Jump to content

Ծաղիկներ և թռչուններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սյու Սի. Թիթեռ և գլիցինիա

Ծաղիկներ և թռչուններ (խուանյաո, չինարեն՝ 花鳥畫), չինական գեղանկարչության ժանր, որի հիմնական առարկան բույսերն են, թռչունները, կենդանիները կամ միջատները[1]։ Այս ժանրը Միջին դարերում մեծ ազդեցություն է ունեցել չինական ողջ կիրառական արվեստի վրա[2]։ Ինչպես չինական այլ ժանրերի ստեղծագործությունները` խուանյաոն ևս պարունակում է իր ժամանակի կրթված չինացիներին հասանելի բանաստեղծական ակնարկներ[3]։ Նկարիչները սովորաբար այս ժանրի նկարները նկարել են ուղղահայաց կամ հորիզոնական թգլանների վրա, հանդիպում են նաև հովհարների, ալբոմների թերթերի և փոստային թղթերի վրա[4]։

Չինական ողջ գեղանկարչությունը ծագում է բնության հանդեպ պաշտամունքից, ինչպես նաև` բնությունը հասկանալ, նկարագրել և դասակարգել փորձող փիլիսոփայական ուղղություններից` դաոսականությունից, կոնֆուցիականությունից և բուդդայականությունից[5]։ Որպես առանձին ժանր բնանկարը ձևավորվել է 3-րդ և 6-րդ դարերի միջև[6]։

Խուանյաոն ծագել է կիրառական արվեստի չինական այլ հիմնական տեսակներից ուշ, չնայած թռչունների պատկերումը հանդիպում է չինական ամենավաղ շրջանից պահպանված նկարներում[2]։ Բուսականությունը կերպարվեստում հանդիպում է ավելի վաղ` Հան դինաստիայի ժամանակաշրջանի վերջում, սակայն դրանք ակնհայտորեն փոխառված էին Արևմուտքից և բավականին դանդաղ են տարածվել[2]։ Աստիճանաբար ծաղիկների պատկերումը մոտեցել է չինական իրական ֆլորային, և չինական բանաստեղծական ավանդույթի ազդեցությամբ նկարիչներն սկսել են փոխանցել կերպարներն ու տրամադրությունը ծաղիկների ու թռչունների միջոցով[2]։ Այսպես, Ալկիոն խորհրդանշել է բարեկեցություն, իսկ սոճին` առանձնացում[7]։

Հայտնի են Սույ դինաստիայի կառավարման շրջանի բազմաթիվ չպահպանված պատկերներ` «Աղավնին ու տանձը», «Ձկնկուլն ու լոտոսի ծաղիկներով լիճը», որոնք պատկանել են այս ժանրին[2]։ Թռչունների պատկերմամբ հայտնի դարձած առաջին նկարիչը դարձել է Սյուե Ցզին, որն ապրել է 8-րդ դարում[2]։ Խուանյո ժանրի շատ առաջամարտիկներ ապրել են Չինաստանի հարավում, ներկայիս Սիչուան նահանգի տարածքում[8]։

Ծաղկում. 10-17-րդ դարեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեն Տունի բամբուկը

Խուանյաոյի ամենամեծ տարածումը եղել է հինգ դինաստիաների ժամանակաշրջանում (10-րդ դարի առաջին կես)[9]։ Նկարիչներ Խուան Ցյուանը և Սյույ Սին, որոնք ստեղծագործել են 10-րդ դարում, համարվում են «ծաղիկներ և թռչուններ» ժանրի հիմնադիրներն ու չգերազանցված վարպետները։ Նրանք սահմանել են ժանրի երկու հիմնական ոճաբանական տարբերությունները. սեշեն` մաքուր տոներով և բարակ գծերով պատկերում` բոլոր բնութագրական առանձնահատկությունների մանրակրկիտ ազդեցությամբ և սեի` պատկերում սևաներկի ողողմամբ, երբ օբյեկտը մարմնավորվում է իր ամբողջականությամբ` մեկ բնութագրիչի պատկերման շնորհիվ[7][10][11]։ Սեին տարածվել է Սյույ Վեյի և Չեն Դաոֆուի ունեցած գեղագիտական հաջողության շնորհիվ[12]։

