախքան կանոնների փոփոխությունը միակ մարզիչն էր Բունդեսլիգայում, որը կատարել էր 4 փոփոխություն 1 խաղի ընթացքում։ 1996 թ. մայիսի 18-ին Դյուսելդորֆի Ֆորտունայի հետ անցկացրած մրցաշրջանի վերջին խաղում նա փոխարինում էր Բավարիայի գլխավոր մարզիչ Ֆրանց Բեկենբաուերին և ընդմիջման ժամանակ կատարեց 3 փոփոխություն, իսկ հետո նաև դաշտ մտցրեց Միխաել Պրոբստին Օլիվեր Կանի փոխարեն։ Խաղի մրցավար Լուտց Վագները չնկատեց մարզչի սխալը ու խաղն ավարտվեց 2։2 հաշվով։ Ֆորտունան չբողոքարկեց խաղի հաշիվը, որովհետև վերջին տուրից առաջ 2 թիմերն էլ կատարել էին իրենց առջև դրված խնդիրները։