Կաշվեգործ (թափառաշրջիկ)
Կաշվեգործ | |
---|---|
Ծնվել է | 1839 |
Մահացել է | 1889 |
Մահվան վայր | Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կաշվեգործ (անգլ.՝ The Leatherman, 1839 - 1889, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), 19-րդ դարի հայտնի ամերիկյան թափառաշրջիկ, որը հագել է ձեռագործ կաշվից հագուստ և կոշիկ։ Մոտ 1857-1858 թվականներից մինչև 1889 թվականը նա պարբերաբար շրջել է Կոնեկտիկուտ գետից մինչև Հուդզոն գետ և հակառակ ուղղությամբ, դրանով իսկ անցնելով տարեկան մոտ 365 մղոն և մեծ ժողովրդականություն է ձեռք բերել տարածաշրջանում՝ արժանանալով մամուլի և քաղաքային իշխանությունների ուշադրությանը։ Կաշվեգործի ծագումը մնացել է անհայտ. նրա մահից հետո, հագուստի գրպանից գտել են ֆրանսերենով գրված աղոթագիրք։ Նա ազատ տիրապետել է ֆրանսերենին, խոսել է «կոտրված» անգլերեն, այս ամենի պատճառով նրան հաճախ համարել են ֆրանսիացի կամ ֆրանսիացի-կանադացի։ Ամենամյա ճամփորդությունների ընթացքում նա պարբերաբար այցելում էր արևմտյան Կոնեկտիկուտի և արևելյան Նյու Յորքի միևնույն քաղաքները (ընդհանուր առմամբ մոտ 48 բնակավայր)[1]։ Վերադառնում էր այդ քաղաքները հեռանալուց 34-36 օր հետո։
Կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր ամենամյա ճանապարհորդությունների ընթացքում Կաշվեգործը գիշերել է տարածաշրջանի ժայռոտ քարանձավներում (այժմ ոչ պաշտոնապես երբեմն անվանում են «Կաշվեգործի քարանձավներ»)[2], իր 365 մղոնանոց շրջանաձև երթուղու քաղաքներից յուրաքանչյուրում նա կանգ է առել մոտ հինգ շաբաթը մեկ անգամ՝ սնունդ և այլ պաշարներ հայթայթելու համար[3]։ Նրա ամբողջ հագուստը, այդ թվում կոշիկները, գլխարկն ու շարֆըպատրաստված են եղել ձեռագործ կաշվից, որի պատճառով ստացել է «Կաշվեգործ» մականունը[4]։
1870 թվականի ապրիլի 7-ին, «Burlington Free Press» լրագրում հրապարակված ակնարկում նա նշվում է որպես «Leather-Clad Man» (բառացիորեն՝ «կաշվե հագուստով մարդ»)։ Ակնարկում ասվում է նաև, որ նա հազվադեպ է խոսել, և որևէ մեկին դիմելիս, օգտագործել է առավելագույնը միավանկ արտահայտություններ։ Սա Կաշվեգործի մասին տեղեկատվության ամենավաղ գրավոր աղբյուրն է։ Այն ժամանակ լուրեր են պտտվել նրա պիկարդյան ծագման մասին[5]։
Կաշեգործը սահուն խոսել է ֆրանսերեն, իսկ շրջապատի հետ հիմնականում շփվել է անորոշ ձայներով և ժեստերով՝ շատ հազվադեպ անցնելով «կոտրված» անգլերենի։ Երբ նրան իր անցյալի մասին հարցրել են, նա միշտ կտրուկ ընդհատել է խոսակցությունը[1][6]։ Մահից հետո նրա հագուստի մեջ հայտնաբերվել է ֆրանսերենով աղոթագիրք[4][6]։ Հայտնի է, որ ուրբաթ օրերին նա ձեռնպահ է մնացել միս ուտելուց, ինչը Հռոմի կաթոլիկ եկեղեցուն պատկանելու մասին խոսակցությունների տեղիք է տվել[7]։
Թե ինչպե՞ս է Կաշվեգործը ապրուստի համար վաստակել, անհայտ է։ Խանութներից մեկում, որտեղից նա գնումներ է արել, պահպանվել է պատվերի մասին գրառումը՝ «մեկ բոքոն հաց, մի բանկա սարդինա, մեկ ֆունտ կրեկեր, կարկանդակ, երկու լիտր սուրճ, մեկ ջիլ բրենդի և մեկ շիշ գարեջուր»[4][8]։
Մարդիկ մեծ ճշգրտությամբ կռահել են նրա այս կամ այն քաղաք ժամանելու օրը, ուստի նրա համար սնունդ են թողել, որը հաճախ կերել է հենց նրանց տների շքամուտքերում[6][9]։ Կաշվեգործի երթուղու տասը քաղաքների իշխանությունները հատուկ հրամանագրեր են ընդունել, որով նա ազատվել է 1879 թվականին ընդունված «Թափառաշրջանների մասին պետական օրենք»-ին ենթարկվելու վտանգից[2]։
Առողջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաշվեգործը ձնաբքերից ու այլ եղանակային վատ պայմաններից պաշտպանվել է ժայռոտ անձավներում՝ խարույկի մոտ տաքանալով[10]։ Որոշ աղբյուրների համաձայն, նրա դեմքի հաճախ նկատել են ցրտահարության հետքեր, սակայն մահվան պահին, ի տարբերություն այդ նույն ժամանակահատվածում, նույն տարածքում ապրող թափառաշրջիկների մեծամասնությանը, ցրտահարությունից ոչ մի մատ չի կորցրել[11]։ 1888 թվականին կոնեկտիկուտի Հումանիտար հասարակության կողմից բերման է ենթարկվել և ստիպողաբար հոսպիտալացվել։ Հետազոտող բժիշները եզրակացրել են, որ «հաշվի չառնելով հոգեկան տառապանքները, նա առողջ է»[12]։ Արդյունքում նա դուրս է գրվել հիվանդանոցից, քանի որ գումար է ունեցել և ազատություն տենչացել։ Կաշվեգործը մահացել է բերանի խոռոչի քաղցքեղից, որն առաջացել է ծխախոտի չարաշահումից[4][8], նրա դին հայտնաբերվել է 1889 թվականի մարտի 24-ին՝ Նյու Յորք նահանգի Օսսինինգ քաղաքից քիչ հեռու Մաունտ-Պլեզանտ քաղաքի արվարձանում գտնվող Ջորջա Դելլա ագարակի մոտ քարանձավներից մեկում, որը նա օգտագործել է որպես ապաստան[1][13]։
Գերեզման
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաշվեգործի գերեզմանը գտնվում է Օսինինգի Սպարտա գերեզմանատանը, Նյու Յորք նահանգ, 9 -րդ մայրուղու մոտակայքում։ 1937 թվականին նրա հուղարկավորությունից հետո տեղադրված գերեզմանաքարը փորագրվել է հետևյալ մակագրությամբ. «Այստեղ իր վերջին հանգրվանն է գտել «Կաշվեգործը»՝ Ժյուլ Բյուրգլեյը Լիոնից, Ֆրանսիա, որը պարբերաբար ճամփորդել է Ուեստչեստերի և Կոնեկտիկուտի 365 մղոնանոց շրջանաձև երթուղով, Կոնեկտիկուտ գետից մինչև Հուդզոն՝ ապրելով քարանձավներում, 1857-1889 թվականներ»[14]։ Սալաքարի վրա նշված Ժյուլ Բյուրգլեյ անունը հայտնվել է բազմաթիվ աղբյուրներում[2][15], միաժամանակ, ըստ մի շարք հետազոտողների կարծիքի, այդ թվում՝ Դեն Վ. Դելուկայի[16], թափառաշրջիկի իրական անունը պետք է համարել չպարզված[17], ինչը, ի թիվս այլ բաների, հաստատվում է նրա մահվան վկայականով։ Ժյուլ Բյուրգլեյ անունն առաջին անգամ նշվել է 1884 թվականին «Waterbury Daily American»-ում հրապարակված հոդվածում, երբ Կաշվեգործը դեռ ողջ է եղել, բայց հետո, նրա մարմնի հայտնաբերումից գրեթե անմիջապես հետո, «The Meriden Daily Journal» հրատարակչության 1889 թվականի մարտի 25, 26 և 27 լրագրերում և նույն թվականի մարտի 29 -ի լրագրում հրապարակվել են նրա ինքնությունը հերքող ակնարկներ[3][9]։
2011 թվականին որոշվել է աճյունը տեղափոխել գերեզմանատան մեկ այլ հատված՝ ճանապարհից հեռու, քանի որ մայրուղու ընդլայնումից հետո այն գտնվել է դրանից ընդամենը 16 ոտնաչափ հեռավորության վրա[18], առաջարկվող արտաշիրիմման մեկ այլ պատճառ է եղել գենետիկական հետազոտության օգնությամբ Կաշվեգործի էթնիկ ծագումը որոշելու ցանկությունը, քանի որ նրա ֆրանսիական արմատներ ունենալու վարկածը որոշ հետազոտողների կողմից քննադատության էր ենթարկվել[19]։ Արտաշիրիմման ժամանակ չի հայտնաբերվել նրա աճյունի և ոչ մի հետք, միայն ընդամենը դագաղից մի քանի մեխ, որոնք, ի վերջո, նորից վերաթաղվել են նոր սոճու տուփի մեջ մի քանի բուռ հողով, որը վերցվել է նախկին գերեզմանից[20]։ Կոնեկտիկուտի համալսարանի հնագետ Նիկոլաս Բելլանտոնին, որը ղեկավարելէ գերեզմանի տեղափոխման աշխատանքները, ներկայացրել է աճյունի անհետացման տարբեր վարկածներ. «թաղումից հետո անցած ժամանակից, մակերեսային գերեզմանի վրա գետնի վրա ինտենսիվ շարժման մնացորդների հնարավոր ոչնչացում» և «ճանապարհի հարթեցման աշխատանքների ընթացքում աճյունի ոսկորների և փափուկ հյուսվածքների լիակատար ոչնչացում»[21]։ 2011 թվականի մայիսի 25-ին տեղադրված նոր գերեզմանաքարի վրա գամված է պղնձե ցուցանակ[22], որի վրա, ի տարբերություն նախկինի, գրված է միայն թափառաշրջիկի մականունը՝ «The Leatherman»[23]։