Այս ժամանակաշրջանի վարպետներից է նաև Չժաո Չանը, որն աշխատել է Սիչուանիում[13]։ Ընդհանուր առմամբ համարվում էր, որ հաջողված խուանյաոն արտահայտում է նույնքան շատ բան, որքան մեծ բնանկարը, սակայն դա անում է սահմանափակ քանակությամբ տարրերի միջոցով[8]։ Նկարիչները ձգտել են հասկանալ բնությունը[14]։ Բանաստեղծ և կալիգրաֆ Սիկուն Տուն գրել է. «Բնությունը համր է, մահացած ուրիշների համար և պերճախոս` կատարյալ բանաստեղծի համար»[14]։

Այս ժանրի տարածմանն, ի թիվս այլ գործոնների, նպաստել է նեոկոնֆուցիականության աճը, որի բովանդակությունն ու բնույթը համընկել են «ծաղիկների ու թռչունների» հետ, ինչպես նաև` այն փաստը, որ մտավորականներն իրենց ավանդաբար կապել են «գիտնական» թռչունների, այլ ոչ թե` «ուժեղ» գազանների հետ[2][7]։ Նեոկոնֆուցիական «լի» տերմինը, որը նշանակում է առաջնային սկզբունք, իրերի էություն, չափազանց կարևոր է դարձել խուանյաո ժանրի համար[15]։

Սունի ժամանակաշրջանում (10-13-րդ դարեր) բնանկարը և հատկապես խուանյաոն մեծապես գնահատվում են, ուժեղանում է գրականության ազդեցությունը դրանց վրա[16]։ Մեծ տարածում են գտնում խոլորձի մոնոքրոմ պատկերները[17]։ Խուանյաոն դեռ երկար ժամանակ պահանջված է մնում. Մինի դարաշրջանում (14-17-րդ դարեր) այն շարունակել է մնալ ամենասիրելի ժանրերից մեկը։ Այդ ընթացքում Չինաստանում ավելացել է նկարիչների ու դպրոցների թիվը[18]։ Սեշեն և սեի ուղղությունները վերջնականապես տարանջատվում են, նրանց միջև տարբերությունները պահպանվել են նաև 20-րդ դարում[19]։ Սունի դինաստիայի սեի ուղղության ներկայացուցիչներից էր Ցույ Բոն[19]։ Ավելի ուշ շրջանի նկարիչներից Վան Շենը նկարել է ինչպես բամբուկ և պարզ մոնոքրոմ բնանկարներ, այնպես էլ` մոնումենտալ բնապատկերներ[20]։

Սունի դարաշրջանի նկարիչներին գրավում էին խոշոր չափերը, նրանք հորիզոնական գլանների վրա նկարում էին հսկայական ստեղծագործություններ, սակայն շատ բնանկարիչներ դիմում էին նաև «փոքր չափերի»` խուանյաոյին[21]։ Այսպես, Մա Յուանն ու Սի Գույը, որոնք աշխատում էին տարբեր ձևաչափերով. իրենց նկարներում ընդհանրացրել են բնության հանդեպ ուշադիր դիտարկումները, որոնք արել էին նրանց նախորդները[22]։

Սկսած 13-րդ դարից` բնանկարների վրա նորաձև է դառնում գրել բանաստեղծություններ, երբեմն դա դարձել է քաղաքական բողոքի կամ նկարչի գաղափարների արտահայտման ձև[23]։ Յուանյան հեղինակները երբեմն միտումնավոր բարդացրել են ստեղծագործությունների տեսքը` հասցեագրելով այն նեղ խմբի[24]։ Խուանյաոյին դիմած յուանյան մեծագույն բնանկարիչներից են եղել Չժաո Մէնֆուն, Լի Կանը, Նի Ցզանը և Գու Անը[24]։

