Կարիբյան ճգնաժամ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կարիբյան ճգնաժամ, պատմական տերմին, որն արտահայտում է 1960–ական թվականների սկզբին Խորհրդային Միության և ԱՄՆ–ի միջև չափազանց գերլարված քաղաքական, դիվանագիտական և ռազմական առճակատումը, Ճգնաժամը կարող էր հանգեցնել գլոբալ միջուկային պատերազմի։
Ճգնաժամի պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճգնաժամը հարուցվեց 1961 թվականին՝ Միացյալ Նահանգների կողմից Թուրքիայում (ՆԱՏՕ-ի անդամ երկիր) միջին հեռահարության «Յուպիտեր» հրթիռների տեղակայման արդյունքում, որոնք ի զորու էին խոցելու Խորհրդային Միության արևմտյան շրջանների քաղաքները, ներառյալ Մոսկվան և ԽՍՀՄ գլխավոր արդյունաբերական կենտրոնները։ Որպես պատասխան քայլ Խորհրդային Միությունը ԱՄՆ-ի ափերին սերտ հարևանությամբ գտնվող Կուբա կղզում տեղակայեց իր ռազմական անձնակազմն ու ստորաբաժանումները, որոնք զինված էին ոչ միայն սովորական, այլ նաև ատոմային զենքով, ներառյալ հողահեն բալիստիկ և տակտիկական հրթիռները։
Իրադարձությունների ժամանակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուբայի հեղափողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սառը պատերազմը երկու գերտերությունների՝ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև արտահայտվեց ոչ միայն ուղղակի ռազմական սպառնալիքի և սպառազինությունների մրցավազքի մեջ, այլև նրանց ազդեցության գոտիների տարածմանը ձգտելու մեջ, Խորհրդային Միությունը աջակցում էր աշխարհի տարբեր մասերում բռնկված սոցիալիստական շարժումներին և հեղափոխություններին, աջակցելով ռազմական օժանդակությամբ իր ռազմակայանները տեղակայելով այդ երկրներում, տրամադրելով ռեսուրսներ և տնտեսական օգնություն։ ԱՄՆ-ն ևս վարում էր նման քաղաքականություն աջակցելով ամերիկամետ ռեժիմներին խթանելու կապիտալիզմի հաստատմանը` միջամտելով ինչպես ասիական երկրներում բռնկված շարժումներին, այնպեսել աֆրիկյան երկրներում։
1950-ականներին Կուբայում բռնկվել էր սոցիալիստական հեղափոխություն որը իր հաղթանակին հասավ 1959թ-ին։ Հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն սկզբում սերտ կապեր չէր ունեցել Խորհրդային Միության հետ։ 1950-ականներին Կաստրոն ամերիկյան ռեժիմի դեմ պայքարի ժամանակ բազմիցս Մոսկվայից խնդրել էր ռազմական օգնություն, բայց Խորհրդային իշխանությունները հրաժարվել էին, քանի որ թերահավատորեն էին մոտենում Կուբայի հեղափոխականներին և Կուբայում սոցիալիստական կարգերի հեռանկարին, հավատալով որ ԱՄՆ-ի ազդեցությունը Կուբայում չափազանց մեծ է։ Հեղափոխության հաղթանակից հետո Կաստրոյի առաջին այցը դեպի ԱՄՆ էր, սակայն նախագահ Դուայթ Էյզենհաուերը հրաժարվեց հանդիպել իր հետ, Կուբայի հանդեպ ամբարտավան վերաբերմունքից զայրացած Կաստրոն դիմեց կտրուկ քայլերի, անմիջապես կղզում պայքար սկսվեց ամերիկյան գերակայության դեմ, ազգայնացվեցին Կուբայի տարածքում ԱՄՆ-ի նավթավերամշակող գործարանները, ԱՄՆ 36 քաղաքացիներին պատկանող շաքարի գործարանները, հյուսիսամերիկյան բանկերի մասնաճյուղերը ևս ազգայնացվել