Jump to content

Կենսաօրգանական քիմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենսաօրգանական քիմիան օրգանական քիմիայի բաժիններից մեկն է, որն ուսումնասիրում է կենդանի օրգանիզմներում նյութափոխանակությանը մասնակցող օրգանական միացությունները (զանազան դասերի և շարքերի պատկանող), որոնց կազմում հանդիպում են մոտ 20 տարրեր։

Կենդանի օրգանիզմներից անջատված միացությունների կազմի մեջ մտնող տարրերի գերակշռող մասը կազմում են ածխածինը և ջրածին, այդ իսկ պատճառով օրգանական միազությունները ուսումասիրող գիտությունը անվանում են նաև ածխածնի միացությունների քիմիա։ Այդ միացությունների կազմում հանդիպում են նաև O, N, S, P տարրերը, որոնք կոչվում են օրգանոգեն և մտնում են կյանքի համար անհրաժեշտ միացությունների կազմի մեջ։

Նյութափոխանակությանը մասնակցող միացությունները կոչվում են մետաբոլիտներ։ Կարևորագույն մետաբոլիտներ են բիոպոլիմերները (սպիտակուցներ, նուկլեինաթթուներ, պոլիսախարիդներ)՝ բոլոր կենդանի օրգանիզմների կառուցվածքային հիմքը և բիոռեգուլյատորները (ֆերմենտները, հորմոններ, նեյրոմեդիատորներ, վիտամիններ), որոնք կարգավորում են նյութափոխանակությունը[1]։

Մինչև օրգանական քիմիայի զարգացումը որպես գիտություն, բազմաթիվ, այսպես կոչված, բնական ծագում ունեցող միացություններ (բույսերից և կենդանի օրգանիզմներից անջատած) օգտագործվում էին զանազան հիվանդությունների բուժման համար, որպես օծանելիքներ, սոսինձներ և տարբեր այլ խնդիրների լուծման նպատակներով։ Այդ նյութերը օգտագործվում էին առանց նրանց քիմիական կազմը և կառուցվածքը իմանալու, ելնելով նրանց արդեն հայտնի հատկություններից։ Դարեր շարունակ հայտնի էին ցիտրուսների բուժիչ հատկությունները, մինչև 1933 թվականը անջատվեց և ուսումնասիրվեց նրանց ակտիվ գործող բաղադրամասի՝ վիտամին C-ի (ասկորբինաթթվի) քիմիական կառուցվածքը։ Այժմ վերածնունդ է ապրում հետաքրքրությունը դեպի ժողովրդական բժշկությունը։

Բնական աղբյուրներից անջատվում և մանրակրկիտ ուսումնասիրվում են բազմաթիվ բուժիչ հատկություններով օժտված միացություններ։

Միացությունների կառուցվածքների բացահայտում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացությունների կառուցվածքների բացահայտումը հնարավորություն է տալիս մշակել նրանց սինթեզի եղանակները և արդյունաբերական ծավալներով արտադրումը։ Օրինակ, վիտամին C-ի սինթեզի եղանակը մշակվել է դեռևս 1933 թվականին, իսկ այժմ յուրաքանչյուր տարրի ամբողջ աշխարհում սինթեզվում է մոտ 40 տոննա վիտամին C։

Հիմնական խնդիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսաօրգանական քիմիայի հիմնական խնդիրներից են՝

  1. բնական և սինթետիկ ծագում ունեցող կենսաբանորեն ակտիվ միացությունների, դեղանյութերի կառուցվածքի ուսումնասիրությունը,
  2. օրգանական միացությունների կառուցվածքի և կենսաբանական ակտիվության միջև եղած կապի պարզաբանումը,
  3. կենսաբանորեն ակտիվ միացությունների սինթեզը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Manfred T. Reetz: Biocatalysis in Organic Chemistry and Biotechnology: Past, Present, and Future, J. Am. Chem. Soc. 135 (2013) S. 12480−12496.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]