Ցյան Սյուանի քաղաքական նկարը, որը պատկերում է մոնղոլ զավթիչներին ճպուռների տեսքով

Նոր ժամանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցի Բայշի, 20-րդ դար

Ցինի ժամանակաշրջանը (17-19-րդ դար) դարձել է այն ժամանակաշրջանը, երբ չինական գեղանկարչության տեսաբանների ուշադրությունը հրավիրվել է բնանկարի ճշգրիտ տարրերի ռեալիստական պատկերների համադրության ու տեխնիկայի վրա[25]։ Չնայած դրան, եթե նկարչի աշխատանքներում ներշնչանք չկար, այլ միայն տեխնիկական կատարելություն, ապա նրան համարում էին «նէն» կատեգորիայի վարպետ, որն ամենացածրն էր առկա չորս կատեգորիաներից[26]։ Խուանյաոյում այդ ժամանակ գերակշռւմ էր բնականից նկարելու սկզբունքը[27]։

17-րդ դարում Չինաստանի հարավում ապրած Յուն Շոուպինը թողել է մեյհուի ու լոտոսների բազմաթիվ նկարներ, նա բազմիցս անդրադարձել է միևնույն սյուժեներին` ներկայացնելով դրանք և ձգտելով փոխանցել բնության գեղեցկությունը տեսնելու տարբեր ձևերը[28]։ Չժու Դան սկսել է նորացնել հնացված կերպարները` դրանց մեջ ներդնելով կոմպոզիցիոն նոր մեթոդներ և անգամ` գրոտեսկի տարր. նվազագույն միջոցներով նա ստեղծել է զգայուն խորհրդավորության զգացողություն[29]։ 18-րդ դարում գործող «Ութ տարօրինակներ Յանչժոուից» միավորումը նոր ուղղություն է առաջ բերել գեղանկարչության մեջ[30]։

19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզնիվ «ծաղիկներ և թռչուններ» ժանրը դարձել է պահպանողականների հանգրվանը, որոնք չէին ուզում հրաժարվել կանոններից[31]։ Նոր երևույթներ են ի հայտ եկել Շեն Շիցզենի, Ու Չանշոյի, Ժեն Բոյանի գործերում[31]։ Չեն Շինզցենի վառ նկարները թարմ տպավորություն են թողնում, քանի որ միջնադարում նկարվում էին տաք գույներով[31]։ Այս նոր նկարիչները կիրառել են եվրոպական գծային հեռանկարն ու ընդլայնել պատկերվող առարկաների շրջանակը. ավելի ուշ շրջանի հեղինակների մոտ նրանց ազդեցությունն առավել զգալի է[32]։

Ժանրի` 20-րդ դարում ապրող մեծագույն վարպետներից էր Ցի Բայշին[7]։

Խոլորձները ր քարը. Մա Շոուչժեն

Չինական գեղանկարչությունը խորը խորհրդապաշտություն ունի, ընդունված սիմվոլիզմն օգտագործվում է նաև «ծաղիկներ և թռչուններ» ժանրում. վարդակակաչը նշանակում է հայտնիություն և հարստություն, լոտոսը` հոգևոր մաքրություն, որը թույլ է տալիս անցնել գայթակղությունների միջով, բամբուկի, սոճու և սալորենու համադրւթյունը խորհրդանշում է ամուր ընկերություն[33]։ Չինացի գեղանկարիչների ստեղծագործական մեթոդը պահանջում էր պատկերվող առարկաների դետալների մանրամասն ուսումնասիրություն` այն թղթի վրա հնարավորինս ճշգրիտ պատկերելու համար[4]։

«Ծաղիկներ և թռչուններ» ժանրի ամենասիրելի մոտիվներից մեկը տարվա չորս եղանակների պատկերումն էր ձմեռային արևադարձին և առհասարակ ձմեռային բնապատկերները[34]։