են։ Որպես պատասխան քայլ ԱՄՆ-ն հրաժարվեց Կուբային մատակարարել նավթ և գնել շաքար նրանից, նման քայլը Կուբային դնում էր բարդ իրավիճակի մեջ։ Կուբան այդ ժամանակ արդեն դիվանագիտական հարաբերություններ էր հաստատել ԽՍՀՄ-ի հետ, և Կաստրոն դիմեց Մոսկվային օգնության խնդրանքով, որպես պատասխան քայլ Խորհրդային Միությունը Կուբա ուղարկեց նավթով բեռնված տարաներ և կազմակերպեց շաքարի հումքի գնումը։ ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության տարբեր ճյուղերից մասնագետներ ժամանեցին Կուբա կազմելով տնտեսության զարգացմանը ուղղված նախագծեր, նախատեսվում էր կառուցել արդյունաբերական կենտրոններ և տարբեր օբյեկտներ, օրինակ` հատուկ նախագծի համաձայն, շաքարավազի թափոնների վառարաններով պետք է կառուցվեր գոլորշու էլեկտրակայաններ։
ԱՄՆ հրթիռային դիրքերը Թուրքիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]1960-ականների սկզբին ԱՄՆ-ն փորձեց զգալի առավելության հասնել ԽՍՀՄ-ի նկատմամբ, ռազմավարական միջուկային ուժերում։ 1961թ-ին ԱՄՆ-ն Թուրքիայի Իզմիրի շրջանում տեղակայեց 15 միջերկրածովյան հրթիռներ RGM-19 «Յուպիտեր», որոնք իզորու էին խոցել 2500 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ցանկացած թիրախ, այսինքն հրթիռները կարող էին մարտագլխիկներ հասցնել ԽՍՀՄ արդյունաբերական խոշոր կենտրոններին ընդհուպ մինչև մայրաքաղաք Մոսկվա՝ 10 րոպեից ոչ պակաս ժամանակահատվածում։ Խորհրդային ստրատեգները հասկացան, որ այն ուղղակի սպառնալիք է Խորհրդային Միության անվտանգությանը և եկան այն եզրահանգման որ կարելի միջուկային հարվածի գարակայություն ապահովել ԱՄՆ–ի նկատմամբ փոխադարձ քայլով` Կուբայում հրթիռներ տեղակայելով։ Կուբայի տարածքում տեղակայվող միջմայրցամաքային բալիսթիկ հրթիռները ունեին 4000 կիլոմետր հեռավորության վրա ցանկացած թիրախ խոցելու հնարավորություն, կարող էին ԱՄՆ խոշոր արդյունաբերական կենտրոններին և մայրաքաղաք Վաշինգտոնին հարվածներ հասցնել 20 րոպեից ոչ պակաս ժամանակահատվածում։ Նիկիտա Խրուշչովը հրապարակայնորեն իր վրդովմունքը հայտնեց Թուրքիայում ամերիկյան հրթիռների տեղակայման փաստի առթիվ այն համարելով անձնական վիրավորանք, ռազմական պատասխանը Խորհրդային Միության կողմից չուշացավ։
Խորհրդային հրթիռների տեղակայում Կուբայում
[խմբագրել | խմբագրել կոդը]1962 թվականի մայիսի 20-ին ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովը Բուլղարիայից վերադառնալուց անմիջապես հետո, Կրեմլում խորհրդակցություն ունեցավ արտգործնախարար Անդրեյ Գրոմիկոյի, ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Անաստաս Միկոյանի և պաշտպանության նախարար Ռոդիոն Մալինովսկու հետ։ Խրուշչովը ներկայացրեց ԱՄՆ-ին հակազդելու իր գաղափարը և նշեց Կաստրոյի՝ Կուբայում Խորհրդային միջուկային զենք տեղակայելու անընդմեջ պահանջները ուղղված Մոսկվային, ԽՍՀՄ կենտրոնական կոմիտեի նախագահության անդամները աջակցեցին Խրուշչովին այդ հարցում։ Մայիսի 28-ին Խորհրդային Միությունը պատվիրակություն ուղարկեց Հավանա բանակցությունների համար, Կաստրոն 1 օր ժամանակ խնդրեց իր մոտ ընկերների կարծիքը իմանալու համար։ Հայտնի է, որ Կաստրոն մայիսի 30-ին հանդիպել է Էռնեստո Չե Գեվարայի հետ, հայտնի չէ, թե նրանք ինչ են խոսել, բայց Ֆիդել Կաստրոն տվեց դրական պատասխան։ Կաստրոյի համաձայնությունը ստանալուց հետո ԽՍՀՄ-ը սկսեց ծրագրի իրագործումը, պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին հանձնարարվեց կազմակերպել խորհրդային զորքերի և ռազմական տեխնիկայի գաղտնի տեղափոխումը ծովով դեպի Կուբա։ Որոշվեց, որ Ֆիդել Կաստրոի եղբայր Ռաուլ Կաստրոն հուլիսին կմեկնի Մոսկվա մանրամասներին ծանոթանալու։
Օպերացիա «Անադիր»
[խմբագրել | խմբագրել կոդը]1962 թվականին Խորհրդային Միության զինված ուժերի գլխավոր շտաբը կազմեց «Անադիր» ծածկանունը կրող գործողությունը, որը ղեկավարել է ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանը։ Գործողության նպատակն էր մոլորեցնել ամերիկացիներին, տնտեսական ապրանքների փոխանակման քողի տակ հրթիռները պետք է տեղափոխվեին Կուբա։ Ամեն ինչ կատարվում էր գաղտնիության պայմաններում։ Սակայն կար մի խնդիր, ամերիկյան ինքնաթիռները հետախուզական թռիչքներ էին իրականացնում Կուբայի շուրջը և անհնար էր հրթիռները աննկատ պահել։ Այսպիսով, Խորհրդային ռազմական ստրատեգները հաշվարկել էին, որ ամերիկացիները կհայտնաբերեին հրթիռները, բայց մինչ այդ նրանք արդեն կլինեին Կուբայի տարածքում։ Ռազմական տեխնիկայի և զորքերի տեղափոխման համար հատկացվեց 85 նավ։ Օգոստոսի սկզբին առաջին նավերը ժամանեցին Կուբա, սեպտեմբերի 8–ի գիշերը Հավանայում բեռնվեց բալիսթիկ հրթիռների խմբաքանակը, տեղակայումը սկսվեց Կուբայի արևմուտքից։ Սան–Կրիստոբալ գյուղի մոտակայքում և Կուբայի կենտրոնում Կազիլդա նավահանգստում հրթիռները տեղակայվեցին, մինչև հոկտեմբերի 14–ը Կուբայում տեղակայվել էին բոլոր 40 հրթիռները իրենց սարքավորումներով։
U–2 հետախուզական ինքնաթիռի չվերթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկյան հետախուզական U–2 ինքնաթիռները պարբերաբար չվերթներ էին իրականացնում Կուբայի շուրջը տեղեկություններ հավաքելու նպատակով, ամերիկացիներին հետաքրքրում էր Կուբայում տեղի ունեցող ցանկացած բան։ Սակայն օգոստոսի վերջերից մինչև սեպտեմբերի 5–ը կատարված թռիչքների ժամանակ, ամերիկացիները չկարողացան ոչինչ պարզել հրթիռների առկայության մասին։ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին կոնգրեսին ուղղված ելույթում հայտարարեց, որ Կուբայում չկան ոչ մի տեսակի հրթիռներ, ԱՄՆ–ն սեպտեմբերի 5–ից դադարեցրեց բոլոր չվերթները մինչև հոկտեմբերի 14–ը, թռիչքները դադարեցվեցին վատ եղանակի պատճառով և, մյուս կողմից, ԱՄՆ–ն մտավախություն ունեցավ թռիչքների կապակցությամբ, որ կարող է իրավիճակը սրվել։ Կենտրոնական Հետախուզական Վարչությունում կասկածները խորանում էին Կուբայում խորհրդային հրթիռների առկայության վերաբերյալ, և հոկտեմբերի 14–ին թռիչքները վերսկսվեցին։ Ամերիկյան հետախուզական U–2 ինքնաթիռը առավոտյան կատարեց հետախուզական թռիչքը, այդ ամբողջ գործուղությունը տևեց 5 ժամ։ Ինքնաթիռը շրջեց ամբողջ Կուբայի տարածքով հարավից