Jump to content

Կամարային ավազան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

Կամարային ավազան (եբրայերեն՝ בריכת הקשתות‎), Իսրայելի Ռամլա քաղաքում 8-րդ դարի վերջում կառուցված ստորգետնյա ջրամբար։ Ճարտարապետական հուշարձանը Իսրայելի տարածքում հայտնաբերված Աբբասյանների դարաշրջանի միակ խոշոր շինությունն է։ Շինարարության մեջ սլաքաձև կամարի օգտագործման ամենահին օրինակներից մեկն է։ Ներկայումս համարվում է Ռամլա քաղաքի զբոսաշրջային տեսարժան վայրերից մեկը։ Կամարային ավազանը ռեստավրացիայի է ենթարկվել և բաց է այցելությունների համար։ Այցելուները կարող են իջնել ստորգետնյա ջրամբար և շրջել այնտեղ նավակներով[1]։

Ռամլա քաղաքի ստորգետնյա կամարային ավազանն ունի մի քանի անվանումներ[2]։ «Կամարային ավազան» անվանումը (ներկայումս հանրության կողմից ընդունված և գիտական գրականության մեջ կիրառվող) ստորգետնյա ջրամբարին տրվել է հնագետների կողմից, նրա եզակի կամարային հենածածկի պատճառով։ Ջրամբարի երկու տեղական արաբական անվանումները կարելի է թարգմանել որպես «Այծի ջրհոր» և «Անհավատի լոգարան»։ Քրիստոնեական ավանդության մեջ օգտագործվում է «Սուրբ Ելենայի ավազան» անվանումը, որը ծագել է խաչակիրների ժամանակներից։

Շինարարության նախադրյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամարային ավազանը կառուցվել է Աբբասյան խալիֆայության հինգերորդ խալիֆ Հարուն ալ-Ռաշիդի (763-809) օրոք, որը հայտնի է «Հազար ու մի գիշեր» հեքիաթից։ Շինարարությունն ավարտվել է 172 թվականին, ըստ իսլամական օրացույցի (մ.թ.ա. 789 թ.): Դեպի ներքև իջնող պատի վրա պահպանվել է մի արձանագրություն, որտեղ նշված է աշխատանքների ավարտի տարեթիվը[1][2]։ Կամարային ավազանը եղել է Ռամլայի ջրամատակարարման համակարգի բարդ տարրերից մեկը մեր թվարկության 8-10-րդ դարերում։ Ռամլա քաղաքը հիմնադրվել է 705-715 թվականներին, Սուլայման Աբդ-ալ Մալիկի կողմից, որպես Ջունդ Ֆիլիստանի մայրաքաղաք[3][4]։ Ռամլան ջրով ապահովելու համար փորվեցին ջրհորներ, կառուցվեց շուրջ 10 կմ երկարությամբ ջրանցույցներ, որոնք ջուրը տեղափոխում էին Թել Գեզեր բլրի աղբյուրներից, Սպիտակ մզկիթի մոտ գտնվող մի քանի ստորգետնյա ջրավազաններից և Կամարային ավազանից[5]։ Հին Ռամլայի ջրամատակարարման համակարգը, ներառյալ ջրանցույցը և Կամարային ավազանը, հնագետների կարծիքով գործել են մոտավորապես 150 տարի[5][6]։ Ջրանցույցը աստիճանաբար շարքից դուրս եկավ սպասարկման բացակայության և նորոգումների դադարեցման պատճառով և վերջնականապես ավերվեց 1033 և 1068 թվականների երկրաշարժերի հետևանքով։

Հնագիտական հետազոտություններ և վերականգնման աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամարային ավազանի պեղումները կատարել է ֆրանսիացի հնագետ մարկիզ Դու Վոգը (De Vogüé)[7] 1862 թվականին։ Ստորգետնյա ջրամբարը լցվել էր ավազով և տիղմով, բայց կառույցը համարյա չէր տուժել ժամանակի և երկրաշարժի ազդեցությունից։ Դու Վոգը դեպի ավազան իջնող միջանցքի պատի վրա հայտնաբերել է արձանագրություն, որտեղ նշված է աշխատանքների ավարտման տարեթիվը։ Սակայն ամենահետաքրքիր գտածոն ավազանի տանիքը պահող սլաքաձև կամարներն էին[8]։ Այս գտածոյի շնորհիվ Դու Վոգը ապացուցեց, որ ճարտարապետության գոթական ոճը, որի հիմնական տարրը համարվում է սլաքաձև կամարները, ոչ թե առաջացել է Եվրոպայում, այլ փոխ է առնվել խաչակիրների կողմից մերձավոր արևելքի երկրների՝ Եգիպտոսի, Պարսկաստանի և Լևանտի ճարտարապետությունից։

