Կամարային ավազան
![]() | |
![]() | |
![]() |
Կամարային ավազան (եբրայերեն՝ בריכת הקשתות), Իսրայելի Ռամլա քաղաքում 8-րդ դարի վերջում կառուցված ստորգետնյա ջրամբար։ Ճարտարապետական հուշարձանը Իսրայելի տարածքում հայտնաբերված Աբբասյանների դարաշրջանի միակ խոշոր շինությունն է։ Շինարարության մեջ սլաքաձև կամարի օգտագործման ամենահին օրինակներից մեկն է։ Ներկայումս համարվում է Ռամլա քաղաքի զբոսաշրջային տեսարժան վայրերից մեկը։ Կամարային ավազանը ռեստավրացիայի է ենթարկվել և բաց է այցելությունների համար։ Այցելուները կարող են իջնել ստորգետնյա ջրամբար և շրջել այնտեղ նավակներով[1]։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռամլա քաղաքի ստորգետնյա կամարային ավազանն ունի մի քանի անվանումներ[2]։ «Կամարային ավազան» անվանումը (ներկայումս հանրության կողմից ընդունված և գիտական գրականության մեջ կիրառվող) ստորգետնյա ջրամբարին տրվել է հնագետների կողմից, նրա եզակի կամարային հենածածկի պատճառով։ Ջրամբարի երկու տեղական արաբական անվանումները կարելի է թարգմանել որպես «Այծի ջրհոր» և «Անհավատի լոգարան»։ Քրիստոնեական ավանդության մեջ օգտագործվում է «Սուրբ Ելենայի ավազան» անվանումը, որը ծագել է խաչակիրների ժամանակներից։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շինարարության նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կամարային ավազանը կառուցվել է Աբբասյան խալիֆայության հինգերորդ խալիֆ Հարուն ալ-Ռաշիդի (763-809) օրոք, որը հայտնի է «Հազար ու մի գիշեր» հեքիաթից։ Շինարարությունն ավարտվել է 172 թվականին, ըստ իսլամական օրացույցի (մ.թ.ա. 789 թ.): Դեպի ներքև իջնող պատի վրա պահպանվել է մի արձանագրություն, որտեղ նշված է աշխատանքների ավարտի տարեթիվը[1][2]։ Կամարային ավազանը եղել է Ռամլայի ջրամատակարարման համակարգի բարդ տարրերից մեկը մեր թվարկության 8-10-րդ դարերում։ Ռամլա քաղաքը հիմնադրվել է 705-715 թվականներին, Սուլայման Աբդ-ալ Մալիկի կողմից, որպես Ջունդ Ֆիլիստանի մայրաքաղաք[3][4]։ Ռամլան ջրով ապահովելու համար փորվեցին ջրհորներ, կառուցվեց շուրջ 10 կմ երկարությամբ ջրանցույցներ, որոնք ջուրը տեղափոխում էին Թել Գեզեր բլրի աղբյուրներից, Սպիտակ մզկիթի մոտ գտնվող մի քանի ստորգետնյա ջրավազաններից և Կամարային ավազանից[5]։ Հին Ռամլայի ջրամատակարարման համակարգը, ներառյալ ջրանցույցը և Կամարային ավազանը, հնագետների կարծիքով գործել են մոտավորապես 150 տարի[5][6]։ Ջրանցույցը աստիճանաբար շարքից դուրս եկավ սպասարկման բացակայության և նորոգումների դադարեցման պատճառով և վերջնականապես ավերվեց 1033 և 1068 թվականների երկրաշարժերի հետևանքով։
Հնագիտական հետազոտություններ և վերականգնման աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կամարային ավազանի պեղումները կատարել է ֆրանսիացի հնագետ մարկիզ Դու Վոգը (De Vogüé)[7] 1862 թվականին։ Ստորգետնյա ջրամբարը լցվել էր ավազով և տիղմով, բայց կառույցը համարյա չէր տուժել ժամանակի և երկրաշարժի ազդեցությունից։ Դու Վոգը դեպի ավազան իջնող միջանցքի պատի վրա հայտնաբերել է արձանագրություն, որտեղ նշված է աշխատանքների ավարտման տարեթիվը։ Սակայն ամենահետաքրքիր գտածոն ավազանի տանիքը պահող սլաքաձև կամարներն էին[8]։ Այս գտածոյի շնորհիվ Դու Վոգը ապացուցեց, որ ճարտարապետության գոթական ոճը, որի հիմնական տարրը համարվում է սլաքաձև կամարները, ոչ թե առաջացել է Եվրոպայում, այլ փոխ է առնվել խաչակիրների կողմից մերձավոր արևելքի երկրների՝ Եգիպտոսի, Պարսկաստանի և Լևանտի ճարտարապետությունից։
1934-1937 թվականներին Բրիտանական Մանդատի Հնությունների վարչությունը հետազոտություն է անցկացնում Կամարային ավազանի վերականգնման և պահպանման ուղղությամբ[9]։ 1960 թվականին Ռամլայի քաղաքապետարանն ավազանը մաքրեց՝ այն դարձնելով զբոսաշրջային տեսարժան վայր, որտեղ շրջում էին թիանավակներով։ 2007 թվականին ավազանը փակվեց պատերից և առաստաղից խոշոր չափերի ծեփակտորներ պոկվելու պատճառով։ 2009 թվականին Իսրայելի Հնությունների վարչության կողմից կազմվեց ավազանի գործունեության դադարեցման նախագիծ[10] և սկսեցին իրականացնել հնագիտական պեղումներ[11]։ Աշխատանքներն ավարտելուց հետո Կամարային ավազանը նորից ապահովվեց թիանավակներով և բացվեց հանրության համար։