մինչև հյուսիս, 22 կիլոմետր բարձրությունից արված լուսանկարները անհերքելի փաստեր էին Կուբայում էին գտնվում Խորհրդային հրթիռային բազաները, հարավային Ֆլորիդայի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո ինքնաթիռի օդաչուն լուսանկարները հանձնեց ԿՀՎ–ին։ Լուսանկարները ներկայացվեցին ԱՄՆ բարձրագույն ռազմական ղեկավարության ուշադրությանը, իսկ հոկտեմբերի 16–ի առավոտյան լուսանկարները ներկայացվեցին նախագահ Քենեդուն։ Դրանից հետո ԱՄՆ նախագահի հրամանով Կուբայի վրա թռիչքների քանակը 90 անգամ ավելի հաճախակի դարձավ` ամսական երկու անգամից օրական մինչև վեց անգամ։
ԱՄՆ արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակազդեցության հնարավոր միջոցների մշակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուբայի խորհրդային հրթիռների լուսանկարները ստանալուց հետո նախագահ Քենեդին գաղտնի խորհրդակցություն հրավիրեց Սպիտակ տանը։ Խորհրդատուների խումբը բաղկացած էր 14 հոգուց, որոնց հիմնական մասը ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի անդամներն էին։ Հանձնաժողովը նախագահին ներկայացրեց խնդրի լուծման երեք տարբերակ՝ ոչնչացնել Կուբայում խորհրդային հրթիռները ռմբակոծություններով, իրականացնել լայնածավալ ներխուժում Կուբա, ուղղակի իրականացնել կղզու ծովային շրջափակում և վերջնագիր ներկայացնել Խորհրդային Միությանը, երկար քննարկումներից հետո որոշվեց կանգ առնել ներխուժման տարբերակի վրա, ընդհանուր հանձնաժողովի ղեկավար Ջեյմս Թեյլորը և ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի պետ գեներալ Լեյմը պնդեցին ներխուժման տարբերակը։ Նրանց կարծիքով ԽՍՀՄ–ը լուրջ քայլեր չէր ձեռնարկի, ԱՄՆ ռազմական ղեկավարությունը ավելի էր ճնշումը մեծացնում քաղաքական իշխանությունների վրա, որպեսզի արձակեին Կուբա ներխուժելու հրամանը, որովհետև մտավախությունը չափազանց մեծ էր, որ այդ հրթիռները հարվածելու էին ԱՄՆ–ին։ Ամերիկյան իշխանությունները մեծածավալ ուժեր կենտրոնացրին Ֆլորիդայում և սկսեցին պատրաստվել հարձակմանը, բոլորը հասկանում էին դրա հետևանքների աղետալի լինելը։ Արդեն իսկ 1962 թվականի սեպտեմբերի 27-ին ԱՄՆ կոնգրեսը Քենեդուն տվել էր զինված ուժերը Կուբայում օգտագործելու իրավունք, իսկ հոկտեմբերի 16–ին կոնգրեսը խորհուրդ տվեց նախագահին օգտագործել զինված ուժերը Կուբայում խորհրդային ուժերի դեմ։ Սակայն ԱՄՆ իշխանությունները անում էին ամեն ինչ խուսափելու համար ռազմական բախումից և նախընտրեցին ուղղակի շրջափակումը, դիվանագիտական լուծման հույսը դեռևս մնում էր։ Հոկտեմբերի 18-ին ԱՄՆ նախագահին են այցելել ԽՍՀՄ արտգործնախարար Անդրեյ Գրոմիկոն և Վաշինգտոնում ԽՍՀՄ դեսպան Դոբրինինը, զրույցի ժամանակ Գրոմիկոն կտրականապես հերքել է Խորհրդային հրթիռների առկայության փաստը Կուբայում՝ պնդելով թե հրթիռներ չկան։ Այնուամենայնիվ կղզին շրջափակվեց ամերիկյան ռազմանավերի կողմից, բանակը բերվեց մարտական 2–րդ աստիճանի պատրաստվածության (ԱՄՆ պատմության մեջ առաջին և վերջին անգամ), հաջորդ քայլը պետք է լիներ ներխուժման իրականացումը և միջուկային հարվածը։ Որոշվեց շրջափակման տերմինի փոխարեն օգտագործել «կարանտին» տերմինը, ինչը միջազգային օրենքների համաձայն ծովային երթևեկության դադարեցում էր, որի նպատակն էր խոչնդոտել Խորհրդային Միության կողմից զենքի մատակարարումը Կուբային։ Որոշվել է հոկտեմբերի 24-ին տեղական ժամանակով ժամը 10-ին կարանտին ներկայացնել։