1934-1937 թվականներին Բրիտանական Մանդատի Հնությունների վարչությունը հետազոտություն է անցկացնում Կամարային ավազանի վերականգնման և պահպանման ուղղությամբ[9]։ 1960 թվականին Ռամլայի քաղաքապետարանն ավազանը մաքրեց՝ այն դարձնելով զբոսաշրջային տեսարժան վայր, որտեղ շրջում էին թիանավակներով։ 2007 թվականին ավազանը փակվեց պատերից և առաստաղից խոշոր չափերի ծեփակտորներ պոկվելու պատճառով։ 2009 թվականին Իսրայելի Հնությունների վարչության կողմից կազմվեց ավազանի գործունեության դադարեցման նախագիծ[10] և սկսեցին իրականացնել հնագիտական պեղումներ[11]։ Աշխատանքներն ավարտելուց հետո Կամարային ավազանը նորից ապահովվեց թիանավակներով և բացվեց հանրության համար։

Կամարային ավազանի կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամարային ավազանը կառուցվել է մեծ փոսի մեջ։ Ավազանի մակերեսը կազմում է շուրջ 400 մ², միջին բարձրությունը 9 մետր, ծավալը՝ 5700 մ³: Ավազանի հանդիպակաց պատերը միմյանց զուգահեռ չեն։ Ավազանի պատերը և հատակը անջրաթափանց են։

Ավազանն ունի 16 ուղղանկյուն հատվածքի կողային և 15 խաչաձև հատվածքի կենտրոնական հենասյուներ։ Հենասյուները միանում են սլաքաձև կամարներով։ Կամարների վրա շարված են սլաքաձև պատուհաններով պատեր, որոնց վրա էլ հենվում է կամարակապ տանիքը։ Սկզբում տանիքը ուներ 6 աղեղակամարներ, որոնցից 5-ը պահպանվել են մինչև մեր օրերը։ Տանիքի աղեղակամարները գտնվում էին հողի շերտի տակ, որը մաքրվել է 1934-1937 թվականների վերականգնողական աշխատանքների ժամանակ։ Տանիքի կամարների վրա անցքեր են բացվել, որոնց վրա տեղադրվել են գլանաձև քարե խողովակներ։ Ավազանի պատերից մեկում, հատակից 7 մետր բարձրության վրա կա մի անցք, որտեղից էլ ավազանը ջուր է լցվում ջրանցույցի ջրանցքից։ Պատի արտաքին մասում, ջրի լցման անցքի դիմաց գտնվում է համեմատաբար փոքր չափի նախնական ավազան, որը հավանաբար նախատեսված է ջրի հետ եկող աղբի մաքրման և ջրի հոսքի արագության նվազեցման համար։

Ներկայումս ավազանը լցվում է ստորերկրյա ջրերով, պատերի և հատակի վրայի ճեղքերի միջոցով[2][10][11]։

Զբոսաշրջային տեղեկատվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավազանը բաց է երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի ուրբաթ և կիրակի օրերին, ժամը 8:00-ից մինչև 21:00, կիրակի օրերին` 8:00-ից մինչև 15:30։ Ավազանում խոշոր խմբերով էքսկուրսիաներ կազմակերպելու դեպքում խորհուրդ է տրվում այցելությունների ժամերը համաձայնեցնել նախապես։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 The Pool of Arches in Ramla (сайт муниципалитета Рамле и фонда образования, культуры и развития г. Рамла. (ивр., англ.))
  2. 2,0 2,1 2,2 Фиалковы А.и С., Арочный бассейн в городе Рамла.
  3. Shmueli, O., Goldfish, H. The Early Islamic City of Ramla, Material Evidence and Narrative Sources. Interdisciplinary Studies of the History of the Muslim Middle East. Edited by Daniella Talmon-Heller and Katia Cytryn-Silverman, Brill 2014. Pp. 267-300.
  4. Nimrod Luz, The Construction of an Islamic City in Palestine. The Case of Umayyad al-Ramla. Journal of the Royal Asiatic Society, Third Series, Vol. 7, No. 1 (Apr., 1997), pp. 27-54
  5. 5,0 5,1 Gorzalczany, A. and Amit, D. The Early Islamic Aqueducts to Ramla and Hebron. CURA AQUARUM IN ISRAEL II, Schriften der DWhG, Band 21, Siegburg 2014. Pp 71-80.
  6. Tsuk, T., Touring Israel’s Ancient Water Systems. CURA AQUARUM IN ISRAEL II, Schriften der DWhG, Band 21, Siegburg 2014, pp. 85-106.
  7. «Vogüé, [Charles-Jean-] Melchior». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  8. De Vogüé M. 1912. La Citerne De Ramleh, et le tracé des arcs brisés. Mémoires de L'académie des inscriptions et belles-lettres 39:163–180
  9. K.A.C. Creswell, Early Muslim Architecture, Oxford 1939, pp. 228–230
  10. 10,0 10,1 The Pool of the Arches. Documentation of the Pool’s Structure. Implemented by: Landscape Arch. Sivan Ornai. Conservation Department, IAA. 2009
  11. 11,0 11,1 Ron Toueg and Yael Datia Arnon, Ramla, the Pool of the Arches, final report. 2010, HA–ESI, vol. 122