10-րդ դարում հայտնվել է մեծ տարածում գտած «չորս ազնվացեղ ծաղիկների» ենթաժանրը, որը պատկերում էր խոլորձ, մեյհուա տեսակի վայրի սալորը, հնդկեղեգը և քրիզանթեմը[35]։ Խոլորձը համարվում էր թաքնված ազնվականության, պարզության ու մաքրության խորհրդանիշ[35]։ Խոլորձի պատկերմամբ հայտնի էին 13-րդ դարի նկարիչներ Շեն Մաոն և Չժաո Մէնֆուն, ինչպես նաև` Մին դինաստիայի ժամանակշրջանի ուրախ նկարչուհի Մա Շոուչժենը. նրանք բոլորը, սակայն, ծաղիկը տարբեր կերպ էին պատկերում[36]։ Վայրի սալորը «ծաղիկներ և թռչուններ» ժանրում ունեցել է կոսմոգոնիկ առաքելություն, իսկ բամբուկը կրել է դաոսականության և չան-բուդդիզմի կոնֆուցիականության գեղագիտական սկզբունքներն ու փիլիսոփայությունը[36]։

Անկոտրումության և մաքուր ազնվականության խորհրդանիշ է դարձել ծաղկող սալորենին։ Նկարիչները և բանաստեղծները հիացել են դրա` անգամ սառնամանիքին կենդանի մնալու կարողությամբ. սալրենու մասին ասել են, որ այն պետք է իր մեջ համադրի բամբուկի մաքրությունն ու սոճու դիմացկունությունը[37]։

Քրիզանթեմները եղել են վերամբարձ միայնության խորհրդանիշը. չինական արվեստում դրանք բանաստեղծների սիրելի սյուժեներից են, Տաո Յուանմինը մի շարք բանաստեղծություններ է նվիրել քրիզանթեմներին[38]։

«10 քրիզանթեմ», հատված, Չժաո Մենֆու

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Виноградова, 1987, էջ 15
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Сычев, 1983
  3. Виноградова, 1987, էջ 6
  4. 4,0 4,1 Виноградова, 1987, էջ 16
  5. Виноградова, 1987, էջ 23, 28
  6. Виноградова, 1987, էջ 35
  7. 7,0 7,1 7,2 7,3 Завадская, 1983
  8. 8,0 8,1 Виноградова, 1987, էջ 65
  9. Завадская, 1975, էջ 98
  10. Завадская, 1975, էջ 99
  11. Завадская, 1975, էջ 263
  12. Ци, 2007
  13. Виноградова, 1987, էջ 69
  14. 14,0 14,1 Виноградова, 1987, էջ 66
  15. Завадская, 1975, էջ 104—106
  16. Завадская, 1975, էջ 108
  17. Завадская, 1975, էջ 109
  18. Завадская, 1975, էջ 128
  19. 19,0 19,1 Виноградова, 1987, էջ 92
  20. Виноградова, 1987, էջ 94
  21. Виноградова, 1987, էջ 95, 102
  22. Виноградова, 1987, էջ 105
  23. Виноградова, 1987, էջ 122
  24. 24,0 24,1 Виноградова, 1987, էջ 124
  25. Завадская, 1975, էջ 140
  26. Завадская, 1975, էջ 191
  27. Завадская, 1975, էջ 141
  28. Виноградова, 1987, էջ 141
  29. Виноградова, 1987, էջ 142—144
  30. Виноградова, 1987, էջ 148
  31. 31,0 31,1 31,2 Виноградова, 1987, էջ 149
  32. Виноградова, 1987, էջ 151
  33. Виноградова, 1987, էջ 8
  34. Завадская, 1975, էջ 165
  35. 35,0 35,1 Завадская, 1975, էջ 254
  36. 36,0 36,1 Завадская, 1975, էջ 255
  37. Завадская, 1975, էջ 260
  38. Завадская, 1975, էջ 261—262

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծաղիկներ և թռչուններ» հոդվածին։