Կարանտին
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային կողմը նշում էր շրջափակման վատ հետևանքների հանգեցնելու փաստերը և հայտարարում, որ ԱՄՆ–ն նման հրթիռներ ունի տեղակայած ԽՍՀՄ սահմանների մոտ Եվրոպայում, նման հրթիռներ տեղակայվել են Թուրքիայում։ Այնուամենայնիվ ճգնաժամը գնալով խորանում էր, ԱՄՆ նախագահ Քենեդին հայտարարությամբ դիմեց ամերիկյան ժողովրդին, ուղերձում նա հաստատեց Խորհրդային հրթիռների առկայությունը Կուբայում և հաստատեց 500 ծովային մղոն երկարությամբ (926 կմ) կարանտին գոտի ձևով ռազմական շրջափակման մասին, և հայտարարեց զինված ուժերի պատրաստ լինելուն ցանկացած սպառնալիքին հակահարված տալու համար։ Քենեդին սպառնաց. «ցանկացած միջուկային հրթիռ որ դուրս կգա ԽՍՀՄ տարածքից և կուղղվի ԱՄՆ դաշնակիցների դեմ, կդիտվի որպես ԱՄՆ–ի վրա միջուկային հարձակում և կհանգեցնի պատասխան քայլերի»։ Բոլորը միաձայն դատապարտեցին ԽՍՀՄ–ին հրթիռների «գաղտնի տեղակայման համար», Խորհրդային իշխանությունները հայտարարեցին, որ շրջափակումը անօրինական է և Խորհրդային ռազմանավերը անտեսելու են։ Խրուշչովը սպառնաց, որ «եթե Խորհրդային ռազմանավերը ԱՄՆ–ի կողմից հարձակման ենթարկվեն, ապա Խորհրդային Միությունը կդիմի լայնամասշտաբ գործողությունների»։ Շշրջափակումը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 24-ին, ամերիկյան շուրջ 180 նավեր շրջափակեցին Կուբան առանց որևէ կրակ բացելու Խորհրդային ռազմանավերի վրա, սակայն ռազմական բախման հավանականությունը չափազանց մեծ էր։ Միևնույն ժամանակ ԽՍՀՄ կենտրոնական կոմիտեի նախագահությունը որոշում կայացրեց ԽՍՀՄ զինված ուժերը և Վարշավյան պակտի զինված ուժերը բերել մարտական ամմենաբարձր մակարդակի։ Խրուշչովը քաջալերական նամակ է ուղարկել Կաստրոյին, որտեղ ասվում էր որ ԽՍՀՄ դիրքորոշումը չի փոխվի ցանկացած հանգամանքում։
Ճգնաժամի խորացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոկտեմբերի 23-ի երեկոյան Ռոբերտ Քենեդին Վաշինգտոնում այցելեց Խորհրդային դեսպանատուն, հանդիպում ունեցավ Դոբրինինի հետ, զրույցի ժամանակ նա դեսպանին զգուշացրեց․ «Չգիտեմ, թե ինչպես կավարտվի, բայց մենք մտադիր ենք կանգնեցնել ձեր նավերը»։ Խրուշչովը կարճ հեռագիր ստացավ Քենեդուց, որտեղ ԽՍՀՄ ղեկավարին խոհեմության կոչ էր արվում և ասվում էր շրջափակման պայմանները չխախտելու մասին։ Խրուշչովը պատասխան հեռագրում կրկին ռազմատենչ հռետորաբանություն էր ընդունել, նա Քենեդուն զգուշացնում էր ԽՍՀՄ զինված ուժերի պատրաստակամությունը ցանկացած ագրեսիային հակահարված տալու։ ԽՍՀՄ–ը մեղադրում էր ԱՄՆ–ին միջուկային պատերազմ հրահրելու մեջ, հոկտեմբերի 25-ին ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստը անցավ չափազանց լարված