Ծառի վերատնկում
Ծառի վերատնկում, ագրոտեխնիկական միջոցառում պտղաբուծության և դեկորատիվ այգեգործության մեջ։ Զբոսայգիներ, այգիներ, պուրակներ ստեղծելու նպատակով կարճ ժամկետում ծառերը տեղափոխում են մի տեղից մյուսը։ Կատարվում է վաղ գարնանը կամ ուշ աշնանը (երբեմն՝ ձմռանը)՝ -5 °C-ից ոչ ցածր ջերմաստիճանի դեպքում։
Ծառերը վերատնկում են հողազանգվածով կամ առանց դրա (սովորաբար 4-5 տարեկան)։ Հողազանգվածի բարձրությունը 60-80 մմ-ից պակաս չպետք է լինի, որպեսզի չվնասի հորիզոնական Կմախքային արմատների հիմնական մասը։ Ծառերի վերատնկման համար նախօրոք պատրաստում են փոսեր, որոնց տրամագիծը 50-60 սմ-ով ավելի պետք է լինի հողազանգվածի տրամագծից։ Ծառերի վերատնկումից հետո փոսը լցնում են հողով և առատորեն ջրում։ Ծառն ամրացնում են լարերով, ծառաբունը ծածկում մամուռով կամ հաստ կտորով, որոնք ամռանը հաճախակի խոնավացնում են։ Վերատնկված ծառերը երբեմն էտում են, ամռանը խնամում են, աշնանը՝ մերձբնային բաժակները փխրեցնում, ծածկում տորֆով, գոմաղբով։ Հատապտուղների թփերը վերատնկում են աշնանը, քանի որ գարնանը վեգետացիան շատ վաղ է սկսվում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 117)։ |