Կամարային ավազանի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կամարային ավազանը կառուցվել է մեծ փոսի մեջ։ Ավազանի մակերեսը կազմում է շուրջ 400 մ², միջին բարձրությունը 9 մետր, ծավալը՝ 5700 մ³: Ավազանի հանդիպակաց պատերը միմյանց զուգահեռ չեն։ Ավազանի պատերը և հատակը անջրաթափանց են։
Ավազանն ունի 16 ուղղանկյուն հատվածքի կողային և 15 խաչաձև հատվածքի կենտրոնական հենասյուներ։ Հենասյուները միանում են սլաքաձև կամարներով։ Կամարների վրա շարված են սլաքաձև պատուհաններով պատեր, որոնց վրա էլ հենվում է կամարակապ տանիքը։ Սկզբում տանիքը ուներ 6 աղեղակամարներ, որոնցից 5-ը պահպանվել են մինչև մեր օրերը։ Տանիքի աղեղակամարները գտնվում էին հողի շերտի տակ, որը մաքրվել է 1934-1937 թվականների վերականգնողական աշխատանքների ժամանակ։ Տանիքի կամարների վրա անցքեր են բացվել, որոնց վրա տեղադրվել են գլանաձև քարե խողովակներ։ Ավազանի պատերից մեկում, հատակից 7 մետր բարձրության վրա կա մի անցք, որտեղից էլ ավազանը ջուր է լցվում ջրանցույցի ջրանցքից։ Պատի արտաքին մասում, ջրի լցման անցքի դիմաց գտնվում է համեմատաբար փոքր չափի նախնական ավազան, որը հավանաբար նախատեսված է ջրի հետ եկող աղբի մաքրման և ջրի հոսքի արագության նվազեցման համար։
Ներկայումս ավազանը լցվում է ստորերկրյա ջրերով, պատերի և հատակի վրայի ճեղքերի միջոցով[2][10][11]։
Զբոսաշրջային տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավազանը բաց է երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի ուրբաթ և կիրակի օրերին, ժամը 8:00-ից մինչև 21:00, կիրակի օրերին` 8:00-ից մինչև 15:30։ Ավազանում խոշոր խմբերով էքսկուրսիաներ կազմակերպելու դեպքում խորհուրդ է տրվում այցելությունների ժամերը համաձայնեցնել նախապես։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 The Pool of Arches in Ramla (сайт муниципалитета Рамле и фонда образования, культуры и развития г. Рамла. (ивр., англ.))
- ↑ 2,0 2,1 2,2 Фиалковы А.и С., Арочный бассейн в городе Рамла.
- ↑ Shmueli, O., Goldfish, H. The Early Islamic City of Ramla, Material Evidence and Narrative Sources. Interdisciplinary Studies of the History of the Muslim Middle East. Edited by Daniella Talmon-Heller and Katia Cytryn-Silverman, Brill 2014. Pp. 267-300.
- ↑ Nimrod Luz, The Construction of an Islamic City in Palestine. The Case of Umayyad al-Ramla. Journal of the Royal Asiatic Society, Third Series, Vol. 7, No. 1 (Apr., 1997), pp. 27-54
- ↑ 5,0 5,1 Gorzalczany, A. and Amit, D. The Early Islamic Aqueducts to Ramla and Hebron. CURA AQUARUM IN ISRAEL II, Schriften der DWhG, Band 21, Siegburg 2014. Pp 71-80.
- ↑ Tsuk, T., Touring Israel’s Ancient Water Systems. CURA AQUARUM IN ISRAEL II, Schriften der DWhG, Band 21, Siegburg 2014, pp. 85-106.
- ↑ «Vogüé, [Charles-Jean-] Melchior». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ De Vogüé M. 1912. La Citerne De Ramleh, et le tracé des arcs brisés. Mémoires de L'académie des inscriptions et belles-lettres 39:163–180
- ↑ K.A.C. Creswell, Early Muslim Architecture, Oxford 1939, pp. 228–230
- ↑ 10,0 10,1 The Pool of the Arches. Documentation of the Pool’s Structure. Implemented by: Landscape Arch. Sivan Ornai. Conservation Department, IAA. 2009
- ↑ 11,0 11,1 Ron Toueg and Yael Datia Arnon, Ramla, the Pool of the Arches, final report. 2010, HA–ESI, vol. 122
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կամարային ավազան կատեգորիայում։ |