մթնոլորտում, ամերիկյան և խորհրդային պատվիրակությունները փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցնում։ Ամերիկյան պատվիրակները ամբիոնից ցուցադրեցին հրթիռների լուսանկարները, իսկ մինչ այդ խորհրդային պատվիրակները տալիս էին խուսափողական պատասխաններ։ Նիկիտա Խրուշչովը Կրեմլում խորհրդակցություն հրավիրեց, որտեղ ասաց, որ անհնար է հրթիռները պահել Կուբայում առանց ԱՄՆ–ի դեմ պատերազմի, նա եկավ եզրահանգման, որ կարելի է ԱՄՆ–ից ստանալ երաշխիքներ, որ հրթիռների դուրս բերման դեպքում չի հարձակվի Կուբայի վրա, և դուրս կբերի իր հրթիռները Թուրքիայից։ Քվեարկությանը մասնակցածներից Բրևժնևը, Կոսիգինը, Միկոյանը, Պոնոմարևը, Սուսլովը աջակցել են Խրուշչովին, ձեռնպահ են քվեարկել Գրոմիկոն և Մալինովսկին։
Սև շաբաթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավանայում քաղաքական իրավիճակը շարունակում էր մնալ լարված, և երբ Կաստրոն իմացավ Խորհրդային Միության դիրքորոշման մասին, անմիջապես գնաց Խորհրդային դեսպանատուն, այնտեղից նամակ ուղարկեց Նիկիտա Խրուշչովին, որտեղ ասվում էր․ «Ամերիկյան ռազմական ներխուժումը գրեթե անխուսափելի է և այն տեղի է ունենալու մոտակա 24-72 ժամվա ընթացքում»։ Միևնույն ժամանակ Խորհրդային Միության պաշտպանության նախարար Ռոդիոն Մալինովսկին Կուբայի խորհրդային զորքերի հրամանատար գեներալ՝ Պլիևից, ստացել է զեկույց, որտեղ ասվում էր․ «Վերջին շրջանում Կուբայի տարածքում ամերիկյան ռազմավարական ավիացիայի ակտիվացում կա»։ Երկու հաղորդագրությունները նույն շաբաթ օրը, հոկտեմբերի 27–ին ԽՍՀՄ ԿԳԲ–ի հսկողությամբ հասցվել են կրեմլ։ Նույն օրը Մոսկվայի Ժամանակով ժամը 17:00-ին Կուբայում տեղի ունեցավ բեկումնային իրադարձություն, ԽՍՀՄ հակաօդային ստորաբաժանումներից մեկը նկատել է Կուբայի սահմանների մոտ Գունտամանոյի ճանապարհին ամերիկյան հետախուզական U-2 ինքնաթիռը։ C-75 հակաօդային պաշտպանության դիվիզիոնի շտաբի պետ, կապիտան Անտոնետսը փորձել է տեղեկությունը հաղորդել Պլիևի շտաբ, սակայն տեղում չի եղել։ Մի քանի րոպե անց Անտոնետսը շտապ նորից զանգեց շտաբ, սակայն Պլիևը կրկին տեղում չի եղել, Պաշտպանության հատուկ ծառայության զորքերի հրամանատրի տեղակալ գեներալ–լեյտենանտ Լեոնիդ Գառբուզը հրամայել է կապիտանին սպասել Պլիևին։ Երբ U-2-ը արդեն Կուբայի տարածքում էր Գառբուզը վազում է գլխավոր շտաբ և առանց Պլիևին սպասելու հրամայում է ոչնչացնել ինքնաթիռը, հակաօդային պաշտպանության ստորաբաժանման կողմից արձակված հրթիռով ինքնաթիռը խոցվեց, ինչպես նաև սպանվեց օդաչուն` մայոր Ռուդոլֆ Անդերսոնը։ Հենց նույն օրը մեկ այլ U-2 ինքնաթիռ կրկին հետախուզական թռիչքի ժամանակ, շեղվել է հետագծից և հայտնվել Խորհրդային Միության օդային տարածքում։ Պատճառն այն էր, որ հոկտեմբերին ԽՍՀՄ–ը զորավարժությունների ժամանակ իր զորավարժարանում պայթեցրել էր 260 կիլոտոննա ջերմային ռումբեր, իսկ ինքնաթիռը թռիչքը իրականացնում էր հյուսիսային բևեռում և միջուկային էներգիայի ազդեցության տակ շեղվելով հետագծից նեղուցով անցնում է Խորհրդային Միության տարածք՝ Չուկոտկա։ Տագնապով