Jump to content

Խոջալուի ազատագրում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խոջալուի ազատագրում (1992). ռազմական գործողություն՝ Ստեփանակերտի օդանավակայանը (գտնվում էր Խոջալու գյուղի մոտ՝ Ստեփանակերտից 7 կմ հեռավորության վրա) ապաշրջափակելու և Խոջալուում հակառակորդի կրակակետերը վնասազերծելու նպատակով։

Ռազմական գործողություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղի է ունեցել 1992փետրվարի 25-26ին։ 1991-ի գարնանից ԼՂՀ բնակավայրերը Խոջալուից պարբերաբար ենթարկվել են ադրբեջանական ՄՀՆՋ-ականների հարձակումներին և «Ալազան», «Կրիստալ» ու ՄՄ-21 «Գոսդ» համազարկային ռեակտիվ կայանքներից հրթիռակոծության։ Այդ ընթացքում պատանդվել է 700 հայ խաղաղ բնակիչ, ոչնչացվել հարյուրավոր հեկտար հացահատիկային ցանքսեր, բնակավայրերի մեծ մասը զրկվել է էլեկտրամատակարարումից և ջրամատակարարումից։ Շարունակվող պաշարման, գնդակոծության, մեծ թվով փախստականների առկայության, վառելանյութի բացակայության, արդյունաբերական, այդ թվում՝ սննդի վերամշակող ձեռնարկությունների հարկադրական պարապուրդի, միջշրջանային ճանապարհների շրջափակման և այլ պատճառներով ԼՂՀ-ում և հատկապես Ատեփանակերտում վիճակը գնալով ծանրացել է, մթերքն ու վառելանյութը սպառվել։ Հունվար-փետրվարին հացի ամսական չափաբաժինը չի գերազանցել 400 գրամը և ամսվա վերջին սկսվել է սովը, իսկ որոշ բնակավայրերում բռնկվել են վարակիչ հիվանդություններ։ Բնակչությանը սովից փրկելը, բժշկական օգնություն ցույց տալը, միակ օդանավակայանն ապաշրջափակելը և Խոջալուի կրակակետերի վնասազերծումը դարձել էր կենսական անհրաժեշտություն։

Թուրք մեսխեթցիների վերաբնակեցումը Խոջալուում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արկադի Տեր-Թադևոսյան

Մինչ այդ Ադրբեջանի ժողովրդական ճակատի ջանքերով Խոջալու էին տեղավախվել ռուս և ՄՀՆՋ զինված ստորաբաժանումների մարտիկներ, կազմակերպել այնտեղ Ուզբեկստանից բռնագաղթած թուրք մեսխեթցիների վերաբնակեցում, և բնակչությունը 1989-ի 2135 մարդուց 1991-ին հասցվել էր 6000-ի։ Խոջալուի ազատագրման և օդանավակայանի ապաշրջափակման ռազմական գործողությունը (հրամանատար՝ Արկադի Տեր-Թադևոսյան) սկսվել է 1992-ի փետրվարի 25-ի ժամը 23 անց 30 րոպեին և ավարտվել փետրվարի 26-ի ժամը 3-ին։ Խոջալուն գրոհող ԼՂՀ ԻՊՈՒ ստորաբաժանումները միջանցք էին թողել գյուղի խաղաղ բնակչությանը՝ ռազմական գործողությունների գոտուց անվտանգ հեռանալու համար, որի մասին ադրբեջանական կողմը նախօրոք տեղեկացված էր։ Սակայն վերջինս ոչինչ չէր ձեռնարկել խաղաղ բնակչությանը ռազմական գործողությունների գոտուց դուրս բերելու համար։

Ազատված պատանդներն ու ռազմավարը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոջալուի ռազմական գործողությունից հետո ԼՂՀ ԻՊՈՒ պատանդությունից ազատել են 13 հայ, այդ թվում՝ 1 երեխա և 6 կին, ռազմավար վերցրել 2 ՄՄ-21 «Գրադ» համազարկային ռեակտիվ, 4 «Ալազան» կայանք, մեկ 100 միլիմետրանոց հրանոթ ե 3 միավոր զրահատեխնիկա։

Մարդկային կորուստներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԼՂՀ «Արցախ» փրկարարական ծառայությունը Խոջալուում և շրջակայքում հայտնաբերել է ադրբեջանցի 11 խաղաղ բնակիչների դիակներ։ Խոջալուի հարյուրավոր խաղաղ բնակիչներ զոհվել էին գյուղից 10-11 կմ հեռու՝ Աղդամի մատույցներում, որտեղ տեղակայված էր ԱՀ ԶՈՒ տարածքային հենակետային ստորաբաժանումը։

Ադրբեջանական կողմի վերաբերմունքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը փորձում է հայերին մեղադրել Խոջալուի խաղաղ բնակչության կոտորածի մեջ, սակայն անգամ ԱՀ նախագահ Ա. Մութալիբովը 1992-ի մարտին խոստովանել է, թե «միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերը, այնուամենայնիվ, թողել էին», իսկ «Աղդամի մոտ այդ ժամանակ բավարար ուժեր կային մարդկանց օգնության հասնելու համար»։ Խոջալուի այն բնակիչները, ովքեր այս կամ այն պատճառով չէին հեռացել գյուղից, իրենց ցանկությամբ, առանց որևէ նախապայմանի հանձնվել են հայկական կողմին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։