Կոնեկտիկուտ և Նյու Յորք նահանգներում Կաշվեգործի ճամփորդության երթուղով անց են կացնում գեոքեշինգի[24] և լեթթերբոքսինգի խաղեր[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 History of Redding
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Connecticut State Forests — Seedling Letterbox Series Clues for Mattatuck State Forest
- ↑ 3,0 3,1 Hudson Valley Ruins
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Samantha Hunt, Jules Bourglay, Notable Walker. McSweeney’s Internet Tendency, 11/2002
- ↑ «A Leather-Clad Hermit». The Burlington Free Press. 1870 թ․ ապրիլի 7.
- ↑ 6,0 6,1 6,2 NY Hudson Valley(չաշխատող հղում)
- ↑ Piece broadcast on (US) National Public Radio, in Connecticut, 19 Dec 2008
- ↑ 8,0 8,1 Canning, Jeff and Wally Buxton, History of the Tarrytowns, Harbor Hill Books 1975
- ↑ 9,0 9,1 Research by Dan W. DeLuca
- ↑ Mark Moran, Mark Sceurman Weird U.S.: Your Travel Guide to America's Local Legends and Best Kept Secrets. — New York — London: Sterling, 2005. — С. 149.
- ↑ DeLuca, Dan (2008). The Old Leather Man: Historical Accounts of a Connecticut and New York Legend. Middletown, CT: Wesleyan University Press. 978-0-8195-6862-5
- ↑ «The Old Leatherman of Connecticut» (անգլերեն). theairlandandsea.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ DeLuca, Dan (2008). The Old Leather Man: Historical Accounts of a Connecticut and New York Legend. Middletown, CT: Wesleyan University Press, pp. 107, 113. 978-0-8195-6862-5
- ↑ Diana Ross McCain New England Myths and Legends: The True Stories behind History's Mysteries. — Guilford, Connecticut: Globe Pequot[en], 2019. — С. 15.
- ↑ «Leatherman's Cave, Watertown, CT». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ LeMoult, Craig. «Search for Clues Only Deepens 'Leatherman' Mystery». Vermont Public Radio. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ DeLuca, Dan The Old Leather Man: Historical Accounts of a Connecticut and New York Legend. — Middletown, CT: Wesleyan University Press[en], 2008. — С. 113. — ISBN 978-0-8195-6862-5
- ↑ Dan Brechlin (2011 թ․ հունվարի 3). «Leather Man body may yield clues». The Record-Journal. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «At last, a proper 'burial' for the mysterious Leatherman, New York and Connecticut's celebrity tramp». Daily Mail. 2011 թ․ մայիսի 26. Վերցված է 2011 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «RANDALL BEACH: Leatherman's reburial inspires emotion, renewed interest» (անգլերեն). nhregister.com. 2011 թ․ մայիսի 26. Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ Jim Fitzgerald: «Wanderer From 1800S Gets More Peaceful NY Grave.», boston.com, 25 May 2011
- ↑ «Search For Clues Only Deepens 'Leatherman' Mystery». National Public Radio. 2011 թ․ մայիսի 26.
- ↑ «At last, a proper 'burial' for the mysterious Leatherman, New York and Connecticut's celebrity tramp». Daily Mail. 2011 թ․ մայիսի 26. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ Leatherman’s Circuit