օդ բարձրացած Միգ–29 կործանիչները փորձում են խոցել ինքնաթիռը, սակայն այն մանևրելով կարողանում է փախչել և բարեհաջող հասնել ԱՄՆ տարածք։ Այս տեղի ունեցած իրադարձությունները, հատկապես ինքնաթիռի խոցումը, ԱՄՆ իշխանություններին ստիպեցին մտածել, որ պատերազմը միակ ելքն է։ Սպիտակ տանը տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Քենեդու խորհրդականները կազմեցին Կուբա ներխուժելու ժամկետները, այն պետք է տեղի ունենար երկուշաբթի օրը։ Ֆիդել Կաստրոն Կուբայում ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպանի միջոցով կրկին հաղորդագրություն ուղարկեց Մոսկվա, որտեղ առաջարկվում էր «ԽՍՀՄ–ի կողմից ԱՄՆ–ին կանխարգելիչ միջուկային հարված հասցնելու մասին», այդ քայլով Կաստրոն հրահրում էր Խորհրդային Միությանը նամակում կրկին հավաստի տեղեկություններ հաղորդել ԱՄՆ–ի Կուբա ներխուժելու մասին, ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Մակնամարան կոնգրեսին ուղղված ելույթում հռետորական հարց հնչեցնելով ասաց․ «Կտեսնեմ արդյոք վաղվա արևածագը»։ Սակայն երբ իրավիճակը պայթյունավտանգ էր և պատերազմը անխուսափելի էր թվում, գերտերությունները անկանխատեսելի քայլ արեցին հետ քաշվելով ռազմական բախման ծրագրից։
1962 թվականի հոտեմբերի 27–ը՝ «սև շաբաթը», այն օրն էր երբ աշխարհը ամենամոտն է եղել միջուկային պատերազմին, քան երբևէ։
Ճգնաժամի լուծում
[խմբագրել | խմբագրել կոդը]1962թ-ի հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Ռոբերտ Քենեդին Վաշինգտոնում հանդիպեց ԽՍՀՄ դեսպան Անատոլի Դոբրինինի հետ` Արդարադատության դեպարտամենտի շենքում։ Քենեդին Դոբրինինին տեղեկացրեց, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս և իր եղբայրը պատրաստ է երաշխիքներ տրամադրել Կուբայի շրջափակումը վերացնելու համար, եթե ԽՍՀՄ-ը համաձայնվի իր հրթիռները դուրս բերել այնտեղից։ Դեսպանը իր հերթին պահանջներ ներկայացրեց Թուրքիայում գտնվող ամերիկյան հրթիռների դուրս բերման մասին, Քենեդու խոսքերով. «Եթե դա միակ խոչնդոտն է խաղաղության հասնելու համար, ապա նախագահը անհաղթահարելի դժվարություններ չի տեսնում»։ Սակայն բանակցությունների ժամանակ ՆԱՏՕ-ն և նրա անդամ Թուրքիան խստորեն դեմ էին այդ քայլին, որովհետև «Յուպիտեր» հրթիռների դուրս բերումը Թուրքիայից կընկալվեր Միացյալ Նահանգների թուլության նշան և կասկածի տակ կդներ ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանված լինելու երաշխիքները։ Հաջորդ օրը առավոտյան ԱՄՆ նախագահ Քենեդին հեռագիր ուղարկեց Մոսկվա, որտեղ նշված էր, որ հրթիռների դուրս բերման դեպքում ԱՄՆ-ն երաշխավորում է, որ չի հարձակվի Կուբայի վրա և կվերացնի շրջափակումը։ Կեսօրին ԽՍՀՄ կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Նիկիտա Խրուշչովը Նովոե-Օգարևոում գտնվող իր տանը խորհրդակցություն հրավիրեց՝ քննարկելու ամերիկյան պայմանները։ Խորհրդակցության ժամանակ Խրուշչովի օգնական Տրյանովսկին հեռախոսով կապ է հաստատել Վաշինգտոնում ԽՍՀՄ դեսպան Դոբրինինի հետ, հեռախոսով Դոբրինինը մտավախություն է հայտնել, որ ԱՄՆ նախագահը բանակի ուժեղ ճնշման տակ է։ Դոբրինինը բառացիորեն փոխանցեց Միացյալ Նահանգների Նախագահի եղբոր խոսքերը. «Այսօր Կրեմլից պատասխան պետք է ստանանք, խնդիրը խաղաղ լուծելու համար շատ քիչ ժամանակ է մնացել»։ Խրուշչովը պատրաստեց հեռագիր, որպեսզի այն ուղարկի Վաշինգտոն, այնտեղ նշվում էր ԽՍՀՄ-ի պատրաստակամությունը հրթիռների դուրս բերման համար, և փոխարենը ԱՄՆ-ն իր հրթիռները դուրս կբերի Թուրքիայից, որպեսզի այն արագ հասնի Վաշինգտոն, որոշվեց առաջին հերթին տարածել ռադիոկայաններով։ Խրուշչովը նոր «անակնկալներից» և բանակցությունների տապալումից խուսափելու համար արգելեց Պլիևին Կուբայում որևէ տեսակի հակաօդային հրթիռ օգտագործելը ամերիկյան ինքնաթիռների դեմ։ Սկսվեց Կուբայի տարածքում խորհրդային հրթիռների ապամոնտաժման, ռազմական տեխնիկայի, անձնակազմի և նավատորմի դուրս բերման աշխատանքները, այն պետք է տեղի ունենար 3 շաբաթվա ընթացքում։ Համոզված լինելով, որ Խորհրդային Միությունը իր ռազմական ուժերը դուրս է բերել Կուբայից, նոյեմբերի 20-ին ԱՄՆ–ն վերացրեց կղզու ծովային շրջափակումը, իսկ մի քանի ամիս անց դուրս բերեց իր «Յուպիտեր» հրթիռները Թուրքիայից։
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճգնաժամի խաղաղ լուծումը չի բավարարել բոլորին, Խորհրդային Միության կողմից ԱՄՆ-ին կատարած զիջումները զգալիորեն հարվածեցին Խրուշչովի հեղինակությանը, երկու տարի անց ԽՄԿԿ կենտկոմի մեծամասնությունը պաշտոնանկ արեց Խրուշչովին։
Կուբայի կոմունիստական ղեկավարությունը ԽՍՀՄ ԱՄՆ փոխզիջումը համարեց Խորհրդային Միության կողմից «դավաճանություն», քանի որ ճգնաժամի ավարտին որոշումը կայացվել է բացառապես Խրուշչովի և Քենեդու կողմից առանց Կուբային հաշվի առնելու։
Ամերիկյան ռազմական հրամանատարությունը նույնպես դժգոհ մնաց արդյունքներից, ԱՄՆ օդուժի շտաբի պետ գեներալ Լեյմը տեղի ունեցած իրադարձությունը համարել է «ԱՄՆ պատմության մեջ տեղի ունեցած ամենամեծ պարտությունը»։ Նույնիսկ հետագայում տեղի ունեցած Քենեդու սպանությունը կապվեց ԱՄՆ-ի կողմից ԽՍՀՄ-ին արված զիճումների հետ։
Ճգնաժամից շատ չանցած՝ ԱՄՆ և ԽՍՀՄ հետախուզական գործակալությունների վերլուծաբանները առաջարկել են գերտերությունների ղեկավարների միջև ստեղծել ուղիղ կապ, այսպես կոչված «կարմիր հեռախոս», որպեսզի ճգնաժամի պահերին ղեկավարները կարողանան ուղիղ կապ հաստատել միմյանց հետ, ոչ թե շփվել հեռագրով։
Ճգնաժամից հետո գերտերությունները իրենց զինված ուժերում կատարեցին բարեփոխումներ, ԽՍՀՄ–ը 1970–ական թվականներին ստեղծեց այնպիսի հզորությամբ հրթիռներ, որ կարող էր իր տարածքից հարվածներ հասցնել աշխարհի ցանկացած կետի, ինչի արդյունքում այլևս կարիք չէր լինում հակառակորդ երկրների սահմանների մոտ ռազմական ուժի տեղակայումը` հարվածի գերակայություն ապահովելու համար։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության 2017 թվականին գաղտնազերծված տվյալների համաձայն 1962 թվականին Կուբայում սպանվել են մոտ 64 քաղաքացիական անձինք:
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կարիբյան ճգնաժամ կատեգորիայում։ |